Նախագահն Արցախում այցելել է նորակառույց դպրոց և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 29-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի այլ պաշտոնատար անձանց և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի թիվ 11 նորակառույց դպրոց ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն և նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ ծանոթացել այս հաստատություններում ստեղծված պայմաններին:
Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում բարձրաստիճան հյուրերը տեղեկացվել են, որ 560 աշակերտի համար կառուցված այդ ուսումնական հաստատությունն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով` գրադարան, մարզադահլիճ, սպորտային հրապարակ, ռազմագիտության, աշխատանքի ուսուցման և համակարգչային դասասենյակներ, բուժկետ և այլն: Դպրոցի տարածքը բարեկարգվել է, ստեղծվել է կանաչ գոտի, իրականացվել են արտաքին լուսավորության աշխատանքներ:
Նախագահ Սարգսյանը շրջել է նաև հարմարավետ պայմաններում գործող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, որի երաժշտագեղարվեստական, տեխնիկական ստեղծագործությունների, կիրառական արվեստի և կենցաղային էսթետիկայի բաժիններում ըստ նախասիրությունների զբաղվում է 1000 երեխա:
Նախագահն այնուհետև այցելել է վերանորոգման ավարտական փուլում գտնվող Ստեփանակերտի կենտրոնական պուրակ, որն իր նոր «երգող շատրվաններով» առավել բարեկարգ և գեղեցիկ տեսքով կներկայանա ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Պուրակի հանդիսավոր բացումը նախատեսվում է Արցախի Անկախության տոնի նախօրեին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել