Հայաստանը հաղթեց Չեխիային
Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր 2.5-1.5 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն: Հաղթանակն ապահովեց սեւ ֆիգուրներով խաղացող Լեւոն Արոնյանը, որն առավելության հասավ Դավիդ Նավարայի նկատմամբ: Մյուսները ոչ-ոքի խաղացին: Այսպիսով` 10 տուրից հետո մեր թիմը վաստակեց 15 միավոր: Միանձնյա առաջատար Ուկրաինան այս պահին 2.5-0.5 հաշվով հաղթում է Ֆրանսիային, եւ անկախ Իվանչուկ-Վաշիե-Լագրավ պարտիայի արդյունքից` ուկրաինացիները կհաղթեն ու ձեռք կբերեն արդեն 18 միավոր: 17 միավոր է վաստակել Ռուսաստան-1-ը, որն այսօր հաղթեց նվազագույն հաշվով Չինաստանին: Իսկ Իսպանիան, 3-1 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ, մերոնց պես ձեռք բերեց 15 միավոր: Նման հաջողության հասան նաեւ Լեհաստանը եւ Հունգարիան, ում մրցակիցներն էին համապատասխանաբար Սերբիան եւ Բելառուսը:
Այսպիսով` նախավերջին տուրից հետո Ուկրաինան կշարունակի 18 միավորով գլխավորել աղյուսակը: Ռուսաստան-1-ը 17 միավորով 2-րդն է: Իսրայելը, որն այս պահին հաղթում է ԱՄՆ-ին, ոչ-ոքիի դեպքում ամերիկացիների հետ ձեռք կբերի 15-ական միավոր, իսկ եթե հաղթի, ապա կունենա 16-ը: Լեհաստանը, Իսպանիան, Հայաստանը եւ Հունգարիան ունեն 15-ական միավոր: Ըստ էության, մեր տղամարդիկ պիտի պայքարեն ընդամենը բրոնզի համար, ինչին նախկինում հասել են 3անգամ:
Անհաջող են խաղում մեր աղջիկները: Նրանք այսօր 1-3 հաշվով պարտվեցին լեհերին: Ընդ որում` պարտվեցին սպիտակներով խաղացող Դանիելյանն ու Գալոյանը, իսկ Մկրտչյանն ու Աղինյանը ոչ-ոքի խաղացին: Արդեն իսկ հայտնի է կանանց չեմպիոնը. Ռուսաստան-1-ը, 4-0 հաշվով ջախջախելով բուլղարուհիներին, 100-տոկոսանոց ցուցանիշով ժամկետից շուտ նվաճեց հաղթողի կոչումը: Ռուսների արդյունքն է` 10 խաղ, 10 հաղթանակ, 20 միավոր, ինչն այլեւս անհասանելի է մոտակա մրցակիցների համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել