
Մարդու իրավունքներ՝ արհամարհված արժանապատվություն ու ոտնահարված արդարություն
Կարինե Աֆրիկյան
Դեկտեմբերի 10-ին համայն առաջադեմ մարդկությունը նշեց 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակը, որի առաջին հոդվածում ամրագրված է. «Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ եւ իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով, եւ պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով»:
Մարդու ու քաղաքացու իրավունքները իրավական պետությունում անհատի կարգավիճակի հիմնաքարերն են, որոնք համարվում են ի ծնե տրված եւ անօտարելի յուրաքանչյուր մարդու համար անկախ քաղաքացիությունից, սեռից, տարիքից, ազգությունից, էթնիկ ու կրոնական պատկանելությունից: Միջազգային իրավունքում այս դրույթն առաջին անգամ ամրագրվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ այն իրավական պետությունների սահմանադրական իրավունքի մաս է կազմում:
Մարդու իրավունքների պատմությունը հազարամյակների պատմություն ունի եւ իր արտացոլումն է գտել կրոնական, մշակութային, փիլիսոփայական մտքի ու իրավական զարգացումների մեջ: Մի շարք հնագույն փաստաթղթեր տարբեր աշխարհամասերից, իսկ ավելի ուշ կրոններ ու փիլիսոփայություններ արտահայտել են որոշակի հայեցակարգեր, որոնք կարող են համարվել մարդու իրավունքներ: Հին Բաբելոնի Համուրաբի արքայի օրենքների ժողովածուից մինչեւ Ազգերի Լիգայի մանդատներըը մարդու իրավունքների հիմնախնդիրը աստիճանաբար զարգացել ու դարձել է հասարակական անհրաժեշտություն:
Մարդու իրավունքների նախնական ընբռնմանը կարելի է հանդիպել հնադարյան օրենքներում, ինչպես Բաբելոնի այնպես էլ Հունա-Հռոմեական հայեցակարգերում: Ամենից լավ պահպանված պատմական առաջին վկայությունն է համարվում Հին Բաբելոնի Համուրաբի արքայի օրենքների ժողովածուն մ.թ.ա. 1760թ.: Այն առաջին օրենսդիր հուշարձանն է, սեւ բազալտե սյան տեսքով, որի վրա երկու կողմից սեպագիր արձանագրությամբ փորագրված են 282 օրենքներ աքքադերենով: Օրենքների ժողովածուն անդրադառնում էր տնտեսական, տնտեսության ու ընտանեկան հարաբերություններին, եւ սահմանում էր վերահսկողություն տնտեսության կյանքի վրա: Այս ժողովածուն վաղ օրինակ է այն բանի, որ անգամ թագավորը չի կարող փոխել հիմնարար օրենքները եւ կարելի է ասել, որ այն սահմանադրության պրիմիտիվ օրինակ է: Ըստ գիտնականների, այս ժողովածուում առաջին անգամ սահմանվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը շեշտելով, որ «մարդն անմեղ է քանի հակառակը չի ապացուցվել»:
Արժանահիշատակ են նաեւ Պարսից Կիրոս կայսրի Կիրոսի գլանը /539թ. մ.թ.ա./, Հնդկաստանի Աշոկա մեծ արքայի հրամանները /272-231թթ./, Մուհամեդի կողմից նախագծված Մեդինայի Սահմանադրությունը /Մ.թ. 622թ./, որը փաստորեն համաձայնագիր էր մահմեդականների, հրեաների ու հեթանոսների միջեւ:
Մարդու իրավունքների հայեցակարգի արմատները մեզ տանում են մինչեւ հին Հունաստան ու Հռոմ, որտեղ ստեղծվել են մի քանի մոտեցումներ բացատրելու համար, թե ինչպես եւ ինչու են մարդու իրավունքները դարձել մարդկանց սոցիալական ակնկալիքների մաս: Արեւմտյան փիլիսոփայության բնական օրենքների տեսությունը մարդու իրավունքները դասակարգեց որպես «բնական» բարոյական, կրոնական ու անգամ կենսաբանական պահանջ, որը անկախ էր օրենքներից ու ավանդույթներից:
Սոկրատեսը եւ նրա փիլիսոփայության հետեւորդներ Պլատոնն ու Արիստոտելը պնդում էին, որ գոյություն ունի «բնական արդարադատություն» կամ բնական իրավունք, եւ այդ առումով Արիստոտելին են համարում բնական օրենքի հայր, թեեւ Արիստոտելի աշխատությունների ուսումնասիրությունների հիման վրա դրա մեկնաբանությունը ձեւակերպել է Դոմինիկյան օրդերի կաթոլիկ քահանան Սուրբ Թոմաս Աքվինացին /1225գ 1274/ :
Որպես անհատական մարդկային արարածներ, մենք ունենք մեր հիմնարար իրավունքների ու ազատությունների բնածին զգացողություն: Մարդու իրավունքների ընբռնումը ու ճանաչումը մեր բնության մեջ է: Մարդու իրավունքների գաղափարը կարելի է տեսնել բոլոր հասարակությունների լեզվամտածողության, գրական, մշակութային ու քաղաքական կառույցներում: Աշխարհի պատմության ընթացքում բոլոր հասարակությունների կողմից ստեղծված իրավական համակարգերը իրենց նպաստն են բերել մարդու իրավունքների արդի հասկացողությանը: Նույն բանը կարելի է ասել նաեւ բոլոր դավանանքների մասին` Բուդդիզմ, Քրիստոնեություն, Կոնֆուցիանիզմ, Հինդու, Իսլամ ու եբրայական կրոն:
Հին Հռոմում բնական իրավունքներ հասկացությունը կապակցվում էր հույների Ստոիկների դոկտրինայի` ստոիցիզմի հետ: Ստոիկները գտնում էին, որ մարդը պետք է լինի բնական օրենքների հետ ներդաշնակության մեջ: Ստոիցիզմը մեծ դեր է ունեցել Հռոմեական օրենքի ձեւավորման գործում, որը նույնպես հիմնվում էր բնական օրենքի վրա: Ըստ հռոմեացի իրավագետ Ուլպիանի, օրինակ, բնական օրենքը այն էր, երբ բնությունը եւ ոչ թե պետությունն էր մարդկային արարածների երաշխավորը, անկախ այն բանից Հռոմի քաղաքացի ես թե ոչ: Հռոմի «ազգությունների մասին օրենքի» համաձայն, համընդհանուր իրավունքները գերակայում էին քաղաքացիների իրավունքների վրա:
Դարեր շարունակ եվրոպական մտածողության մեջ գոյություն է ունեցել մարդու իրավունքների հայեցակարգը տարբեր անվանումներով: Միջնադարից հետո, այնուամենայնիվ բնական օրենքները սկսեցին ասոցիացվել բնական իրավունքների հետ: Սակայն Հունա-հռոմեական ու միջնադարյան ժամանակաշրջանում բնական օրենքի դոկտրինան ավելի շուտ վերաբերում էր մարդու պարտավորություններին քան իրավունքներին: Ավելին, Արիստոտելի ու Սուրբ Թոմաս Աքվինացու աշխատություններում այս դոկտրինան փաստորեն ճանաչում էր ստրկության ու ճորտատիրության լեգիտիմությունը եւ դրանով, փաստորեն, բացառում էր մարդու իրավունքների ամենից կարեւոր գաղափարները, այն է` ազատությունն ու հավասարությունը: Որպեսզի մարդու իրավունքները փոխարինեին բնական իրավունքներին որոշակի հիմնարար սոցիալական փոփոխություններ էին պետք, որոնք տեղի էին ունենում աստիճանաբար եւ լուրջ զարգացում ապրեցին Եվրոպական ֆեոդալիզմի անկման ժամանակաշրջանում` 13-րդ դարից մինչեւ Վերածնունդի ժամանակաշրջանը, ընդհուպ մինչեւ 1648թ. Վեստֆալյան խաղաղության պայմանագիրը: Այս ժամանակաշրջանում կրոնական անհանդուրժողականությունը, քաղաքական ու տնտեսական կախվածությունը, կառավարողների ակնհայտ անկարողությունը ի կատար ածել իրենց պարտավորությունները բնական օրենքի շրջանակներում, ինչպես նաեւ վերածննդին բնորոշ ինքնարտահայտումը փոփոխություն բերեց բնական օրենքի մեջ` այն պարտավորությունների հարթությունից իրավունքների հարթություն տեղափոխելով: Դրա վկայությունն են Աքինասի ու Հյուգո Գրոտիուսի փիլիսոփայական ուսումնասիրությունները եւ Անգլիայի Ջոն արքայի թագավորության օրոք 1215թ. ընդունված «Ազատությունների մեծ Խարտիան» (Magna Carta): Այն բանից հետո, երբ արքան խախտեց մի շարք հնագույն օրենքներ ու սովորույթներ, վերջինիս ենթակաները ստիպեցին նրան ստորագրել Խարտիան, որտեղ թվարկված որոշ դրույթներ համապատասխանում են այսօրվա մարդու իրավունքներին: Դա նախ` եկեղեցու անկախությունն էր իշխանությունից, բոլոր ազատ քաղաքացիների սեփականություն ունենալու ու ժառանգելու իրավունքը, ինչպես նաեւ ավելորդ հարկերից ազատվելը, օրենքի առջեւ հավասարության ու արդար դատավարության սկզբունքները: Աշխարհի տարբեր մասերում եւս քաղաքական ու կրոնական շրջանակները ընդունել են օրենքներ, որտեղ կոչ է արվել իշխողներին արդար ու խղճի մտոք կառավարելու, սահմանափակելով նրանց իշխանությունը քաղաքացիների կյանքի, սեփականության ու գործունեության վրա:
Միայն 17-18-րդ դարերի փիլիսոփաների ու հումանիստների ու լուսավորիչների գործերում` Սպինոզա, Վոլտեր, Լիբնից, Ջոն Լոք, Մոնթեսքյու, Ժան-Ժաք Ռուսո, ձեւավորվեց բնական օրենքի հասկացությունը, որը հետագայում փոխարինվեց «բնական իրավունքներ» տերմինով, բնությունից վերապահվող իրավունքները նկատի ունենալով, որովհետեւ մարդն առաջին հերթին մարդկային արարած է, նախքան որեւէ երկրի քաղաքացի լինելը կամ կրոնական պատկանելություն ունենալը:
Մարդու իրավունքների արդի հասկացությունը առավել հստակ առաջին անգամ դրսեւորվել է Բրիտանական Իրավունքների օրինագծում: 1628թ. Իրավունքների միջնորդությունը եւ 1689թ. Անգլիայի Իրավունքների օրենքը վկայակոչում էին, որ մարդկային արարածները օժտված են հավերժական ու անօտարելի իրավունքներով, որոնցից մարդկությունը չի զրկվել, երբ անցում է կատարվել դեպի պարզ պետության սոցիալական ձեւը ու որոնք երբեք չեն նվազել անգամ «թագավորների աստվածային իրավունքների հռչակումով»: 1789թ. Ֆրանսիայում տապալեցին միատիրությունը ու հաստատվեց Ֆրանսիական առաջին հանրապետությունը: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների արդի հասկացությունը Ֆրանսիական հեղափոխության ծնունդն է, որոնք առաջ քաշվեցին «Ազատություն հավասարություն եւ եղբայրություն» կարգախոսով: Ազատությունը իր մեջ ներառում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, հավասարությունը` տնտեսական, սոցիալական ու մշակութային, իսկ եղբայրությունը` համերաշխության իրավունքը: Արդյունքում ստեղծվեց «Մարդու ու քաղաքացիների իրավունքների հռչակագիրը» (Rights of Man):
1776-ին Հյուսիսային Ամերիկայի բրիտանական գաղութները հռչակեցին իրանց անկախությունը ԱՄՆ Անկախության հռչակագրով եւ Իրավունքների մասին օրենքով: Թոմաս Ջեֆերսոնը, որը Մոնթեսքյուի հետեւորդներից էր Հռչակագրի մեջ մասնավորապես ընդգծեց, որ բոլոր մարդիկ հավասար են ստեղծված եւ օժտված են արարիչից անօտարելի իրավունքով` կյանքի, ազատության ու երջանկության հետապնդման: Ջեֆերսոնը գտնում էր, որ լավ կառավարության առաջին ու միակ նպատակը մարդու կյանքն ու երջանկությունն են եւ ոչ թե նրանց ոչնչացումը:
Այսպիսով մարդու բնական իրավունքներ տերմինը իր տեղը զիջեց համընդհանուր իրավունքներ սկզբունքին: Մարդու իրավունքներ տերմինը առաջին անգամ օգտագործել է ամերիկյան փիլիսոփա Հենրի Դեյվիդ Թորոն (1817-1862) իր «Քաղաքացիական անհնազանդություն» աշխատությունում: Այս աշխատությունը մեծ ազդեցություն է ունեցել Լեւ Տոլստոյի, Մահաթմա Գանդիի ու Մարտին Լյութեր Քինգի վրա: Գանդին ու Քինգը մասնավորապես այս աշխատության սկզբունքներն են դրել առանց բռնության կամ պասիվ դիմակայության ճանապարհով ազատագրության իրենց գաղափարախոսության հիմքում:
Մարդու իրավունքների սկզբունքի աջակցությամբ հանդես եկան անգլիացի փիլիսոփա Ջոն Սթյուարտ Միլը «Ազատության մասին» ակնարկում եւ Ամերիկյան քաղաքագետ-տեսաբան Թոմաս Փեյնը իր «Մարդու իրավունքները» գTha Rights of Manգ գրքում:
Ամփոփելով, կարելի է ասել, որ մարդու իրավունքները թեեւ տարբեր ձեւակերպումներով, 18-19-րդ դարերում կարեւորագույն դերակատարություն ունեցան քաղաքական աբսոլյուտիզմի, այսինքն անսահմանափակ իշխանության դեմ պայքարում:
19-րդ դարի կեսերին ու վերջին մարդկությունը դեռեւս ականատես էր այնպիսի երեւույթների, ինչպիսիք էին` ստրկությունը, ճորտատիրությունը, աշխատանքի անտանելի պայմանները եւ չնչին վարձատրությունը, երեխաների աշխատանքը, իսկ Միացյալ Նահանգներում գոյություն ուներ նաեւ «Հնդկացիների հիմնահարցը»: Միայն անկախության հռչակագրից 80 տարի անց Ամերիկան ներքաշվեց արյունահեղ պատերազմի մեջ, որի արդյունքում վերացվեց ստրկատիրությունը: Նույն ժամանակ Ռուսաստանում արգելվեց ճորտատիրությունը: Այսուհանդերձ, ինչպես ամերիկյան սեւամորթ ստրուկները, այնպես էլ Ռուսաստանում ազատություն ստացած ճորտերը դեռեւս տասնյակ տարիներ չեն օգտվել մարդու հիմնարար ազատություններից:
19-րդ դարի վերջին տասնյակում եւ 20-րդ դարի առաջին կեսին մարդու իրավունքների համար պայքարը հիմնականում սահմանափակվում էր քաղաքական ու կրոնական խմբերի ու խմբավորումների շրջանակներում: Հեղափոխական տրամադրություն ունեցողները պայքարում էին իշխանությունների անօրինակությունների դեմ` հեղափոխության միջոցով իշխանափոխության կոչելով: Միեւնույն ժամանակ դիմում էին բռնի միջոցների` պայթյուններ, գործադուլներ, սոցիալական անկարգություններ, որոնք ճնշվում էին իշխանությունների կողմից: Մարդկանց մեծ մասը չէր աջակցում քաղաքացիական շարժմանը, որովհետեւ նրանց առաջ քաշած խնդիրները ավելի շուտ քաղաքական էին քան մարդասիրական: Այնուամենայնիվ, քաղաքացիական ու մարդու իրավունքների որոշ խմբերի հաջողվեց իրականացնել որոշ սոցիալական փոփոխություններ: Արհմիությունները կարողացան հասնել նրան, որ ԱՄՆ-ում եւ մի շարք Եվրոպական երկրներում օրենքներ ընդունվեցին գործադուլի, աշխատանքային նվազագույն պայմանների բավարարման, երեխաների աշխատանքի կանոնակարգման, 48 ժամյա աշխատանքային շաբաթ ընդունելու հարցում: Ուժգնացավ կանանց շարժումը եւ հասավ նրան, որ կանայք ընտրության իրավունք ստացան: Հաջողություններ գրանցվեցին նաեւ ազգային ազատագրական շարժումներում եւ մի շարք երկրներ ազատագրվեցին իրենց գաղութարարներից, որոնցից խոշորագույնը Գանդիի գլխավորած շարժումն էր ու Հնդկաստանի ազատագրումը:
Մարդու իրավունքների ուղղությամբ կարեւորագույն նախադեպ էին նաեւ1864թ. հիմնադրված Կարմիր խաչի միջազգային հանձնաժողովը, ինչպես նաեւ 1864թ. ընդունված Ժնեւի Կոնվենցիաները եւ 1899թ. եւ 1907թ. Հաագայի Կոնվենցիաները: Դրանք մարդասիրական օրենքների ստեղծման առաջին փորձերն էին, որոնք իրավականորեն ձեւակերպում էին պատերազմի եւ պատերազմի հանցագործությունների օրենքները, եւ ապահովում էին զինված հակամարտության մեջ ներգրավված անձանց մարդու իրավունքները, ամրագրելով պատերազմի վիրավորներին ու ռազմագերիներին ցուցաբերվող բուժօգնության, ինչպես նաեւ պետության կողմից օտարերկրացիների հանդեպ արդար ու քաղաքակիրթ վերաբերմունքի մասին դրույթները: Այս Կոնվենցիաները հետագայում Միջազգային մարդասիրական օրենքների հիմք հանդիսացան:
Ցավոք, այս Կոնվենցիաներում ամրագրված միջազգային չափանիշները չկարողացան կանխել Առաջին համաշխարհային պատերազմում տեղ գտած վայրագությունները: Մարդիկ հասկացան, որ խաղաղության ապահովման ու անհատի պաշտպանության համար պետք է ստեղծել միջազգային կազմակերպություն: Այդ նկատառումով ստեղծվեց Ազգերի Լիգան (1919-1946թթ.), որի «Մանդատների համակարգը» Լիգայի անդամ տերություններին պարտավորեցնում էր խթանել իրենց ժողովուրդների «բարեկեցությունն ու զարգացումը» ապահովելով «արդար եւ մարդկային աշխատանքային պայմաններ տղամարդկանց, կանանց եւ երեխաների համար», իսկ 1920թ. ստեղծվեց Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Այսպիսով, մինչեւ 1940-ական թթ. ձեւավորվեցին մի շարք հայեցակարգեր, օրենքներ եւ հաստատություններ, որոնք առաջ էին տանում մարդու իրավունքների նախաձեռնությունը միջազգային մակարդակով:
Պետք է նշել սակայն, որ միայն 20-րդ դարի երկրորդ կեսին սկսվեց մարդու իրավունքների համընդհանուր ճանաչման գործընթացը:
«Մարդու իրավունքներ» Human Rights արտահայտությունը համեմատաբար նոր ձեւակերպում է, որը գործածության մեջ մտավ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1945թ. ՄԱԿ-ի ստեղծումից ու 1948թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից հետո: Այն փոխարինեց նախկինում գործածվող «բնական իրավունքներ» իսկ հետագայում «մարդու իրավունք» «the right of man» բառակապակցությանը:
Չնայած աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում տեղ գտած առաջընթացին 1930-1940-ական թվականների Նացիստական Գերմանիայում տեղ գտած իրադարձությունները` հրեաների, գնչուների, լեհերի, միասեռականների, մտավոր եւ ֆիզիկական հաշմանդամների եւ ռազմագերիների հանդեպ նացիստական քաղաքականությունը սարսափեցրին մարդկությանը: Ուինսթոն Չերչիլը նացիստների արածները որակեց «հանցագործություն, որն անուն չունի», իսկ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը այն կոչեց «ցեղասպանություն»: Հոլոքոստից, Նյուրենբերգից, ատոմային ռումբերից հետո մարդկությունը մարդու իրավունքներին սկսեց այլ տեսանկյունից նայել: Եթե առաջ մարդու իրավունքները համարվում էին «երկրի ներքին գործ», ապա այժմ մարդու իրավունքները սկսեցին ընկալվել որպես համամարդկային նպատակ եւ պահանջ, այն է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն ամուրեք եւ յուրաքանչյուրի համար: Մարդիկ նաեւ հասկացան, որ գիտատեխնիկական առաջընթացը եւ սոցիալական կառույցի փոփոխությունները կարող են մարդկությանը դեպի կործանում տանել: Շատ երկրների ժողովուրդներ ապրում են բռնատիրական կարգերում եւ բռնատիրությունից ազատվելու միակ ձեւը պատերազմն է: Եթե մարդկությունը այդ ժողովուրդներին ազատագրելու ձեւեր չգտնի նրանք կապստանբեն ու դա կարող է նոր լայնածավալ ու արդեն միջուկային պատերազմի կատալիզատոր դառնալ: Հավանաբար առաջին անգամ, աշխարհի բազմաթիվ տերությունների կառավարություններ այն եզրակացության եկան, որ մարդու հիմնարար իրավունքները պետք է պաշտպանվեն, եւ ոչ միայն հանուն անհատների, այլեւ հանուն մարդկային ցեղի պահպանության: Հիշում եք Ալբերտ Էյնշտեյնի հայտնի այն խոսքը, որ չգիտեմ, թե ինչ զենքով են կռվելու Համաշխարհային երրորդ պատերազմի ժամանակ, բայց Չորրորդը կլինի փայտով ու քարով:
Պատերազմի ժամանակ 1941թ. հունվարի 6-ին Ռուզվելտի ու Չերչիլի նախաձեռնությամբ ստեղծված Ատլանտյան Կանոնադրության մեջ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը առաջ քաշեց մարդու անօտարելի իրավունքների մասին սկզբունքը ԱՄՆ Կոնգրեսում 1941 թվականին իր հայտնի Չորս ազատությունները ելույթում: Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ ազատությունը նշանակում է մարդու իրավունքների գերակայությունն ամենուրեք եւ հռչակեց այն չորս հիմնական ազատությունները, որոնք երբեք չի կարելի որեւէ օրենսդրությամբ օտարել մարդուց` խոսքի եւ արտահայտվելու ազատություն, դավանանքի ազատություն, վախից ու կարիքից զերծ լինելու իրավունք: Այս ելույթին անմիջապես արձագանքեց Չերչիլը հայտարարելով որ դաշնակիցների հաղթանակն ավարտվելու է «մարդու իրավունքների թագադրմամբ»:
Նախքան պատերազմի ավարտը Դամբարտոն Օքսում /Վաշինգտոնի մոտ/ տեղի ունեցած ԱՄՆ, ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիայի ու Չինաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել մի նոր միջազգային կազմակերպություն, որը ի վիճակի կլիներ ապահովել աշխարհի անվտանգությունն ու բարգավաճումը: Այնուամենայնիվ, կազմակերպության ստեղծման ակունքներում, մեծ տերությունները, առաջնորդվելով աշխարհաքաղաքական նկատառումներով, մարդու իրավունքների իրավունքներին մեծ տեղ չտվեցին: Համընդհանուր Հռչակագրի գոյությունը մեծ մասամբ պայմանավորված է հասարարակական կազմակերպությունների ու մի շարք փոքր տերությունների, մասնավորապես լատինամերիկյան երկրների ջանքերով, որոնք մեծ նվիրվածությամբ ու համառությամբ պայքարեցին, որ մարդու իրավունքների խնդիրը տեղ գտնի ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: 1945թ. Մեխիկոյում կայացած համա-ամերիկյան համաժողովի ժամանակ լատինամերիկյան պետությունները եւ ամերիկյան ավելի քան 1300 հասարական կազմակերպություն միասնաբար հանդես եկան մարդու իրավունքների հարցը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ հստակորեն ընդգրկելու եւ այն ՄԱԿ-ի գործունեության անքակտելի մաս դարձնելու համար: Երբ 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում հավաքվեցին 46 երկրների ներկայացուցիչները ՄԱԿ-ը ստեղծելու համար, նրանք իրենց հետ բերեցին ոչ միայն պատերազմի հանդեպ ատելությունը, այլեւ մարդու արժանապատվության ու արժանիքի հանդեպ հարգանքի ոգին: Այսուհանդերձ, նրանց բավական դժվարությամբ հաջողվեց ՄԱԿ Կանոնադրության մեջ մտցնել մարդու իրավունքների պաշտպանության դրույթը: Այս հարցում շատ մեծ դեր խաղացին ամերիկյան 42 հասարակական կազմակերպություններ: Հռչկագրի նախագծման եւ ընդունման հարցում էական դեր է խաղացել ԱՄՆ Առաջին տիկին, քաղաքացիական իրավունքների ջատագով, Ֆրիդոմ Հաուսի համահիմնադիր, ՄԱԿ-ի կազմավորման աջակից եւ Հռչակագրի նախագծողներից Էլեոնոր Ռուզվելտը: Գնահատելով նրա նվաճումները մարդու իրավունքների ասպարեզում նախագահ Տրումենը նրան կոչել է «Աշխարհի առաջին կին»:
Այսպիսով Եկրորդ համաշխարհային պատերազմի համատեքստում, մասնավորապես Նյուրենբերգյան դատավարությունների բարոյա-հոգեբանական ազդեցության տակ եւ մարդու իրավունքների ջատագովների համառ ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի կանոդրության մեջ տեղ գտավ այն դրույթը, որ աշխարհը իրավականորեն ստանձնում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ ու երեխայի անօտարելի մարդու իրավունքների հարգանքի խթանումը ու խրախուսումը: Թեեւ շատերն ուզում էին սա տեսնել ՄԱԿ-ի կանոնադրության մեջ առանձին «իրավունքների օրինագծի» տեսքով, այսուհանդերձ նրանք բավարարեցին այս դրույթը կանոնադրության մեջ մտցնելով:
Այսպիսով ՄԱԿ Կանոնադրությունն առաջին անգամ մարդու իրավունքներին շնորհեց նոր իրավական կարգավիճակ, նախ նախաբանում, որտեղ մարդու իրավունքները ձեւակերպեց, որպես ՄԱԿ-ի կազմավորման չորս հիմնարար նպատակներից մեկը: Կանոնադրության առաջին հոդվածը հայտարարում է, որ ՄԱԿ անդամ պետությունը «պետք է միջազգային համագործակցությամբ խթանի ու խրախուսի մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունները անկախ ազգությունից, սեռից, լեզվից ու կրոնից»: Հոդված 55-ը նշում է, որ ՄԱԿ-ը խրախուսելու է «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համընդհանուր հարգանքն ու պաշտպանությունը»: 56 հոդվածը հայտարարում է, որ «անդամները պետք է խոստանան դրան հասնելու նպատակով առանձին կամ միացյալ գործողություններ ձեռնարկել այդ ուղղությամբ»: Իսկ Հոդված 68-ը իրավասություն է տալիս ՄԱԿ Տնտեսական ու սոցիալական խորհրդին ստեղծել «Մարդու իրավունքների հանձնաժողով»: ՄԱԿ-ում Էլեոնոր Ռուզվելտի գլխավորած «միջուկային հանձնաժողովի» առաջարկությունների հիման վրա ու նրա ջանքերով 1946թ. հունիսին Տնտեսական ու սոցիալական խորհուրդը հիմնեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, որը պետք է մշակեր Մարդու իրավունքների Համընդհանուր Հռչակագրի տեքստը: Հանձնաժողովը կազմված էր 18 անդամից, որի նախագահ ընտրվեց Էլեոնոր Ռուզվելտը: Փոխնախագահներ ընտրվեցին Չինաստանի /Փ. Ս. Չանգ/ եւ Ֆրանսիայի /Ռենե Կասան/ ներկայացուցիչները:
ՄԱԿ քարտուղարության աջակցությամբ ՄԱԿ Մարդու Իրավունքների վարչության պետ կանադացի Ջոն Հեմֆրիին պատրաստեց մեծ զեկույց, որից հանձնաժողովը պետք է ընտրեր, թե որ իրավունքները պետք է թվարկվեն փաստաթղթում: Հանձնաժողովի առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1947թ. հունիսի 9-ին, որտեղ քննարկվեց 408 էջանոց քարտուղարության պատրաստած փաստաթուղթը, որը հիմնված էր Չիլիի, Կուբայի, Պանամայի, Մեծ Բրիտանիայի ու Միացյալ Նահանգների առաջարկություններից, ինչպես նաեւ 55 երկրների սահմանադրություններից վերցրած սահմանուների վրա: Սակայն առաջին հերթին պետք էր որոշել փաստաթղթի իրավական բնույթը: Որոշ երկրներ, այդ թվում նաեւ ԱՄՆ /խուսափելով Կոնգրեսի վավերացումից/ այն տեսնում էին, որպես բարոյական փաստաթուղթ: Ուրիշ երկրներ ուզում էին, որ այն իրավական ուժ ունենար: Եվ միայն Էլեոնոր Ռուզվելտի քաղաքական իրատեսության շնորհիվ, որոշում կայացվեց նախագծել երկու փաստաթուղթն էլ: Ռենե Կասանին հանձնարարվեց գրել Հռչակագրի նախագիծը, հիմնվելով Քարտուղարության ներկայացրած զեկույցի վրա: Հանձնաժողովը նորից հանդիպեց 1947թ. դեկտեմբերի 2-17-ը: Այս հանդիպման ժամանակ էլ որոշեցին իրավական ուժ ունեցող համաձայնագրի փոխարեն կենտրոնանալ Հռչակագրի վրա: Երեք տարիների համառ, տքնաջան ու աննախադեպ աշխատանքից հետո, անդուլ ուսումնասիրությունների, բուռն քննարկումների ու բանակցությունների արդյունքում սահմանվեցին մարդու իրավունքները ու հիմնարար ազատությունները, որոնք պետք է միասնական լինեին բոլոր ժողովուրդների ու բոլոր ժամանակների համար: Դեկտեմբերի վերջին նախագիծը պատրաստ էր եւ այն ուղարկվեց բոլոր անդամ պետություններին առաջարկությունների համար: Որոշ երկրներից պատասխան ստանալուց հետո հանձնաժողովը 1948թ. մայիսին վերսկսեց իր աշխատանքները եւ այն ավարտելուց հետո հունիսին նախագիծը ուղարկեց Տնտեսական ու Սոցիալական խորհուրդ, այնուհետեւ Գլխավոր վեհաժողով: Սակայն քննարկումները սրանով չավարտվեցին: Գլխավոր վեհաժողովի երրորդ հանձնաժողովը անցկացրեց 81 հանդիպում եւ քննարկեց հռչակագրի 168 օրինագիծ: Քննարկվում էր յուրաքանչյուր հոդված, ստեղծվեցին հատուկ ենթահանձնաժողովներ, որոնք տառ առ տառ հետեւում էին ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով թարգմանությունների իսկությանը: Դեկտեմբերի 6-ին նախագիծը ուղարկվեց Գլխավոր վեհաժողովի քննարկմանը: Վերջապես, դարձյալ բուռն քննարկումներից հետո, 1948թ. դեկտեմբերի 10-ին Հռչակագիրը ընդունվեց քվեարկությամբ: 48 պետություն կողմ քվեարկեց, 8 տերություն /Խորհրդային բլոկը, Հարավային Աֆրիկան ու Սաուդյան Արաբիան/ ձեռնպահ մնացին, 2 երկիր բացակայում էին: Այսպիսով Հանձնաժողովի եւ մասնավորապես Էլեոնոր Ռուզվելտի տարած մեծ աշխատանքի շնորհիվ փաստաթուղթն ընդունվեց միաձայն: Հռչակագրի ընդունումը իրավամբ համարվում է պատմական իրադարձություն: Տկն. Ռուզվելտը մեծ աշխատանք տարավ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ փաստաթղթի ստեղծման ժամանակ: Նա կոչով դիմեց աշխարհի տերություններին փաստաթղթի ընդունման ժամանակ չառաջնորդվել նեղ ազգային շահերով: Նա հիմնական շեշտը դնում էր դնում այն բանի վրա, որ, ըստ էության աշխարհը չի կարող ունենալ խաղաղություն կամ խաղաղությանը նպաստող միջավայր, եթե մարդկությունը չճանաչի անհատի իրավունքների ու արժանապատվության կարեւորությունը, ու համաձայնության չգա աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող այս հարցում: Հռչակագիրը հզորագույն փաստաթուղթ էր, որի մեջ ամփոփվեցին մարդկության ողջ պատմության ընթացքում կուտակված փորձառությունն ու նվաճումները: Հռչակագիրը «ճանաչեց մարդկության ընտանիքի բոլոր անդամներին բնորոշ արժանապատվության եւ հավասար ու անօտարելի իրավունքները որպես աշխարհի ազատության, արդարության ու խաղաղության հիմք» եւ հավաստեց, որ անհրաժեշտ է մարդու իրավունքները պաշտպանել օրենքի իշխանությամբ, որպեսզի մարդը, որպես վերջին միջոց հարկադրված չլինի ընդվզել բռնակալության ու ճնշումների դեմ: Էլ. Ռուզվելթը այն կոչեց «կենդանի փաստաթուղթ», որի նշանակությունը տարիների ընթացքում ավելի է կարեւորվելու: «Սա սոսկ պայմանագիր չի, այն ժամանակի ընթացքում դառնալու է «Ազատությունների միջազգային մեծ խարտիա»:
Հռչակագիրը ձեւավորվեց որպես համընդհանուր արժեքների բարոյական փաստաթուղթ, որը, ըստ էության, դարձավ միջազգային իրավունքի հիմնաքարը: Բազմաթիվ երկրների սահմանադրություններ հղում են կատարում Հռչակագրին, իսկ մարդու իրավունքների ջատագովները աշխարհով մեկ հետամուտ են լինում նրա սկզբունքների իրականացմանը: Հայաստանի Սահմանադրության նախաբանի մեջ անմիջական հղում չկա Հռչակագրին, սակայն ընդգծված է, որ հայ ժողովուրդը հավաստում է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին: Այն տվեց անհատի իրավունքների ու ազատությունների անվանական սահմանումը, անհատին դարձնելով միջազգային օրենքի սուբյեկտ եւ հայտարարեց, որ այդ իրավունքները ազգությունից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական եւ այլ համոզմունքներից, ազգային ու սոցիալական ծագումից, մարդկանց ունեցվածքից ու դասակարգային պատկանելությունից անկախ են ու նրան են պատկանում ծննդյան օրից:
1950թ ՄԱԿ-ը դեկտեմբերի տասը հռչակեց Մարդու իրավունքների օր:
Հետագայում հռչակագրից բխեցին նաեւ մի շարք այլ Համաձայնագրեր` ինչպես օրինակ 1966թ. ՄԱԿ-ի ընդունած Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների եւ Տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների կոնվենցիաները ու մի շարք այլ իրավական ուժ ունեցող մարդու իրավունքների Կոնվենցիաներ, որոնք Հռչակագրում տեղ գտած դրույթները պարտադիր են դարձնում այն երկրների համար, որոնք ստորագրել են այդ Կոնվենցիաները: Այդ կոնվենցիաները մարդու իրավունքների գործիքներն են: Դրանք են` Կտտանքների կամ այլ անմարդկային վերաբերմունքի կամ պատիժների դեմ, Կանանց դեմ կիրառվող ցանկացած խտրականության վերացման, Ռասսայական խտրականության ցանկացած դրսեւորման վերացման միջազգային կոնվենցիաները, Երեխաների իրավունքների կոնվենցիան եւ նույն կոնվենցիայի Զինված հակամարտությունների մեջ երեխաների ներգրավվածության մասին արձանագրությունը, Միգրանտ աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիան:
Այս բոլոր Կոնվենցիաները ծառայել են մի նպատակի` ստեղծել Մարդու իրավունքների օրենքը, որը ըստ էության օրենքների համակարգ է` ինչպես երկրի ներքին, այնպես էլ միջազգային, որոնց նպատակն է մարդու իրավունքների խթանումն ու պաշտպանությունը ամբողջ աշխարհում:
Մարդու իրավուքների միջազգային օրենքների կյանքի կոչումը ազգային պետության պարտականությունն է: Ցավոք առայժմ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ատյան չկա: Հանցագործությունների միջազգային դատարանը միայն զբաղվում է մարդկության դեմ կատարված հանցագործություններով ու ցեղասպանությամբ, սակայն Հռոմի կանոնադրությամբ նախատեսված է, որ Անվտանգության խորհուրդը կարող է միջնորդել Միջազգային քրեական դատարանին իր իրավասության տակ վերցնել առանձնահատուկ դեպքերը:
Միայն Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է զբաղվում մարդու իրավունքների խնդիրներով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, այն էլ միայն Եվրախորհրդի անդամ երկրների համար: Եվրոպական դատարանը միակ միջազգային ատյանն է, որն ընդունում է անհատների կողմից ներկայացված հայցերը: «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» հիմնական տարբերությունը այլ միջազգային պայմանագրերից այն է, որ վերջինիս շրջանակներում գործում է մարդու իրավունքների պաշտպանության իրական մեխանիզմ:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության բարձրագույն մարմինը Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն է: 2005թ. ՄԱԿ-ում ստեղծվեց Մարդու իրավունքների Խորհուրդը, որը փոխարինեց Մարդու իրավունքների հանձնաժողովին: Այն իրավասու է հետաքննելու մարդու իրավունքների խախտման դեպքերը: Այն Գլխավոր Վեհաժողովի ածանցյալ մարմին է եւ նստավայրը Ժնեւում է: Հանդիպում է տարին երեք անգամ, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում: Ունի անկախ փորձագետներ, որոնք նախապատրաստում են զեկույցներ Խորհրդի համար: Այն կարող է դիմել Անվտանգության խորհրդին պատժամիջոցներ կիրառելու խնդրանքով, եթե որեւէ տեղ մարդու իրավունքների ոտնահարման լուրջ դեպքեր են գրանցվում: Այնուամենայնիվ Անվտանգության խորհուրդը բազմիցս քննադատության է ենթարկվում մարդու իրավունքների խնդիրներում չմիջամտելու համար` Դարֆուրի ճգնաժամ, Սրեբրեննիցայի սպանդ, Ռուանդայի ցեղասպանություն:
Հաշվի առնելով այն իրողությունը, որ ՄԱԿ-ի Կոնվենցիաները չեն վավերացվում մի շարք պետությունների կողմից եւ դրանք տարբեր չափով են իրականացվում,1993թ. Վիենայում ընդունվեց Վիենայի հռչակագիրը եւ գործողությունների ծրագիրը, որը արդիական մեկնաբանություն տվեց Հռչակագրին: Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի գրասենյակին կից ստեղծվել են տարբեր հանձնախմբեր, որոնք հետեւում են վերոնշյալ Կոնվենցիաների ստորագրմանը, վավերացմանը եւ մարդու իրավունքի իրավիճակին տարբեր երկրներում: Սակայն պետք է նշել, որ իրականում բավական բարդ է իրավականորեն իրակացնել մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ որոշ իրավունքների հարցում բացակայում է կոնսենսուսը, ինչպես նաեւ այն պատճառով, որ որոշ երկրներում բացակայում է համապատասխան ազգային օրենսդրությունը:
Արդի իրավական հայեցակարգում մարդու իրավունքները բաժանվում են անձնական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների:
Անհատի անձնական իրավունքներն ուղղակիորեն կախված չեն մարդկանց քաղաքացիությունից: Այն մարդկանց է պատկանում ծնված օրից, որոնք անհրաժեշտ են մարդու կյանքի, արժանապատվության ու ազատության պաշտպանության համար: Դրանք են` կյանքի, ազատության ու անձնական անձեռնմխելիության, արժանապատվության, անձնական կյանքի ու բնակավայրի անձեռնմխելիության, ազգային ու մշակութային ինքնաճանաչման իրավունք: Խոսքի, խղճի, տեղաշարժման ազատություն: Դատական պաշտպանության իրավունք:
Քաղաքական իրավունքներն են` քաղաքացիության, միավորման, հավաքների, պետական կառավարման մասնակցության, հայտարարությամբ հանդես գալու իրավունք եւ զանգվածային լրատվամիջոցների ազատություն:
Սոցիալ-տնտեսական իրավունքներն են` մասնավոր սեփականության, գործարարության, աշխատելու, ընտանիքի, մայրության, հայրության ու մանկության, սոցիալական ապահովության, բնակավայրի, առողջության պաշտպանության, շրջակա միջավայրի, կրթության, ազատ ստեղծագործելու, մշակութային կյանքի մասնակցության իրավունք:
Հռչակագրի ընդունումը նաեւ խթան հանդիսացավ լուրջ քաղաքացիական շարժումների համար ամբողջ աշխարհում: 1961թ. անգլիացի մի խումբ լրագրողներ, իրավաբաններ, գրողներ քաղաքացիներ, ցնցված այն իրողությունից, որ երկու պորտուգալացի ուսանող քսան տարվա ազատազրկման են դատապարտվել միայն այն բանի համար, որ մի բարում բաժակ են բարձրացրել «ազատության» կենացը խմելու համար, ստեղծեցին մի գործ, որն անվանեցին «Համաներման հայց 1961թ.»: Այդ գործը հրապարակվեց մայիսի 28-ին Լոնդոնի Օբզերվըր ամսագրի հավելվածում: Հոդվածում ներկայացված էին տարբեր ազգությունների ու կրոնական պատկանելության մարդկանց վեց գործեր, որոնք ձերբակալվել էին զուտ իրենց կարծիքը հայտնելու համար: Հոդվածը կոչ էր անում բոլոր երկրների իշխանություններին ազատ արձակել նման բանտարկյալների: Արձագանքը շատ ավելի մեծ էր քան կարելի էր ակնկալել, նման դեպքերի հավաքագրումը տեւեց տարուց ավել ու այդ ժամանակ ծնվեց Ամնեսթի Ինտերնեշընըլ կազմակերպությունը ու մարդու իրավունքների ժամանակակից շարժումը: Մարդու իրավունքների շարժման աջակիցները ոչ մի նոր սկզբունք չեն ստեղծել: Նրանք գործում են անկախ քաղաքական գաղափարախոսությունից կամ կուսակցականությունից եւ հետեւում են մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների իրականացմանը եւ սեփական քաղաքացիների հետ կառավարությունների հարաբերություններին: Նպատակը կատարյալ հասարակություն կամ կառավարություն ստեղծելը չի, այլ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին հետամուտ լինելը: Այդ բոլոր շարժումներից ամենից ինստիտուցիոնալը ու կազնակերպվածը Ամնեսթի ինթերնեշընըլն է, որը սովորելով սեփական սխալներից կարողացավ ստեղծել մի կուռ կառույց, որը բավականին արդյունավետ է գործում աշխարհում: Նրանք չեն քննադատում իշխանություններին (անգամ ժամանակին կոմունիստական վարչակարգը կամ Ֆրանկոյի ոճի ֆաշիզմը), սակայն պայքարում են հանուն արդար դատավարության բոլոր քաղաքական բանտարկյալների համար, պայքարում են կտտանքների ու մահվան դատավճռի դեմ: Չեն աջակցում այն քաղբանտարկյալներին, որոնք կոչ են անում բռնության: Այդ իսկ նկատառումներով ժամանակին իրենց ցուցակից հանել են Նելսոն Մանդելայի անունը, որը զորակցել էր ապարտեիդի դեմ բռնի պայքարին:
Նրանց պայքարի այս սահմանափակ ձեւը դրդեց Մարդու իրավունքների այլ կազմակերպությունների ստեղծմանը: Դրանցից կարեւորագույնը Հյուման Ռայթզ Վոտչ կազմակերպության հիմնադրումն էր, որի սկզբնական անվանումը Հելսինկի վոտչ էր (1978թ.): Ժամանակի ընթացքում այն միավորվեց այլ կազմակերպությունների հետ եւ ստեղծվեց Հյուման Ռայթզ Վոտչը:
Մարդու իրավունքների շարժումը եւ մասնավորապես Ամնեսթի Ինթերնեշընըլը թափ հավաքեցին 1970-ականներին: Ամնեսթին դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, որպես հասարակական կազմակերպություն: Նրանց զեկույցները պարտադիր են կարդալու համար աշխարհի պետությունների արտաքին գործերի նախարարությունների ու օրենսդիրների համար: Եթե անգամ նրանց առաջարկությունները չեն կատարվում, այնուամենայնիվ հաշվի են առնում: 1977թ. այն Նոբելյան մրցանակի է արժանացել իր գործունեության համար: Այն մշտապես տարբեր կառավարությունների քննադատության թիրախն է եղել, անգամ զավեշտալի, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ը հայտարարեց, որ Ամնեսթին ԿՀԳ-ի շրջանակներում է գործում, իսկ Արգենտինայում այն համարում էին Խորհրդային ԿԳԲ-ին կից կազմակերպություն:
Մարդկության պատմության ընթացքում տղամարդիկ, կանայք ու երեխաներ պայքարել ու անգամ իրենց կյանքն են տվել այդ իրավունքներն ու ազատությունները ճանաչված ու հարգված տեսնելու համար: Եվ այդ պայքարում Հռչակագիրը մարդկության մեծագույն նվաճումներից է: Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը այն գործիքն է, որը ծնվեց միջազգային հանրության պատասխանատվության զգացողության աճի վրա ամբողջ աշխարհում մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խթանման ու պաշտպանության համար` որպես աշխարհում խաղաղության գրավական: Մարդու իրավունքներն ու ազատությունը զարգացած եւ հարուստ երկրների մենաշնորհը չեն, հակառակը նրանց պարտականությունն են ու պատասխանատվությունը` խթանելու այլ երկրների մարդու իրավունքներն ու ազատությունները: Մարդու իրավունքները համամարդկային արժեքների քվինթէսենցիան է, որը վկայակոչում է, որ մարդկությունը ընդհանրական հանրություն է եւ, որ ազատությունը, արդարությունն ու խաղաղությունը հնարավոր է ապահովել միայն միջազգային ջանքերով: Այն, որպես աշխարհի ազգությունների հավաքական ձգտումների չափանիշ ոչ միայն բյուրեղացրեց մեր ժամանակների քաղաքական միտքը, այլեւ իր ազդեցությունն ունեցավ աշխարհի բոլոր օրենսդիրների մտածողության վրա: Մարդու քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների ճանաչումն ու հարգանքը, անհատի արժանապատվության ապահովումը առաջընթացի գրավականն են, ինչպես նաեւ յուրաքանչյուր երկրի զարգացման նախապայմանը, որտեղ յուրաքանչյուր անհատ հնարավորություն ունի ընդլայնելով իր ներուժը նպաստել ողջ հասարակության զարգացմանը:
2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հայտարարել է «Արժանապատվություն եւ արդարություն բոլորի համար» քարոզարշավի տարի:
Այսօր առավել քան երբեւէ Հայաստանում օրախնդիր է մարդու իրավունքների հարցը, քանի որ առավել քան երբեւէ արհամարհվում է արժանապատվությունը, իսկ արդարությունը` ոտնահարվում: Հայաստանը միացել է ՄԱԿ-ի եւ Եվրախորհրդի համարյա բոլոր կոնվենցիաներին, սակայն դա դեռեւս Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության երաշխիք չի եւ մարդու իրավունքների վիճակը երկրում հեռու է բարվոք լինելուց: 70-ավել քաղբանտարկյալներ, քաղաքական հետապնդումներ` միայն սեփական կարծիքն արտահայտելու ու տարբեր դիրքորոշում ունենալու համար: Մարդկանց զրկում են իրենց բնակավայրից, ազատում են աշխատանքից, արհամարհվում է հավաքներ անցկացնելու, արդար դատավարության իրավունքը եւ սա Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի ողջ թվարկությունը չի: Մարդկության պատմությունը վկայությունն է այն բանի, որ իրավունքների համար պետք է պայքարել, մարդու իրավունքները չեն ներդրվում դրսից, չեն տրվում վերեւից, այլ ձեռք են բերվում ներքեւից` մեզնից յուրաքանչյուրի անհատական ու բոլորիս հավաքական ջանքերով: Ինչպես ասել է ԱՄՆ նախկին Գլխավոր դատախազ Ռեմզի Քլարքը, «Իրավունքն այն չի, երբ ինչ-որ մեկն այն տալիս է քեզ, այլ այն է, երբ այն ոչ ոք չի կարող քեզնից խլել»: Օտարում ֆիլմում ներկայացված է մարդու իրավունքների ոտնահարման եւս մեկ դրսեւորում Հայաստանում, որը չպետք է հասարակությանն անտարբեր թողնի: Այս առնչությամբ ուզում եմ հիշեցնել Նացիստների զոհ լյութերան քահանա Նիմոլերի խոսքերը. «Նախ նրանք եկան հրեաների հետեւից եւ ես ձայն չհանեցի, որովհետեւ հրեա չէի: Հետո եկան կոմունիստների հետեւից ու ես ձայն չհանեցի, որովհետեւ կոմունիստ չէի: Հետո նրանք եկան արհմիության անդամների հետեւից ու ես դարձյալ ձայն չհանեցի, որովհետեւ ես արհմիության անդամ չէի: Երբ նրանք եկան իմ հետեւից այլեւս մարդ չէր մնացել, որ ինձ համար ձայն հաներ»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել