HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկուշ Ասլանյան

Տուժողից դարձավ մեղադրյալ

Նոյեմբերի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում Ճարտարագիտական համալսարանի 2-րդ մասնաշենքի մոտ ծեծի է ենթարկվել Ճարտարագիտական համալսարանի 2-րդ կուրսի ուսանող, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Թովմասյանի որդին` Դավիթ Թովմասյանը:

Ըստ ծեծվողի եւ այդ պահին նրա հետ գտնվող երեք երիտասարդների` ծեծկռտուքը սարքել են համալսարանի տարածքը հսկող երկու կարմիր բերետավորները, որոնց, պարզվում է, ուսանողները հաճախակի են տեսնում համալսարանի տարածքում:

Հաստատության ելումուտն ինքնակամ վերահսկող բերետավորները, տղաների պատմելով, «...ձեռքի հետ էլ ուսանողներից լիցքավորման քարտ, գարեջուր կամ էլ ծխախոտ են պահանջում: Ովքեր հնազանդվում եւ հայտնվում են նրանց ցանցում, կրակն են ընկնում. անընդհատ առնում-տալիս են, իսկ Դավիթը մերժել է: Մի անգամ նրանից գարեջուր են ուզել` չի գնել, ասել է` ինչի՞ համար պետք է գնեմ: Բերետավորներին դա դուր չի եկել, «հլա կտեսնենք...», ասել են»,- պատմում է դեպքի ականատես Դավիթ Երիցյանը:

Կարմիր բերետավորների` Դավիթին ուղղված սպառնալիքն իրեն երկար սպասեցնել չի տվել: Նոյեմբերի 25-ին Ճարտարագիտականի մոտ բերետավորները տղային տեսնում են ընկերների հետ կանգնած: «Դավիթը կանգնել էր մի ոտքը «բորդյուրին» հենած: Հենց որ նկատեց բերետավորներին, ոտքն իջեցրեց: Նրանք Դավիթին իրենց մոտենալու նշան արեցին: Մեկ-երկու րոպե դեռ չէին զրուցել, երբ տեսանք, թե ինչպես «դուբինկան» իջավ Դավիթի մեջքին: «Դուբինկայի» մի քանի հարվածից հետո հաջորդեց էլեկտրաշոկը»,- պատմում է Դավիթ Երիցյանը: Իսկ մյուս ականատեսի` Անդրանիկ Հովհաննիսյանի փոխանցմամբ` ինքը լսել է, թե ինչպես են բերետավորները Դավիթին «նկատողություն» անում հասարակական վայրում ոչ ճիշտ կանգնելու համար: «Թեպետ Դավիթն ասաց, որ իրենց տեսնելուն պես ուղղվել է, բայց դա չմեղմեց դրությունը: Երբ նրանց անհեթեթ «մեղադրանքը» սկսեց հայհոյախառն երանգներ ստանալ, Դավիթը հարցրեց, թե ո՞ր օրենքով է իրեն արգելվում փողոցում ազատ կանգնել: «Լեզվիդ մի տուր, թէ չէ` գլխիդ ընենց կսարքենք, որ կկորես»,- ասացին բերետավոները»,- լսածն ու տեսածը փոխանցեց ականատեսը:

Դ. Թովմասյանին ծեծելուց հետո, հավաքված բազմության ներկայությամբ բերետավորները երիտասարդին հրել-նստեցրել են սպիտակ «Գազելն» ու տարել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք:
Երրորդ ականատես Արմեն Վարդանյանն ասաց, որ դեպքից 1-2 օր անց Դավիթն ասել է. «Աչքիս սրանք ինձանից վրեժ են լուծում, որ գարեջուր չգնեցի...»: Անհեթեթ առիթով ծագած ծեծկռտուքը հնչեղություն չէր ստանա, եթե շարունակությունն անհեթեթ չլիներ: Պարզվում է` «սելը ճռալու փոխարեն, սելվորն է ճռում». պատասխանատվության առաջ է կանգնում տուժողը: Կենտրոնի ոստիկնությունում Դավիթ Թովմասյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ ՀՀ Քր.օր.-ի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

18-ամյա երիտասարդի կողմից իրավապահ մարմնի ներկայացուցիչների ծեծի ենթարկվելու փաստի կապակցությամբ թերթերից մեկի հայտնած տարակուսանքի առնչությամբ վերջերս ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանն ասել էր, թե` ցանկացած ոստիկանի գլխատել է պետք նման պահվածքի դեպքում: 

Նշենք, որ քրեական գործը Կենտրոնի ոստիկանությունից տեղափոխվել է հատուկ քննչական խմբի վարույթ: Նախաքննությունն իրականացնում է Արմեն Հակոբյանը: Ծառայության մամուլի պատասխանատու Վահե Կոստանդյանը անմեղության կանխավարկածը չխախտելու համար նախաքննության մանրամասների մասին տեղեկություն տրամադրելու մեր խնդրանքը խոստացավ բավարարել ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter