HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական բյուջեի եկամուտներն աճել են

2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 438.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` ավելի քան 463.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից ինն ամիսների համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 85.1 և 72.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 60.2%-ով, ծախսերի գծով` 54.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 22.2%-ով կամ 79.8 մլրդ դրամով: Ընդ որում, 20.4%-ով (68.4 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 97.1%-ով կամ 2.6 մլրդ դրամով պաշտոնական դրամաշնորհները, 43.3%-ով կամ 8.7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Պետական բյուջեի եկամուտների 92.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը` այլ եկամուտների, 1.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 10.7 մլրդ դրամ: 2010 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են ավելի քան 463.5 մլրդ դրամի ծախսեր` կազմելով իննամսյա ծրագրի 72.9%-ը: Մասնավորապես` 419.4 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 44.1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.4 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 8.7%-ով կամ շուրջ 37 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի և դրամաշնորհների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: 2010 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 24.7 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսված 120.4 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 67.5 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է ավելի քան 27.3 մլրդ դրամ, իսկ արտաքին աղբյուրները կազմել են  -2.6 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter