«Ազատամարտի» խմբագրապետի խոսքը
«Դրօշակի» մատենաշարով լույս է տեսել գրող, հրապարակախոս Մուշեղ Միքայելյանի «Ազատամարտ» գիրքը: «Ավանգարդ» թերթի աշխատակիցը «Հայաստանի հանրապետություն» օրաթերթի հիմնադիրներից մեկը, 1991-ի մարտից մինչեւ Դաշնակցության գործունեության կասեցումը ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտի» խմբագրապետն էր: Գրքում հիմնականում Մուշեղի խմբագրականներն են:
ՀՅԴ մամլո դիվանը հայտնում է, որ գեղարվեստական շնչով քաղաքական քրոնիկոն հիշեցնող այդ գործերը պատկերում են այն ժամանակվա հայ քաղաքական կյանքի իրական պատկերը: 15-20 տարվա վաղեմության խմբագրականները բազում հարցադրումներ ունեն, որոնք դեռ պատասխանի են սպասում: Այդ պատասխանները գտնելու փորձ է նաեւ Հրանտ Մաթեւոսյանի եւ Արմեն Հովհաննսիյանի հետ Մուշեղի հարցազրույցները: Դրանք ազնիվ, շիտակ խորհրդածություններ են մտավորականության, մշակույթի ու քաղաքականության մասին, ներկայի ու ապագահի մասին: Ներկայացնում ենք գրքի առաջաբանը, որի հեղինակը արձակագիր Ռուբեն Հովսեփյանն է:
Մեր Մուշեղը
Թերությո՞ւն է հռետոր չլինելը` չգիտեմ, բայց ամբիոնից խուսափելը, երբ հռետոր չլինելու գիտակցությունն ունես, համոզված եմ, առաքինություն է: Առաքինություն է նաև հակառակը` սեփական ուժի ու կարողության գիտակցումը: Մուշեղը ամբիոնին երբեք չմոտեցավ, բայց հրապարակախոսի նրա սուր գրիչը և դաշնակցականի հստակ աշխարհընկալումը ուղղորդեցին նրան լրագրողական ասպարեզ, որտեղ նոր-նոր էր ծիլ տալիս ազատ խոսքի բանտված սերմը: Լրագիրը, այն էլ քաղաքական-հասարակականը, այն էլ պաշտոնականը, նույնպես ամբիոն է` տեսակի պարտադրանքով, թեև ավելի լուրջ ու ծանրակշիռ, քան միտինգայինը, հռետորայինը:
Բայց Մուշեղն իր անուն-ազգանունով այս ամբիոնին էլ չմոտեցավ: Նա պարզապես ձուլվեց այդ ամբիոնին և ինքը վերածվեց ամբիոնի:Թերթեք 1991 թվականի մարտի ութից մինչև Դաշնակցության կասեցումը «Ազատամարտ» պաշտոնաթերթի համարները, կարդացեք հատկապես քաղաքական քրոնիկոն հանդիսացող խմբագրականները և դուք կհաղորդակցվեք տարրալուծում կոչվող զարմանալի այն երևույթին, ինչը բնության մեջ, թերևս, ամենուր է, սակայն մարդկային հարաμերություններում` հազվադեպ:
Թերթեք արդեն պատմություն դարձած այդ համարները, կարդացեք այդ համարների պարունակությունը և կտեսնեք, որ Մուշեղը դրանց մեջ թե' կա և թե' չկա: Չկա' նրա անուն-ազգանունը, ստորագրությունը և ոչ մի խմբագրականի, հոդվածի տակ: Բայց նա կա թե' խմբագրականներում, թե' հոդվածներում, թե' տեղեկատու տողերում, թե' ձևավորման հաստ ու բարակ գծերում: Նրան ճանաչողը, հիշողը կզգա այն շունչն ու հանգը, այն համն ու հոտը, այն սրամտությունն ու սարկազմը, հարցականներով` պատասխաններ հուշող ոճը, որ միայն Մուշեղինն էր` Միքայելյան Մուշեղինը: Հնարավոր է, որ ոչ բոլոր խմբագրականներն է գրել Մուշեղ Միքայելյանը և եթե կան այդպիսիք, ապա դրանց մեջ էլ է Մուշեղը այնքան ներկա, որքան իր հեղինակածներում։
Նա տարրալուծված էր «Ազատամարտի» մեջ: Նա «Ազատամարտի» աղն էր:Եվ ոչ միայն «Ազատամարտի»: Եվ թող նա մեզ ների, որ սերունդների համար, իր հիշատակը չկորցնելու համար` փորձել ենք տարրալուծված այդ լուծույթից բյուրեղ-բյուրեղ անջատել ու այս գրքի կազմին դրոշմել իր անունը կազմող հայերեն տառերը` Մուշեղ Միքայելյան…
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել