HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմեն Աշոտյանը պատասխանեց միայն հեռուստալրագրողների հարցերին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ` այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ: Վեհափառը հայրապետական օրհնություն հղեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ նշեց, որ միշտ սերտ է եղել դպրոց-եկեղեցի կապը: Պատարագին ներկա էին նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետարանների կրթության վարչության պետեր, դպրոցի տնօրեններ եւ այլք: Եկեղեցական արարողության ավարտից հետո եկեղեցու բակում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ Արմեն Աշոտյանը հանդիպեցին լրագրողներին: Կաթողիկոսն ասաց, որ հետամուտ է, որպեսզի հայ եկեղեցու պատմության դասընթացները դպրոցներում կազմակերպվեն պատշաճ մակարդակով եւ արդյունավետ կերպով: «Ուրախ ենք ասելու, որ դասավանդությունները իրապես պատկերացում են փոխանցում, գիտելիքներ են տալիս մեր զավակներին մեր եկեղեցու, նրա պատմության ու հոգեւոր արժեքների մասին»,- ասաց կաթողիկոսը: Իսկ Արմեն Աշոտյանն իր խոսքում նշեց, որ  կրթության եւ գիտության ոլորտը ոչ միայն աշխարհիկ բարձրագույն իշխանության ուշադրության կենտրոնում է, այլ նաեւ հոգեւոր իշխանության: «Դարեր շարունակ, երբ չենք ունեցել պետականություն, կրթության եւ գիտության նախարարություն, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա ստանձնել դպրության, կրթության, իմաստության եւ մշակույթի պահպանման եւ զարգացման խնդիրը»,-ավելացրեց նախարարը: Նա դիմել է Վեհափառին, որպեսզի նոր ուսումնական տարվա կապակցությամբ կազմակերպվող արարողությունը լինի ավանդական եւ տարածվի ամբողջ հանրապետությունում: «Հայրապետական օրհնությունն այսօր որ ստացնանք, կհեշտացնի մեր աշխատանքը: Այս սպառողկան հոգեբանության դարում, հարկավոր է պահպանել, զարգացնել այն լույսը, որը սփռում է հավատը, որովհետեւ թե' հավատն է լույս, թե' կրթությունը»,- ասաց Ա. Աշոտյանը: «Պաշտոնական» հարցազրույցից հետո Արմեն Աշոտյանին առանձին-առանձին մոտեցան հեռուստաընկերությունների լրագրողները ու սկսեցին հարցեր ուղղել նրան: Վերջինս սիրով պատասխանում էր բոլոր հեռուստալրագրողների հարցերին: Սակայն, նախարարը նույն բարյացակամությամբ տրամադրված չէր թերթերի լրագրողների նկատմամբ: Ա. Աշոտյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչպես է մեկնաբանում այն լուրերը, որ ավագ դպրոցների տնօրենները երեխաներին ընդունելու համար կաշառք են վերցնում ծնողներից: Նախարարին նաեւ հարցրինք, թե ինչ տպավորություններով է վերջերս վերադարձել Ջավախքից: «Ամսի 7-ին առանձին ասուլիս է լինելու կառավարությունում, դրան կանդրադառնամ: Ես ամեն օր եթերում եմ եւ մամուլի հետ շփվում եմ, մնացածը ասուլիսի ժամանակ կասեմ»,- ասաց Արմեն Աշոտյանն ու հեռացավ: Նա մի պահ նույնիսկ բարկացավ, որ պնդում ենք մեր հարցը. «Արդեն չորրորդ անգամ եմ ասում, որ հարցերին կպատասխանեմ ասուլիսի ժամանակ»: Նախարարին օգնության հասան նաեւ եկեղեցու սպասավորները` հորդորելով չխանգարել իրենց աշխատանքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter