HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Վանաձորցիներն ապահովագրված չեն թրաֆիքինգից

Լոռու մարզում թրաֆիքինգի դեմ 2004-2009 թթ. «Հույս և օգնություն» հկ-ի իրականացրած ծրագրի շրջանակներում հայտնաբերվել է 35-40 զոհ (վանաձորցի), որոնց 80%-ը սեռական շահագործման ենթարկված կանայք են: Երեխաների շահագործման դեպքեր չեն հայտնաբերվել: Շահագործման ենթարկված տղամարդկանց թիվը փոքր է, որովհետև զոհ դարձած տղամարդիկ մեծ մասամբ չեն դիմում` չցանկանալով բացահայտվել: Բայց դիմողներից ոմանք պատմել են, որ Վանաձորից մոտ 40 տղամարդ է եղել իրենց հետ: «Հույս և օգնություն» հկ-ի Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանն ասում է, որ աշխատանքային շահագործման ենթարկված մի քանի տղամարդկանց դիմումներ են ստացվել, այն էլ` մեկի կինն է դիմել, մյուսի մայրը: Բայց օգնություն խնդրելուց ու անձի մասին իրենց հայտնի տվյալները հաղորդելուց (որտեղ է, ով է տարել, վերջին անգամ որտեղից է զանգել և այլն) հետո, երբ արդեն գործ է կազմվել, որ ուսումասիրություն կատարվի, մեծ մասամբ եկել հրաժարվել են օգնությունից` մի դեպքում պատճառաբանելով, թե տվյալ անձը ողջ-առողջ է, կեղծ տագնապ է եղել, մյուս դեպքում` իբր տվյալ անձը հայտնել է, որ իրեն այնտեղ շահագործում են, և կարող են ավելի վատ վարվել իր հետ, եթե այդ մասին հայտնի դառնա ինչ-որ մեկին: Վերջերս նշված պատճառով գործ էր դադարեցվել անձի կնոջ խնդրանքով: Որոշ ժամանակ անց անձի եղբայրն էր դիմել իր անունից: Նորից գործ էր կազմվել, և աշխատանք էր սկսվել անձին հետ բերելու ուղղությամբ: Արդեն 1,5 ամիս է, այդ անձը տուն է վերադարձել: Աշխատանքային շահագործման են ենթարկում ավելի շատ Ռուսաստանում (Մոսկվա, Ուֆա, Ռոստով): Հայարփի Էդիլյանի կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ-ն մոտիկ է, և զոհերին տեղափոխելու համար քիչ գումար է պահանջվում: Սեռական շահագործման համար մարդկանց տանում են նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա: Թուրքիա գնալը բոլորովին դժվար չէ. Վանաձորից շաբաթական 2 ուղերթ կա դեպի Թուրքիա: Կանանց աշխատանքային շահագործման մեկ դեպք է եղել Թուրքիայում: Կինն աշխատանքի էր հրավիրվել լամպերի գործարանում: Շահագործման համար թիրախ են ընտրվում 18-30 տարեկան, սոցիալապես անապահով, ստորին խավի կանայք, որոնք հիմնականում ամուսնալուծված են, երեխաներ ունեն, տնակներում են ապրում: Նրանց հեշտ է գայթակղել: «Ցույց են տալիս մի քանի սիրուն նկար` գեղեցիկ տներ, լավ հագնված մարդիկ, աղջիկներ: Ասում են` տես դու էլ էսպիսին կլինես: Էս ինչն էլ գնաց, նկար է ուղարկել, տես, այ էսպես լավ ապրում է»,- Հայարփի Էդիլյանը պատմում է, թե ինչպես են հավաքագրողները գայթակղում զոհերին: Երբ զոհն ասում է, որ տոմսի գումար չունի, հանգստացնում են, որ նրա համար տոմս էլ ձեռք կբերեն, մուտքի թույլտվություն էլ, հետո նա կաշխատի և կվերադարձնի այդ գումարը: Իսկ երբ արտերկրում սահմանի վրա գալիս են նրան դիմավորելու, առաջին հերթին նրանից վերցնում են անձնագիրը: Ամեն ինչ դրանից է սկսվում: Զրկվելով անձը հաստատող փաստաթղթից և տվյալ երկրի լեզուն չիմանալով` անձը հայտնվում է անելանելի կացության մեջ: Շատ դեպքերում անձի հետ պայմանագիր են կնքում նրան անհասկանալի լեզվով: Նա էլ, առանց պայմանագրում նշված դրույթները հասկանալու, ստորագրում է: Օրինակ` ցույց են տալիս որևէ թիվ` ասենք 5 հազար դոլար, և ասում, որ դա նրա ստանալիք աշխատավարձի չափն է: Իսկ իրականում նա պայմանագրով պարտավորվում է այդքան գումար վճարել: Փորձը ցույց է տալիս, որ հավաքագրողներն անձի մտերիմներն են լինում, բարեկամները, ընկերուհիները, հարևանները` այնպիսի մարդիկ, որոնք շատ լավ են ճանաչում ընտրվող զոհերին, գիտեն նրանց հոգեբանությունը, թույլ կողմերը, նրանց վրա ազդելու ձևերը: Հայարփի Էդիլյանն ասում է, որ սկզբում զոհերին ինքն էր գտնում քաղաքի մարմնավաճառների միջոցով: Քանի որ «Հույս և օգնություն» հկ-ի Լոռու մասնաճյուղը նաև մարմնավաճառների հետ կապված ծրագիր էր իրականացնում, նրանցից տեղեկություններ էր իմանում իրենց ընկերուհիների մասին, որոնք, ասենք, Թուրքիա էին գնացել աշխատելու և չէին կարողանում հետ գալ: Արդեն մեկ-երկուսին օգնություն ցուցաբերելուց հետո նրանք իրենք էին իրենց մտերիմների, ընկերուհիների շրջանում լուրեր տարածում կազմակերպության մասին: Հայարփին պատմում է, որ տվյալներ հավաքելով աղջկա մասին` որտեղ է, ով է շահագործողը, իրենք դիմում են Թուրքիայում թրաֆիքինգի հարցերով զբաղվող թուրքական մի գործընկեր կազմակերպության, որն այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությանը: Կատարվում են շրջայց, աղջիկների հավաքագրում: Պարզ է` նրանք բոլորն էլ վիզայի խնդիր են ունենում, և նրանց արտաքսում են երկրից: Տեղեկանալով նրանց վերադարձի մասին` այստեղ դիմավորում և կազմակերպում են նրանց անվտանգ վերադարձը: Զոհերին վերադարձնելուց հետո սկսում են աշխատել նրանց հետ: Բայց նախ պարզում են` իսկապես զոհե՞ր են, թե՞ ուզում են օգտվել իրավիճակից: Հետո նրանց տրամադրվում է բժշկական, սոցիալական, հոգեբանական և իրավաբանական օգնություն: Հայարփի էդիլյանը վստահեցնում է, որ զոհերի ֆիզիկական ու հոգեկան առողջությունը հիմնականում վերականգնվում է: Կախված բարդությունից` հիվանդությունները հիմնականում բուժվում են, եթե, իհարկե, դրանք ձեռք են բերվել դրսում: «Տղամադիկ ավելի հեշտ են վերականգնվում, աղջիկներն էլ են վերականգվում, դե նայած` ով ոնց, բայց վերականգնվում են: Եթե տանը ի սկզբանե խնդիրներ չեն ունենում, չկան այնպիսի բարդություններ, որ խուսափեն տուն վերադառնալուց: Գրեթե բոլորն էլ հասարակության լիիրավ անդամներ են, չեմ կարող ասել, որ ինչ-որ մեկն ընկճված է կամ տնից դուրս չի գալիս»,- ասում է «Հույս և օգնություն» հկ-ի Լոռու մասնաճյուղի տնօրենը: Սակայն լինում են նաև դեպքեր, երբ ֆիզիկական առողջությունը վերականգնվելուց հետո թրաֆիքինգի զոհի հոգեկանը չի վերականգնվում: Երկու տարի սեռական շահագործման ենթարկված 20 տարեկան մի աղջիկա հետ էին բերել հոգեկան խանգարումով: Անգամ երկարատև բուժումից հետո նա լիարժեք մարդ չդարձավ: Աղջիկը պատմել է, որ «երբ դուռը բացում էին, կլիենտների 40 հոգիանոց հերթ էր կանգնած: Արդեն ռոբոտի նման, ավտոմատի նման ես գիտեի` ինչ պիտի անեմ: Վատ էի, հիվանդ էի, ծանր էի տանում, դա ոչ մեկին չէր հտաքրքրում: Ես պիտի իմ գործը անեի»: Եղել են դեպքեր էլ, երբ վերականգնվելուց հետո անձն իր նախկին կյանքին է վերադարձել. մեկնել Թուրքիա` աշխատելու: Հայարփի Էդիլյանը հավատացնում է, որ սեռական շահագործման ենթարկված կանայք վերադարձվելուց հետո սեռական հիվանդություններ չեն ունեցել, որովհետև նրանց խստիվ պարտադրել էին սեռական հարաբերություն ունենալ պահպանակով: Աղջիկները պատմել են, որ սկզբում իրենք բուժզննում են անցել և հիվանդության հայտնաբերման դեպքում` պարտադիր բուժվել: Սակայն բռնության ենթարկվածները վերադարձել են երիկամների, ողնաշարի և այլ առողջական լուրջ խնդիրներով: «Մի տղամարդու էնպես էին ծեծել, առողջությունը էնպես էր խանգարվել, որ կես մարդ էր դարձել» -պատմում է Հայարփի էդիլյանը: Եթե հավաքագրողը վանաձորցի է լինում, նրան հայտնաբերելով և պատասխանատվության ենթարկելով` բացահայտվում են նաև հանցավոր խմբի մյուս անդամներն ու գլխավոր շահագործողը: Ծրագրի ընթացքում հայտնի է դարձել 5-6 դեպք, երբ հավաքագրողները վանաձորցիներ են եղել: Եթե նույնիսկ շահագործողը տեղացի չէ, դա չի խանգարում դատական գործ հարուցել նրա դեմ: Վերջերս մի շահագործողի նկատմամբ գործ էր հարուցվել հեռակա կարգով, և տվյալ անձն այժմ հետախուզման մեջ է: Կազմակերպությունը ՁԻԱՀ-ի դեմ ազգային ծրագրի շրջանակներում աշխատանք է տանում նաև մարմնավաճառ կանանց հետ, որոնք ընտրված են որպես խոցելի խումբ` ավելի հակված լինելով ՄԻԱՎ-ը տարածելու: Հայարփի Էդիլյանը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Վանաձորում մարմնավաճառության մասին: Մինչև վերջերս մարմնավաճառ կանանց մոտ սեռավարակներ հայտնաբերելու դեպքում անվճար բուժում էր իրականացվում: Այժմ բուժումը թողնված է նրանց վրա: Նպատակն է բարձրացնել նրանց գիտակցությունը և սեռական վարքագիծ ձևավորել, որպեսզի իրենք սկսեն մտահոգվել իրենց առողջության մասին: Այդ նպատակով, պարզվում է, դրական ազդեցություն ունեն նաև զրույցները հոգևորականների հետ: Քահանայի հետ զրույցների արդյունքում մի երիտասարդ մարմնավաճառուհի ամբողջովին փոխել է իր վարքն ու ամուսնացել: Արդեն երեխա ունի: Հայարփի Էդիլյանի խմբում ՄԻԱՎ վարակակիր է եղել: Վարակվել էր սեռական ճանապարհով: 38 տարեկան մարմնավաճառ կին էր: Մահացել է անցած տարի, հիվանդության վերջնային` ՁԻԱՀ-ի փուլում: Գիտեր իր հիվանդության մասին և մինչև վերջ էլ շարունակում էր իր գործով զբաղվել: Վանաձորում փողոցային մարմնավաճառություն չկա, տնային է: Աղջիկները «կանգնում են» քաղաքից դուրս` Սպիտակ, Ալավերդի տանող ավտոմայրուղու վրա: Տնային մարմնավաճառներից բացի` կան սաունաներում աշխատողներ և էլիտար աղջիկներ: Սրանք թանկ աղջիկներն են. կրթված են, լավ են հագնվում, թանկարժեք զարդեղեն են կրում: Կան նաև ընտանիքի կանայք ու մայրեր, որոնք ամուսին ունեն, երեխաներ, ապահովված են, այսպես ասած` փողի համար չեն անում, ուղղակի նրանց դուր է գալիս այդպես ապրել: Մարմնավաճառների մեջ կան նաև նախկին թրաֆիքինգի զոհեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter