«Կարևորագույն խնդիրն է էապես բարելավել հանրապետության սոցիալ-տնտեսական կացությունը»
Արցախի վարչապետի շնորհավորական խոսքը` Հանրապետության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ ի սրտե շնորհավորում եմ ձեզ և մաղթում ամենայն բարիք: 19 տարի առաջ մեր երկրի կյանքում տեղի ունեցավ պատմական մեծ շրջադարձ, որը միտված էր արցախահայությանը տանելու անկախության, ազատության և ինքնապահպանման ճամփաներով: Այսօր կարող ենք անվարան հաստատել, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին կայացվել է ազգային ու քաղաքական տեսանկյունից հիմնավոր ու հեռատես վճիռ, և այն իրագործելու համար մեր ժողովուրդը հարկադրված եղավ անցնելու պատերազմի ու զրկանքների միջով:
Խորտակվող խորհրդային կայսրության և ավելի ու ավելի թշնամաբար տրամադրվող ադրբեջանական իշխանությունների ու հանրության առկայության պայմաններում հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` Արցախի ժողովրդին տեսանելի դարձավ ապագայի ուղին, ուրվագծվեցին ազգային նպատակների համար միաբանված պայքարելու նոր ձևերը: Արցախահայությունը հավատարիմ է մնում հայ հավաքական միասնության սուրբ գաղափարին, իր կենսահաստատմամբ նպաստում համազգային նշանակության խնդիրների մեկտեղված լուծմանը:
Չնայած մարդկային, արտադրական սուղ պաշարներին և տարածաշրջանային ռազմաքաղաքական աննպաստ իրավիճակին` Արցախի Հանրապետությունը անցած տարիներին տպավորիչ հաջողությունների է հասել պետականաշինության և անվտանգության ասպարեզներում: Կայացած ԼՂՀ-ն ներկայումս որոշիչ գործոն է Հարավային Կովկասում և վստահ քայլեր է կատարում միջազգային ճանաչման ուղղությամբ: Մենք գիտակցում ենք, որ այդ ճանապարհն ավելի կարճ կլինի, եթե կարողանանք արագորեն հաղթահարել մեր ներքին խնդիրները` երկիրը դարձնելով հաստատուն և բարեկեցիկ:
Ներկա պահին ԼՂՀ կառավարության կարևորագույն խնդիրն է էապես բարելավել հանրապետության սոցիալ-տնտեսական կացությունը, առավելագույնս ապահովագրվել տարածաշրջանային ու համաշխարհային անցանկալի զարգացումներից: ԼՂՀ տնտեսական կարողությունները մեծապես զորացնելու նպատակով մի շարք կարևոր ծրագրերի ենք ձեռնամուխ եղել էներգետիկայի, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում: Առաջնային խնդիր ենք համարում Հայաստանի Հանրապետության հետ բազմակողմանի ինտեգրումը և արտաքին տնտեսական կապերի ընդլայնումը:
Կառավարությունն իր բոլոր ծրագրերը նախանշում և իրականացնում է այն ելակետից, որ արցախցին վստահ ու ապահով զգա իր հայրենի հողի վրա, ունենա ժամանակակից կեցություն և համաչափ քայլի քաղաքակրթական առաջադիմությանը:
Թանկագին արցախցիներ,
Հանրապետության օրվա առթիվ մեկ անգամ ևս ջերմագին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում առողջություն, խաղաղություն, բարօրություն ձեր ընտանիքներին և անմար հավատ առ մեր գողտրիկ ու հրաշալի Արցախը:
Սիրով`
Արցախի վարչապետ Արա Հարությունյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել