HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախթանգ Կիկաբիձե. «Չեմ ուզում ծնկի գալ»

Վրաստանում վերջին շրջանում կատարվող իրադարձությունների մասին իր գնահատականներն անցած շաբաթ «Կովկասի լրագրողների ցանցում» ներկայացրեց վրաց հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեն: Վրաց-ռուսական ռազմական բախումից անմիջապես հետո նա հրապարակավ հրաժարվել էր գարնանը Ռուսաստանի կողմից ստացած Ժողովուրդների բարեկամության շքանշանից եւ որոշել այլեւս Մոսկվա չվերադառնալ:

Հետք - Ձեզ սիրում եւ «իրենց» դերասանն են համարում նաեւ Հայաստանում։ Կարծում եմ` Ձեզ սիրում են նաեւ Ռուսաստանում։ Իսկ ինչպե՞ս են վերջին երկու-երեք տարում ապրում ռուսաստանաբնակ էթնիկ վրացիները։

- Ռուսական ԶԼՄ-ները պնդում են, որ լավ են ապրում։ Ինչ-որ ժամանակ դա իսկապես այդպես էր։ Բայց հետո մեզ սկսեցին արտաքսել։ Սկսվեցին հալածանքները։ Հիմա էլ, Արեւմուտքի ազդեցության շնորհիվ, նորից վրացիներին ձեռք չեն տալիս, ժողովրդավարություն են խաղում։ Ռուսաստանը չի ուզում դրա պատճառով փչացնել հարաբերությունները Արեւմուտքի հետ։ Այդուհանդերձ, վրացիների մեծամասնությունը ցանկանում է հեռանալ։ Այնտեղ նրանք իրենց այնքան էլ ազատ չեն զգում, վստահություն չունեն վաղվա օրվա հանդեպ։

- Ինչպես հայտնեցին տեղեկատվամիջոցները, օգոստոսյան իրադարձություններից հետո Դուք հրաժարվեցիք ռուսական պարգեւներից։ Ինչպե՞ս ընդունեցին Ձեր այդ քայլը Ռուսաստանում հիմա էլ ապրող եւ հանրահայտ վրացի երգիչներն ու երգչուհիները, նկարիչներն ու քանդակագործները։ Դուք չե՞ք ցանկանում վերադառնալ Մոսկվա։

- Սկսենք նրանից, որ ես չհրաժարվեցի պարգեւներից, այլ միայն վերադարձրի Ժողովուրդների բարեկամության շքանշանը։ Ես ունեմ բազմաթիվ ռուսական պարգեւներ եւ դրանցից չեմ հրաժարվել։ Բայց ինձ պարգեւատրեցին Ժողովուրդների բարեկամության շքանշանով, եւ դրանից հետո ռուսական տանկերը մտան Վրաստան։ Այդ իրադարձություններից հետո ես Ռուսաստանում չեմ եղել։

- Ի՞նչ եք կարծում, ռուս-վրացական հակամարտությունը կարելի՞ է անվանել էթնիկական, Վրաստանում գոյություն ունի՞ ռուսատյացություն, իսկ Ռուսաստանում` վրացատյացություն, թե՞ այն ամենը, որ այսօր տեսնում ենք, ժամանակավոր տարաձայնություններ են եւ չեն անդրադառնա երկու ժողովուրդների հարաբերությունների վրա։

- Վրաստանում երբեք չի եղել ռուսատյացություն, եւ մինչեւ հիմա այստեղ ապրում են մեծ թվով ռուսախոս մարդիկ։ Ռուսաստանում վրացատյացություն սերմանում են ռուս քաղաքական գործիչները, ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Ընդհանրապես, ես բնույթով լավատես եմ եւ կարծում եմ, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե միայն ռուս քաղաքական գործիչները բավականաչափ խելացի գտնվեն։

- Ի՞նչն է Ձեզ ուրախացնում, եւ ի՞նչն է վշտացնում Վրաստանի այսօրվա կյանքում։ Ի՞նչն եք համարում հավերժական արժեքներ։

- Վերջին 15-16 տարիների ընթացքում ինձ չի ուրախացնում այն լարվածությունը, որ կա Վրաստանում, եւ որի համար որոշ չափով մեղավոր է նաեւ ռուսական քաղաքականությունը։ Չի ուրախացնում այն, որ մենք շարունակ ստիպված ենք անհանգստանալ մեր երեխաների ու թոռների համար։ Չի ուրախացնում քաղաքական իրավիճակը։ Ցանկացած փոքր երկրի պետք է հարգել ճիշտ այնպես, ինչպես մեծ եւ հզոր երկրի, հարգել նրա ինքնորոշման իրավունքը եւ, համապատասխանաբար, նրա քաղաքականությունը։

Նինոծմինդայի համայնքային ռադիո - Ձեզ համար դժվա՞ր էր հրաժարվել Ռուսաստանում նախատեսված շրջագայությունից։

- Կարծում եմ, որ ես ճիշտ վարվեցի, քանի որ ինձ համարում եմ մի երկրի քաղաքացի, որը կոչվում է Վրաստան, եւ ամեն ինչ պետք է անեմ այնպես, ինչպես վայել է Վրաստանի քաղաքացուն։ Ես համերգներով հաճախ եմ եղել Ռուսաստանի քաղաքներում, շատ եմ նկարահանվել։ Այսօր չեմ ուզում ծնկի գալ։ Եթե այդպես վարվեի, նրանք հաճույքով կընդունեին ինձ, կգուրգուրեին, եւ ոչ մի խնդիր չէր լինի։ Բայց չեմ ուզում այդ բանն անել։

Ես սկսել եմ գիրք գրել «Կովկասյան ազգության անձ» վերնագրով։ Արդեն կեսը գրել եմ։ Գրում եմ երգեր, սցենարներ։ Ամենագլխավորը` վերջերս ստեղծեցինք Վախթանգ Կիկաբիձեի հիմնադրամը, որը կօգնի նկարահանել ֆիլմեր` գեղարվեստական եւ վավերագրական, այդ թվում` Վրաստանի մասին, որպեսզի իմանան, թե ինչպիսի երկիր է Վրաստանը, ինչպիսի մարդիկ են ապրում այստեղ։

Ադրբեջանի պետական ռադիոհեռուստատեսություն - Ինչպե՞ս է իրեն զգում Վրաստանի մտավորականությունը հայտնի իրադարձություններից հետո, պատերազմն ազդե՞ց Ձեր ստեղծագործական պլանների վրա։

- Մտավորականությունն իրեն զգում է այնպես, ինչպես բոլոր սովորական մարդիկ։ Ոչ ոք նման բան չէր սպասում, չէր սպասում այդպիսի կոպիտ եւ չարանենգ իրադարձությունների։ Մտավորականությունը սթրեսի մեջ է։ Հայրս զոհվել է 1942 թվականին Կերչի մոտ` պաշտպանելով Խորհրդային Միությունը, պաշտպանելով ռուսներին, ուկրաինացիներին, հայերին, հրեաներին եւ ուրիշների։ Եթե նա հիմա հարություն առներ, հավանաբար կամաչեր այն ամենի համար, որ կատարվում է մեր միջեւ։

- Ինչպե՞ս ընդունեց ռուս հասարակայնությունն այն բանը, որ Դուք հրաժարվեցիք Ժողովուրդների բարեկամության շքանշանից, եւ ի՞նչ պլաններ ունեք Մոսկվայում բնակվելու վերաբերյալ։

- Այդ ամենի մասին տեղեկություններ կարող եք գտնել Ինտերնետում։ Այնտեղ այդ մասին ամեն տեսակի վատ բաներ շատ գրվեցին։ Որ իբր թե ես դավաճանեցի Ռուսաստանին, որ իբր թե այնտեղ ինձ կերակրեցին, իսկ ես ահա նրանց պատասխանեցի այսպիսի երախտամոռությամբ։ Ես չմեկնեցի Ռուսաստան համերգների։ Չէ՞ որ ես համերգներ տալիս եմ միայն այն ժամանակ, երբ ցանկանում եմ։ Այդ իրադարձություններից հետո ես Ռուսաստանում չեմ եղել։ Բայց հիմա պատային իրավիճակ է։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ ինձ զանգահարեց մի շատ հետաքրքիր ռուս կինոռեժիսոր` Ալեքսեյ Ուչիտելը, եւ հրավիրեց նկարահանվել ֆիլմում։ Դա շատ հետաքրքիր ֆիլմ է, իրադարձությունները տեղի են ունենում 1945 թվականի վերջին։ Հիմա չգիտեմ` գնա՞մ, թե՞ ոչ։ Վերջերս վերադարձա Ուկրաինայում, Լիտվայում եւ Ղազախստանում տեղի ունեցած հյուրախաղերից։ Դեկտեմբերի գ12-14-ը Թբիլիսիում, ֆիլհարմոնիայի դահլիճում կկայանան իմ 70-ամյակին նվիրված համերգներ։ Բայց գլխավորն այն է, որ շուտով Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կտեղադրվի «Միմինո» ֆիլմին նվիրված հուշարձան, որում պատկերված ենք ես, Ֆրունզիկ Մկրտչյանը, Եվգենի Լեոնովը, ինչպես նաեւ ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան։

«Նյուս Արմենինա» լրատվական գործակալություն
 - Ինչպե՞ս եք գնահատում հայ-վրացական հարաբերությունները մշակույթի ոլորտում։

- Հայաստանը ես գիտեմ նույնքան լավ, ինչքան Վրաստանը։ Ուստի դժվարանում եմ պատկերացնել, որ մեր միջեւ կարող էին լինել վատ հարաբերություններ։ Թեեւ ռուս քաղաքական գործիչներն անում են ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերությունները փչանան։ Վերջերս Վրաստան այցելեց ձեր երկրի նախագահը։ Մեր նախագահները ձեռք բերեցին պայմանավորվածություններ շատ հարցերի շուրջ, մասնավորապես` որպեսզի բարելավվեն Վրաստանի տարածքով կատարվող Հայաստանի փոխադրումները։ Այդ ուղղությամբ շատ բան է արվում։ Ես դա տեսնում եմ եւ գիտեմ, որ մեր եղբայրական ժողովուրդները կհասնեն այդ նպատակին։

- Վերջին 200 տարում վրացական մշակույթն անխզելի կապերով կապված է եղել ռուսական մշակույթի հետ։ Արդյոք փոխվե՞լ է վրացի մտավորականության վերաբերմունքը ռուսական մշակույթի նկատմամբ։

- Երբ ես խոսում եմ ռուսական մշակույթի մասին, միշտ նկատի ունեմ Տուրգենեւին, Տոլստոյին, Պուշկինին, Չեխովին, Չայկովսկուն եւ ուրիշների։ Ոչ մի վրացի չի կարող թույլ տալ ո՛չ իրեն, ո՛չ իր թոռներին ու ծոռներին` հրաժարվել այդ հսկաներից։ Առաջ Մոսկվայում միշտ տեղի էին ունենում վրացական մշակույթի օրեր, իսկ Վրաստանում` ռուսական մշակույթի օրեր։ Հիմա այդ բաների մասին մոռացել ենք, եւ մեղավորը միայն ռուս քաղաքական գործիչներն են։ Սահակաշվիլին միշտ ընդգծել է, որ Վրաստանը ցանկանում է բարեկամություն անել Ռուսաստանի հետ, բայց, չգիտես ինչու, քաղաքական նպատակներով վրացուն վերածել են Ռուսաստանի թշնամու։

- Մտադրություն ունե՞ք երբեւէ համերգներով հանդես գալ Հայաստանում։

- Եթե լինեն համապատասխան հրավերներ` հաճույքով։

- Կհամաձայնեի՞ք խաղալ հայ-վրացական համատեղ ֆիլմում։ Ինչպիսի՞ սցենար եք պատկերացնում այդ կինոնկարի համար։

- Կխաղայի մեծ հաճույքով։ Չէ՞ որ առաջ կար այդպիսի ավանդություն։ Հիշենք Սոֆիկո Ճիաուրելիին։ Ես նույնիսկ զարմանում եմ, որ մինչեւ հիմա ինձ չեն հրավիրել Հայաստան` նկարահանվելու կինոնկարում։ Իսկ ինչ վերաբերում է սցենարին, ապա, հավանաբար, այն պետք է լինի տղամարդկանց մասին, վրացի եւ հայ տղամարդկանց։

- Ինչպե՞ս եք գնահատում Վրաստանում հայկական մշակութային ժառանգության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այդ ոլորտում գոյություն ունեցող խնդիրները կարո՞ղ են ազդել երկու եղբայր ժողովուրդների հարաբերությունների վրա։

- Այդ թեմայով ինձ շատ բան է հայտնի, գիտեմ, որ քաղաքակիրթ աշխարհը միշտ պետք է համաձայնի պատմության հետ։ Ես չեմ ցանկանում վիրավորել ոչ մեկին, բայց վրացական մշակութային հուշարձանները եւս սփռված են աշխարհով մեկ։ Սա շատ նուրբ հարց է եւ պետք չէ այն անտեղի քաղաքականացնել։ Ես այդպես եմ կարծում։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter