Կրակողն Արայիկն է
Ֆուչիկի փողոցի խաչմերուկում գտնվող «Դիաբլո» գիշերային ակումբի տարածքում օրերս կրակոցներ էին հնչել: Ավտոկայանատեղում անկանոն կրակ էին արձակել, ինչի հետեւանքով վնասվել էր 1988 թ. ծնված Աշոտ Չ.-ին պատկանող «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան: Իսկ դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել էին «Կալաշնիկով» ինքնաձիգի 27 եւ «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ:
Օգոստոսի 25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներից մեկին էր զանգահարել 1975 թ. ծնված Արայիկ Մ.-ն ու հայտնել, որ իր կողմից պահվող ինքնաձիգը, որից արձակվել էին կրակոցները, գտնվում է Հալաբյան փողոցի թիվ 28 շենքի բակում, երկաթյա չգործող կրպակում: Նշված վայրից մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել էր ինքնաձիգ` առանց փամփուշտների պահունակով:
«Պարզվել է, որ օգոստոսի 25-ին` ժամը 2:30-ին, դեռեւս չպարզված ատրճանակից ու նշված ինքնաձիգից կրակոցներն արձակել է Արայիկ Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան, Աշոտ Չ.-ին եւ հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել