
Արշիլ Գորկու թանգարանի մասին «Հետքի» անդրադարձից հետո տեղեկություններ են ստացվել, որ թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանը բոլորին ի հայտ Ֆրանսիայի մի քանի խոշոր աճուրդատներում գնում է հայ նկարիչների գործեր, ինչը, սկզբում կարծել են, թե նորաստեղծ թանգարանի համար է գնվում: «Հետքի» հետ զրույցում Շահեն Խաչատրյանը ասաց. «Ոչ թե գնվել են, այլ այդ աճուրդի տերը` Մուշեղ Չալոյանը, որ այս օրերին գտնվում է Երեւանում, իմ խնդրանքով այդ գործերից երեքը նվիրել է»:
«Հետքի» աղբյուրները փոխանցել էին նաեւ, որ սփյուռքում տեղեկություններ են շրջանառվում, որ այդ գործերը ոչ թե Արշիլ Գորկու թանգարանի համար են, այլ Հայ Առաքելական Եկեղեցու հարկի ներքո իրականում ձեւավորվում է Սփյուռքահայ արվեստագետների թանգարան: «Հետքի» այն հարցին, թե կա արդյո՞ք սփյուռքահայ արվեստագետների թանգարան ստեղծելու մտադրություն, Շահեն Խաչատրյանը պատասխանեց. «40-50 տարի առաջ այդպիսի բան մտածեցին, չեղավ, չեմ էլ կարծում, որ կլինի: Ստից խոսակցություններ են: Էդ հարցերից պետք է շատ զգույշ լինել»: Շահեն Խաչատրյանը մեր հարցերին խոստացավ պատասխանել երկու օրից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել