Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքները Հայաստանի տնտեսության վրա
PFA-ի արտահերթ զեկույց
Համառոտ բովանդակություն
Սպասվում է, որ ընթացիկ ֆինանսական ճգնաժամը խորը և տևական ազդեցություն է թողնելու աշխարհի բազմաթիվ տնտեսությունների վրա: Ամենայն հավանականությամբ, նրա ազդեցությունները դրսևորվելու են նաև այնպիսի ծայրամասային (պերիֆերիկ) տնտեսության վրա, ինչպիսին Հայաստանի տնտեսությունն է:
Թեպետ ճգնաժամի պատճառների և հետևանքների բացահայտման նպատակով իրականացվող ուսումնասիրությունները դեռևս ավարտված չեն, տնտեսագետների համաշխարհային հանրությունն ընդունում է, որ տեղի է ունենում լուրջ ճգնաժամ: Խոշոր տնտեսություններ ունեցող մի շարք երկրներ արդեն կանգնել են խնդիրների առջև և օժանդակությու ստանալու նպատակով դիմել Արժույթի Միջազգային Հիմնադրամին:
Ենթադրվում է, որ Հայաստանի տնտեսությունը ևս ենթարկվելու է զգալի ազդեցությունների: Զարգացող շուկաներում տեղի ունեցող վերջին իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ ճգնաժամի պատճառով տնտեսական իրավիճակի վատթարացումը լինելու է խիստ կտրուկ՝ առանց որևէ նախանշանների դրսևորման: Ուստի և, զեկույցն անդրադառնում է այն հիմնական ուղիներին, որոնց միջոցով, ամենայն հավանականությամբ, գլոբալ անբարենպաստ պայմանները փոխանցվելու են Հայաստանի տնտեսությանը՝ առաջարկելով ՀՀ տնտեսության վրա գլոբալ ճգնաժամի ազդեցության մեղմացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք ներկայացված են ստորև:
Առաջակություններ
Կարողությունների ապահովման ոլորտ
- ՀՀ վարչապետի ուղղակի ենթակայության ներքո ստեղծել ճգնաժամի կասեցման բարձր մակարդակի աշխատանքային խումբ: Այն պետք է կազմված լինի ճգնաժամային իրավիճակներում հայտնված երկրներում աշխատանքի փորձ ունեցող տնտեսագետներից և ֆինանսիստներից և ընդգրկի սփյուռքահայ և արտասահմանցի մասնագետների:
Ֆիսկալ քաղաքականության ոլորտ
- ճգնաժամի նշանների դրսևորումների ուժգնացմանը զուգահեռ, վերանայել ընթացիկ բյուջեն և կրճատել երկրորդական նշանակություն ունեցող հոդվածների ծախսերը (բացառությամբ սոցիալական ծախսերի) և պետական գնումների առկա ձևերի հետ առնչվող կորուստը: Այս ճանապարհով ստեղծված օժանդակ միջոցները, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացված ֆինանսական հատկացումները պետք է կազմեն արտահանման և սոցիալական օժանդակության ֆիսկալ խթանման փաթեթի մասը:
- Ավանդական հարկային բազայի հնարավոր կրճատումները կանխելու նպատակով ընդլայնել հարկման բազան՝ երաշխավորելով, որ արտոնություններ ունեցող որևէ խոշոր ընկերություն հարկային իշխանությունների հսկողությունից դուրս չի գտնվում:
- Ստեղծել երաշխիքային հիմնադրամ (Guarantee Facility), որի միջոցով հնարավոր կլինի երաշխավորել հատկապես խիստ կարևոր նշանակություն ունեցող ապրանքատեսակների առևտրի անխափան ֆինանսավորումը:
Դրամավարկային և փոխարժեքի քաղաքականությունների ոլորտ
- Փոխարժեքի քաղաքականությունը դարձնել էլ ավելի ճկուն՝ նվազագույնի հասցնելով Կենտրոնական Բանկի միջամտությունները (այսինքն՝ արտարժույթի վաճառքը) արժույթի միջազգային շուկաներում:
- Ուշադիր հետևելով սղաճի տեմպին, աստիճանաբար նվազեցնել տոկոսադրույքները և նվազագույն պահուստային ֆոնդերի պահանջները՝ միևնույն ժամանակ ավելի մատչելի դարձնելով Կենտրոնական Բանկի վարկային և լիկվիդային միջոցների հասանելիությունը:
Կառուցվածքային քաղաքականության ոլորտ
- Ստեղծել ՓՄՁ-երի վարկավորման մեխանիզմ՝ նպատակ ունենալով առանց խոչընդոտների նպատակային վարկեր տրամադրել հրատապ ֆինանսավորման կարիք ունեցող կենսունակ ՓՄՁ-երին:
- մենաշնորհային գներ սահմանելու խոշոր ներկրող ընկերությունների հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան քայլեր:
- Վերանայել տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա ազդող խոչընդոտները և ձեռնարկել համապատասխան հետեվողական քայլեր մոտակա ժամանակում այդ խոչընդոտների որոշ մասի վերացման ուղղությամբ:
- Ամրապնդել/ ընդլայնել սոցիալական ապահովության համակարգը՝ (1) վերանայելով աղքատության ցուցանիշները, (2) ուշադրություն դարձնելով հասարակության սոցիալապես նվազ անապահով խավի վրա (օրինակ՝ այն խավի վրա, որն այսօր արդեն մոտ է աղքատության եզրագծին) և (3) ձեռնարկելով համակարգի ներսում առկա կոռուպցիայի վերացմանն ուղղված քայլեր:
- Վերանայել և բարելավել գործազրկության ապահովագրությունը և օժանդակություն տրամադրել այն անձանց, որոնք իրենց աշխատանքը կորցրել են ճգնաժամի արդյունքում աշխատատեղերի կրճատման կամ փակման պատճառով:
Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝ www.pf-armenia.org.
Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունը շահույթ չհետապնդող անկախ միություն է, որը նպատակ ունի երկխոսություն ծավալել Հայաստանի տնտեսական զարգացման ու ազգային անվտանգության հացերի շուրջ ու դրանով իսկ օգնել Հայաստանի պետական քաղաքականության ձևավորմանը: Կազմակերպությունը նպատակ ունի ներկայացնել այլընտրանքային դիրքորոշումներ ու մասնագիտական վերլուծություններ, որ պարունակում են նորարարական ու կիրառական առաջարկներ հանրային քաղաքականության մշակման ու իրականացման հարցերի շուրջ։ Իր գործունեության միջոցով PFA-ը ձգտում է նպաստել իրազեկ հասարակության ու առավել արդյունավետ ու հաշվետու կառավարության ձևավորմանը։ PFA-ի հիմնական ակտիվը Հայաստանին նվիրված տարբեր ոլորտների մասնագետների ու առաջնորդների աշխարհով մեկ տարածված ցանցն է։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել