
Անցած օրն արժութային բորսայում իրականացված մեծ ծավալի առքուվաճառքից հետո դոլարի փոխարժեքը գործարքի վերջում հաստատվեց 362 դրամի սահմաններում: Այն 6 դրամով ցածր է ընդամենը 5 օր առաջվա համեմատ: Այլ կերպ ասած` օգոստոսի 26-30-ը դոլարն արժեզրկվեց 6 նիշով:
Ակնհայտ է, որ օգոստոսի 30-ին արժութային բորսան ակտիվ է եղել, ինչը հիմք է տալիս ասելու, որ դա արվել է դոլարի փոխարժեքը 360 դրամից ներքեւ չթողնելու նպատակով: Չնայած կենտրոնական բանկը, հատկապես վերջին ամսվա ընթացքում, դրա կարիքն առավել քան ունի` ահագնացող գնաճային ճնշումները մեղմելու ակնկալիքով:
Պետք է ասել, որ հենց գնաճային ճնշումներով են պայմանավորված արժութային դաշտում տեղի ունեցող վերջին զարգացումները: Համաշխարհային տնտեսության մեջ որոշ պարենային ապրանքների գների բարձրացումն իր անմիջական անդրադարձն է ունեցել հայաստանյան շուկայում: Ավելին` երբեմն այստեղ գները ձեւավորվում են ոչ միայն արտաքին, այլեւ ներքին տնտեսական վիճակի թելադրանքով: Պատահական չէ, որ հացամթերքից բացի, գները բարձրանում են նաեւ այլ ապրանքային շուկաներում:
Երբ թույլ են կամ գրեթե չեն գործում մրցակցային հարաբերությունները, գները երբեմն ձեւավորվում են հիմնականում ոչ թե շուկայում, այլ մենաշնորհային դաշտում գործող ընկերությունների գրասենյակներում: Իսկ նման երեւույթների դեմ պայքարելուն կոչված Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն առայժմ գնում է ընդամենը դեպքերի զարգացման հետեւից եւ բավարարվում հիմնականում այս կամ այն շուկայում վարույթ հարուցելով կամ իրացման ծավալների ու գների վերաբերյալ տվյալներ պահանջելով, որոնք սովորաբար ավարտվում են 500 հազար դրամ տուգանքով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել