HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ ՊՆ-ն զառանցանք է որակում Սաբիրօղլուի հայտարարությունը` ռուսական ռազմակայանի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են: Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը` Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»: Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամուլի խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության և բթամտության դրսևորման ձև են, ուրիշ ոչինչ: Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարին և որոշ լրատվամիջոցներին հարկ ենք համարում հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, և ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին, բխում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահերից: Ինչ վերաբերում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությանը, ապա հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter