
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների տեղական շուկան աշխուժացնելու նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Digitec տեխնոլոգիաների ցուցահանդեսից հետո այս տարվա նոյեմբերի վերջից նախատեսում է իրականացնել նոր ձեւաչափով ամենամյա հանդիպումներ: Հանդիպումների ժամանակ միությունը փորձելու է ստեղծել մի կողմից` շինարարական, դեղագործական եւ բժշկական ընկերությունների, իսկ մյուս կողմից` դրանց համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ՏՏ ընկերությունների համագործակցություն:
Ըստ միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի` այս ֆորմատով հանդիպումների նպատակն է աշխուժացնել ՏՏ տեղական շուկան: «Հետքի» հետ զրույցում Կարեն Վարդանյանը խոսել է նման հանդիպումների կարեւորության մասին` ներկայացնելով նաեւ շուկայում առկա բիզնեսի հայկական երեւույթից մի դրվագ. «Հիմնական խնդիրն այն է, որ ամբիցիաները շատ փոքր են Հայաստանում, այդ թվում` բիզնես ոլորտում: Այսինքն` ընկերությունները, որոնք ուզում են լինել լավագույնը, քիչ են, իսկ սովորաբար հենց այդպիսի ընկերություններն են կիրառում տեխնոլոգիաներ: Հետո` Հայաստանում, օրինակ, ընկերությունը չի ուզում առաջինը լինել, ադմինիստրատիվ այլ այլ ձեւով իր բիզնեսն ապահովում է, եւ իրեն պետք չէ տեխնոլոգիաներ կիրառել: Ինքը եթե ուզում է պահեստի եղածը հաշվի, կանչում է պահեստապետին, մի հատ հայհոյանք է տալիս, ասում` ծնողդ կլացացնեմ, եթե թվերը իրար հետ չբռնեն, պահեստի աշխատողն էլ վախենալով գնում աշխատում է: Եթե աշխատում է այդ հայհոյանքը, եւ մարդը չի հակադարձում, ուրեմն նրան տեխնոլոգիաներ պետք չեն»:
Ի դեպ, նման հանդիպումներ կկազմակերպեն յուրաքանչյուր ամիս` ամեն անգամ ընտրելով առանձին ոլորտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել