HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

4 տոկոս տնտեսական ա՞ճ

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ հանդիպման արձանագրությունները: Կառավարության ղեկավարը հոգաբարձուների խորհրդի անդամներին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման միտումները: Խոսելով տնտեսությունում անցած 7 ամիսների ընթացքում արձանագրված 4 տոկոս տնտեսական աճի մասին՝ վարչապետը նշել է, որ աճի ցուցանիշների վրա ազդեցություն է ունեցել գյուղատնտեսության ոլորտում արձանագրված զգալի անկումը, ինչի բացառությամբ վերականգնվում են ՀՀ տնտեսության մյուս ոլորտները: Արդյունաբերությունում գրանցվել է 11.4 տոկոս աճ: Շուրջ 20 տոկոսանոց աճի ցուցանիշ են արձանագրել հանքարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը, մետաղագործությունն, ակնագործությունն ու ոսկերչությունը, հաստոցաշինությունը, սարքաշինությունն ու քիմիան: Ծառայությունների ոլորտում նույնպես կա 6.1 տոկոս աճ: Ըստ Կառավարության ղեկավարի` այդ ամենը նշանակում է, որ «մեր համախառն ներքին արդյունքի կառուցվածքում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ: ՀՆԱ-ում ավելանում է ծառայությունների և արդյունաբերության տեսակարար կշիռը: Ինչ-որ առումով սա դրական ազդեցություն է թողնում հարկահավաքման վրա: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած բարելավվել է»: Տնտեսությունում նկատվում է գործազրկության նվազում, իսկ աշխատավարձի աճի միտումները պահպանվում են թե մասնավոր և թե պետական հատվածներում: Տիգրան Սարգսյանը ներկայացրել է 2010 թվականի առաջին յոթ ամիսների հարկային, մաքսային և սոցիալական մուտքերի ցուցանիշները` փաստելով, որ դրանք գերազանցում են բյուջեով նախատեսվածն, ինչի արդյունքում հնարավոր կլինի պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նվազեցնել բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ: Տնտեսության համար լուրջ մարտահրավեր է մնում գնաճը: Ամփոփելով խոսքը՝ վարչապետը պատասխանել է հոգաբաձուների խորհրդի անդամների հարցերին, որից հետո ՀԱՄՀ անդամներին են ներկայացվել համաշխարհային տնտեսությունում նկատվող միտումները: ՀԱՄՀ 17-րդ նիստի օրակարգում ընդգրկված են Զբոսաշրջության հարավային առանցքի հատակագծի ծրագրային առաջարկը և կրթության ոլորտի հանձնաժողովի կողմից մշակված նախագիծը: Օրակարգում է նաև մրցունակության հիմնադրամի զեկույցը ընթացիկ ծրագրերի մասին, մասնավորապես`«Տաթևի վերածնունդ» ծրագրին վերաբերող հարցերը: Քննարկման կդրվի ազգային մրցունակության խթանմանն ուղղված ապագա ուղղությունների լայնամասշտաբ հետազոտության առաջարկը: Խորհուրդը կքննարկի մի շարք կազմակերպչական հարցեր, կհաստատվի հաջորդ նիստի անցկացման վայրը և ժամանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter