Նախորդ տարի ջրհեղեղն էր մոլեգնում, այս տարի` հրդեհը
2010 թ. Լոռու մարզում գրանցվել է հրդեհի 138 դեպք, միայն 72-ը` օգոստոս ամսին: Ամենաշատ հրդեհները եղել են Թումանյանի տարածաշրջանում` 36 դեպք, միայն օգոստոսին` 28: Հրդեհները նյութական վնաս են պատճառել: Անասնագոմի այրման 7 դեպք է գրանցվել: Թումանյանի տարածաշրջանում անասնագոմի հետ այրվել են նաև անասունները` 10 գլուխ:
Եղել են մարդկային զոհեր և վիրավորներ` մեկական զոհ Գուգարքում և Սպիտակում, 3 վիրավոր` Վանաձորում, 1 վիրավոր` Գուգարքում:
Նախ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծվել կլիմայական պայմանների հետևանքով: Գարնան ամիսների առատ տեղումներից հետո Լոռու մարզում կլիման կտրուկ փոխվել է. տեղի է ունեցել ջերմաստիճանի բարձրացում, ինչի արդյունքում անբավարար խոնավության պատճառով չորացել են կանաչ տարածությունները` վտանգ ստեղծելով հրդեհների առաջացման համար:
Սակայն հրդեհների միայն 1 %-ն է առաջանում բնական պատճառներից, 99 %-ը` մարդածին են: Հրդեհների առաջացման հիմնական պատճառը գյուղատնտեսական հրկիզումներն են: Մարզում գրանցվել է չոր խոտածածկույթի այրման 70 դեպք, որից 26-ը` Թումանյանի տարածաշրջանում: Արոտավայրերն ու խոտհարքները մշակելու փոխարեն մարդիկ այրում են դրանցում աճած մոլախոտն ու բուսականությունը կամ այրում են միտումնավոր` հողի բերքատվությունը բարձրացնելու նպատակով: Այնինչ հուրն ամենամեծ վտանգն է հողի էրոզիայի համար:
Հրդեհների առաջացման համար սահմանված են վարչական և քրեական պատիժներ: Մարզում 5 դեպքի վերաբերյալ նշանակվել է տուգանք` ընդհանուր առմամբ 190 հազար դրամ: Երկու դեպքի վերաբերյալ հետաքննությունն է տարվում, հնարավոր է նշանակվի վարչական տուգանք: Երկու դեպքի վերաբերյալ էլ բանավոր նախազգուշացում է տրվել:
138 դեպքերից միայն մեկի դեպքում է քրեական գործ հարուցվել:
Հրեդահաշիջումը կատարվում է անտառտնտեսության, հրդեհային տեսչության, հրշեջ փրկարարական ծառայության կողմից: Բայց մարզային այս կառույցները դժգոհում են իրենց փոքրաթիվ անձնակազմից և տեխնիկական զինվածությունից:
Վերջին տարիներին բավականին շատ տեխնիկա է ներմուծվել Հայաստան, Լոռին ստացել է փրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ գույք, սակայն տրանսպորտային միջոցներ չեն ստացվել: 25-30 տարվա մեքենաներով են աշխատում:
Հրդեհաշիջումը դժվարանում է նաև ռելիեֆի առանձնահատկությունների պատճառով: Լեռնային պայմաններում տեխնիկան չի աշխատում:
Այս պատճառաբանությունները բերելով` հրշեջներն արդարանում են Ղռեր հանդամասում բռնկված հրդեհի ժամանակ բնակիչների ահազանգին չարձագանքելու համար:
«Մեր ծառայությունը տեղում է, ուժերը քիչ են, հնարավորությունները քիչ են»,- ասում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը:
Նա բախտավորություն է համարում, որ այսքան ժամանակ հնարավոր է եղել անտառները պահպանել. «Բավական է մի փոքր կրակ, մի քիչ ուշ արձագանքենք, ամբողջ անտառները կայրվեն, չենք կարող առաջն առնել: Մի փոքր քամու դեպքում էլ հրդեհը կտարածվի, ահավոր հետևանքներ կունենա»:
Մնում է մարդու գործոնը: Բայց մարդիկ չեն գիտակցում իրենց վնասարարությունը: Այն աստիճան անտարբերություն է, որ նույնիսկ գերեզմանների հողն են այրում: Հրդեհր տարածվում է` ընդգրկելով կողքի գերեզմանները, տապանաքարերը, նկարները: Գերեզմանների այրման դեպքեր են գրանցվել Վանաձորում, Սպիտակում, Տաշիրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել