HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Մտածում են` ինչպե՞ս ճգնաժամից օգուտ քաղեն

2000 թ.-ից Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում գործող «Լայքս Արմենիա» ընկերությունը, որը «Լայքս Եվրոպա» ընկերության ամենամեծ մասնաճյուղն է ամբողջ աշխարհում, փակվում է:

Ընկերության բաժնետերերը որոշել են վաճառել կամ լուծարել «Լայքս Եվրոպա»-ն եւ նրա բոլոր մասնաճյուղերը, քանի որ այն շահութաբեր չէ: Այս մասին են վկայում ընկերության պաշտոնական կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունները: 

«Լայքս»-ը Եվրոպայում հայտնի է որպես ինտերնետ - պորտալ, որի ծառայություններից են վեբ կայքերի դիզայնը, գովազդը, էլեկտրոնային առեւտուրը, չաթը եւ այլն: Ընկերությունում (Գերմանիա) աշխատում է 700 մասնագետ, որից 220-ը` հայաստանյան մասնաճյուղում: Ընկերության արտադրանքի շուկան եվրոպական երկրներն են: 

«Լայքս Արմենիա»- ի գրասենյակում հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ, սակայն հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցները, որոնցից 150-ը բարձրակարգ մասնագետներ են, արդեն տեղեկացված են ընկերության փակման մասին: 

Ընկերության նախկին աշխատակից Միքայել Ղազարյանի համար աշխատանքի կորուստը լուրջ մտահոգությունների պատճառ է դարձել:

«Ես, ինչպես իմ գործընկերներից շատերը, վարկ ենք վերցրել, եւ հիմա խնդիրը ոչ միայն ուղղակի աշխատանք գտնելն է, այլ նաեւ համապատասխան աշխատավարձ ունենալու հարցն է դառնում շատ կարեւոր»,- ասում է Միքայելը: 

«Լայքս Արմենիա» ընկերության հայաստանյան թիմը ոլորտի աշխատաշուկայի 3 տոկոսն է կազմում: Ընդհանուր առմամբ, ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների` ոլորտում աշխատում է մոտ 5000 մասնագետ (ոլորտի այլ ներկայացուցիչներ նշում են 6000 թիվը): 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետ Ժենյա Ազիզյանն ասում է, որ մասնագետներին աշխատանքով ապահովելու խնդրի լուծման ուղին նախարարությունում արդեն պատկերացնում են: 

«Մեզ համար ամենալավ տարբերակը կլինի այն, որ մենք կարողանանք ամբողջ թիմը վերակազմավորել ուրիշ ընկերությունում` նույն շենքում, որովհետեւ այդ մասնագետներն արդեն թիմ են, նրանց աշխատանքը համակարգային է եւ, եթե անգամ նրանցից ամեն մեկը կարողանա ուրիշ տեղում աշխատանք գտնել, մեզ համար առաջնային նպատակն է, որ նրանք շարունակեն միասին աշխատել»,- ասում է Ժենյա Ազիզյանը: 

Խնդրի լուծման գործնական ուղիներին վարչությունը կանդրադառնա այն ժամանակ, երբ «Լայքս Եվրոպա» ընկերության ղեկավարությունը դադարի լինել աշխատակիցների պաշտոնական գործատուն: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների» միության տնօրեն Կարեն Վարդանյանին այս իրավիճակում մտահոգող միակ հարցն է` ի՞նչ եւ ինչպե՞ս անել, որպեսզի ընկերության մասնագետները չմնան անգործ: 

«Մենք ուզում ենք գտնել գործարարներ, որոնք կցանկանան հիմա ներդրումներ անել եւ պահել այն թիմը, որն ընկերության փակման պատճառով մնացել է անգործ: Ի դեպ, ներդրումների մասնաբաժին կարող է ունենալ նաեւ պետությունը: Սա, իսկապես, կլիներ գործնական օգնություն, մանավանդ, որ այս հարցով հետաքրքրվում է նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը»,- առաջարկում է պրն Վարդանյանը` ավելացնելով, որ, եթե հարցերը գործնականում չեն լուծվելու, ապա բոլոր խոսակցությունները դատարկաբանություն են:

Աշխարհում ծավալվող ֆինանսական ճգնաժամի եւ Հայաստանի վրա դրա հետեւանքների մասին պաշտոնական առաջին հայտարարությունները միտված էին ներշնչել մարդկանց, որ այն կշրջանցի Հայաստանը, հետո, երբ իրականությունն այլ պատկեր ուրվագծեց, հաջորդեցին խոսակցությունները, թե Հայաստանը կարող է ճգնաժամից օգուտներ քաղել, սակայն, ինչպես հավաստում է պրն Վարդանյանը, «օգուտ քաղելու» ձեւը տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտում դեռեւս ներկայացված չէ, թեպետ դրա հնարավորությունները շատ են: 

«Մեզ մոտ չկա ճգնաժամից օգտվելու քաղաքականություն»,- ասում է միության տնօրենը: 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում հավաստիացնում են, որ «օգուտներ քաղելու» գործնական քայլերի փաթեթը տասնօրյա ժամկետում կներկայացվի կառավարությանը: Անցած հանսգտայն օրերին տեղի է ունեցել հանդիպում ոլորտի մասնավոր ընկերությունների ղեկավարների հետ, որոց համագործակցությունն անհրաժեշտ է խնդիրների լուծման համար:

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել, ոլորտի զարգացման հայեցակարգի դրույթներն են, սակայն հիմա նպատակներ կան, որոնց իրագործումը պետք է արագացվի` պահը որսալու համար»,- ասում է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման վարչության պետը:

Ճգնաժամի հետեւանքով տուժած շատ երկրներում այս ոլորտի մասնագետները կորցնում են իրենց աշխատանքը: Շատ ընկերություններ գումար խնայելու համար ուրիշ շուկաներ են փնտրում` ներդրումներ անելու համար: 

«Պետք է մտածել` ինչպե՞ս անել, որ մեզ մոտ ստեղծվեն նոր ընկերություններ, որովհետեւ հնարավորություն կա նոր մասնագետներ ներգրավել մեր շուկա ուրիշ երկրներից: Կամ` ինչպե՞ս անել, որպեսզի այս ընթացքում մտնենք նոր շուկաներ, քանի որ մեզ հայտնի ֆինանսական կենտրոնները ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից տեղափոխվում են այլ տարածաշրջաններ` Արաբական էմիրություններ, Հնդկաստան, Եգիպտոս եւ այլն»,- ասում է Կարեն Վարադանյանը: 

Հայաստանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական ոլորտում գործում է շուրջ 200 ընկերություն, որից 60-ը արտասահմանյան ծագում ունեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter