ԱՄՆ Կոնգրեսը պետք է հետաքննություն անցկացնի Պետդեպարտամենտում` Արցախի օգնությունը չծախսելու համար
ԱՄՆ Պետդեպարտամենտը անփույթ, անգամ ապօրինի վերաբերմունք է ցուցաբերել` չծախսելով Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված ֆինանսական օգնությունը վերջին 12 տարվա ընթացքում: Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի միայն կեսն է ծախսել:
1998-2010 թթ. ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել` չհաշված 2000-2002 թթ. հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը: Հայ դատի հանձնախմբի կողմից ձեռք բերված ԱՄՆ կառավարության փաստաթղթերից պարզվել է, որ 1998-2010 թթ. Պետդեպարտամենտը որպես մարդասիրական օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական իրար հաջորդող վարչակարգերն Ադրբեջանին հանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնություն տրամադրելու Կոնգրեսի ջանքերը: Ի զորու չլինելով կանխել նման հատկացումների հաստատումը` Պետդեպարտամենտը Կոնգրեսի կամքին հակառակվելու համար խորամանկ հնարքների է դիմել` ծախսելով Արցախին հատկացված ֆինանսական օգնության միայն մի մասը:
Ադրբեջանը մշտապես պնդել է, որ Միացյալ Նահանգների կողմից Արցախին հատկացվող ցանկացած օգնություն պետք է ուղղվի Բաքվի միջոցով: Չնայած վարչակարգի և Ադրբեջանի առարկություններին` Կոնգրեսը շարունակել է օգնություն հատկացնել Արցախին` վերացնելով ոլորտների սահմանափակումը. 2010 թ. նրա նախատեսած 8 միլիոն դոլարը հատկացվել է «Լեռնային Ղարաբաղում նախագծերի և միջոցառումների», այլ ոչ թե բացառապես մարդասիրական ծրագրերի համար:
Տասներկու տարվա ողջ ընթացքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, և ըստ երևույթին ոչ էլ ամերիկահայ համայնքը Կոնգրեսին չի բողոքել Պետդեպարտամենտի` Արցախի համար հատկացված գումարներն ամբողջությամբ չծախսելու համար: Զարմանալի է, որ Հայ դատի հանձնախմբի կողմից կրճատումների բացահայտումից հետո Արցախի մի բարձրաստիճան պաշտոնյա չի կարևորել տրամադրված օգնության նվազեցումը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը հատկացումների ծավալի նվազեցումը արդարացրել է` այն կապելով վերջին տարիներին Արցախի արձանագրած «բավական տնտեսական աճի» հետ:
Մինչ հայերը զարմանալիորեն լուռ էին մնում, Կոնգրեսը 2001 թ. սկսած բազմիցս կոչ է արել վարչակարգին «անհապաղ իրացնել մնացած 20 միլիոն դոլարի մարդասիրական օգնությունը, որը Բանաձևով նախատեսված էր 1998 թ. ֆինանսական տարվա համար»: Բացի դրանից` Ներկայացուցիչների պալատը Պետքարտուղարից պահանջել է 15 օրվա ընթացքում զեկուցել Միացյալ Նահանգների կողմից Արցախին ցուցաբերած աջակցության մնացորդային գումարի մասին`օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելու պահից սկսած:
2004-2005 թթ. Սենատը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (USAID) պահանջել էր իր ծրագրերը ներկայացնել հատկացված դրամական միջոցները ծախսելու վերաբերյալ` օգնության օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում: Ցավոք, մեղքի առյուծի բաժինն ընկնում է Օբամայի վարչակազմի վրա: Նրա պաշտոնավարման առաջին երկու տարվա ընթացքում չի ծախսվել 12 միլիոն դոլար, այսինքն` 1998 թ. ի վեր Արցախին հատկացված և չծախսված գումարների մեկ երրորդը:
Սենատոր Բարբարա Բոքսերը հնարավորություն ունեցավ այս հարցը արծարծել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Մեթյու Բրայզայի` հուլիսի 22-ին ԱՄՆ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատման համար անցկացված լսումների ընթացքում: Սենատորը ցանկացել է պարզել, թե ինչու Արցախին հատկացված 16 միլիոն դոլար օգնության գումարից միայն 4 միլիոնն է ծախսվել վերջին երկու տարվա ընթացքում:
Ի պատասխան Բրայզայի խուսանավումների` սենատոր Բոքսերը պահանջել է գրավոր «մանրամասն հաշվարկ ներկայացնել Միացյալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին վերջին հինգ տարվա համար հատկացված բոլոր օգնությունների ծախքերի վերաբերյալ»: Նա խստորեն հարցրել է, թե «Ինչո՞ւ Կոնգրեսի կողմից 2009 և 2010 թթ. Լեռնային Ղարաբաղին հատկացված ամբողջ գումարը չի ծախսվել»: Բրայզան ևս մեկ անգամ չի կարողացել գոհացուցիչ պատասխան տալ սենատորի հարցին:
Ուստի, սենատոր Բոքսերն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին խնդրել է Բրայզայի հաստատման քվեարկությունը հետաձգել մինչև սեպտեմբերի կեսերը` Սենատի արձակուրդից վերադառնալը: Հուսով ենք, որ այն Բրայզային հնարավորություն կտա պարկեշտ հաշվարկ պատրաստել` պարզաբանելով, թե ինչու Վաշինգտոնի օգնությունն Արցախին ամբողջությամբ չի հասել: Միաժամանակ, Բրայզայի թեկնածության հաստատման ձգձգումը թույլ կտա Սենատին ավելի հանգամանորեն ստուգել նրա անցյալի վերաբերյալ ի հայտ եկած հարցերը:
Ակնհայտ է, որ Բրայզան և Պետդեպարտամենտում իր նախորդները տարբեր հնարքների են դիմել Կոնգրեսի մտադրությունները խափանելու համար: Նրանք փորձել են հանգստացնել Ադրբեջանին` սահմանափակելով և ուշացնելով Արցախին խիստ անհրաժեշտ օգնությունը:
Այժմ ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն հետաքննել Պետդեպարտամենտի կողմից երկրի օրենսդիր մարմնի հանձնարարագրի ձախողումը` վերջին 12 տարվա ընթացքում Արցախին հատկացված օգնության գումարներից 36 միլիոն դոլարը չծախսելը:
Եթե հետաքննությունը թերացումներ բացահայտի Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց աշխատանքում, ապա ամերիկահայերը պետք է Կոնգրեսից պահանջեն 36 դոլարի միանվագ օգնություն հատկացնել Արցախին` որպես փոխհատուցում Միացյալ Նահանգների կառավարության կողմից օրենքով սահմանված գումարը չծախսելու համար:
Հուսով ենք, որ Կոնգրեսի կողմից իրականացվող հետաքննության շուրջ բարձրացված աղմուկը Պետդեպարտամենտի պաշտոնատար անձանց կստիպի այսուհետև ավելի զգուշավոր լինել Արցախի համար նախատեսված ֆինանսական միջոցների ծախքերի հետ գործ ունենալիս:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Ավագյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել