Կաթողիկոսի տվյալներով` աղանդավորները քչացել են
Արմավիրի մարզում գործում է մոտ 20 եկեղեցի: Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն նաեւ Աղավնատուն եւ Շահումյան գյուղերում բարերարների կողմից կառուցվող եկեղեցիները: Սակայն այս ամենին զուգընթաց «բարգավաճում» են նաեւ աղանդավորները: Օրը մի քանի աղանդավորական խմբերր են այցելում Մայր Աթոռից 2-3 կմ հեռավորության վրա գտնվող գյուղեր եւ անարգել հոգեորսությամբ զբաղվում: Հատկապես Եհովայի վկաները ակտիվ գործունեություն են ծավալում Մեծամոր, Արմավիր քաղաքներում, նրանց թիվը քիչ չէ նաեւ Էջմիածնում:
Գիտելիքի օրվան նվիրված եկեղեցական պատարագից հետո Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայտարարեց, որ ինքն անձամբ է հետեւում, որ դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան որակյալ դասավանդվի եւ արդյունքներն արդեն զգացնել են տալիս, քանի որ երիտասարդ-եկեղեցի կապն ամրանում է:
«Հետքը» Վեհափառից հետաքրքրվեց` եթե այդքան ամուր է այդ կապը, եւ եկեղեցին էլ ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդների հոգեւոր դաստիարակության հարցը, ինչու՞ հենց Մայր Աթոռից քիչ հեռու հոգեւորսության զոհ են դառնում բազմաթիվ քաղաքացիներ:
«Մենք փորձում ենք հնարավորինս զերծ պահել մեր զավակներին օտարամոտ աղանդավորական քարոզչություններից: Կարծում եմ, որ մեր հավատավոր զավակները իրենց հավատարմությունը նախանձախնդրորեն կպահեն իրենց հայրերի, սրբազան արժեքների նկատմամբ: Մեր ունեցած տվյալներով` աղանդավորներն աստիճանաբար նվազում են, թերեւս պարբերաբար օգնություն ստանալով արտերկրից, նրանք զորացնում են իրենց քարոզչությունը, բայց ուրախ ենք ասելու, որ իրապես աղանդավորական շարժումները նվազ արձագանք են գտնում մեր զավակների հոգիներում, որոնք ավելի են փարվում եկեղեցուն, սուրբ հավատին եւ հոգեւոր արժեքներին»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել