HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր` Լոռիում

Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Լորուտ և Մարց համայնքներում գրանցվել է խոզերի աֆրիկյան ժանտախտ: Լորուտում հայտնաբերվել է 133 գլուխ հիվանդ խոզ, որից 70-ն անկել է, մնացածը` ենթարկվել հարկադիր սպանդի: Մարցում հայտնաբերված 56 հիվանդ խոզից անկել է 15-20-ը, մնացածը` հարկադիր ոչնչացվել: Ըստ Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզի կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանի` հիվանդության բռնկման պատճառները կարող են տարբեր լինել: Հարուցիչը կարող է փոխանցված լինել հիվանդ խոզերից նրանց հետ շփման միջոցով կամ վերջին բռնկումից հետո վատ ախտահարված փարախներում պահպանված տզերից, որոնք դեռ 5-6 տարի կենսունակ են: Այն կարող է փոխանցված լինել նաև մարդկանց միջոցով` նշված համայնքներ նրանց ելումուտի հետևանքով: Լորուտն ու Մարցն այն համայնքներն են, որոնք մեծ շփում ունեն Տավուշի մարզի հետ, որտեղ հիվանդության շատ դեպքեր են գրանցվել: Հիվանդության համար ռիսկային գործոն է կենդանիներին բացօթյա պահելը: Խոզերին փակ տարածության մեջ պահելով` գյուղացին պետք է ապահովի նրանց կերով, ինչի հնարավորություն, հատկապես մեծ գլխաքանակի դեպքում, չունի, իսկ անտառն անվճար բուսական սնունդ է ապահովում կենդանու համար: Վերջին անգամ Լորուտ և Մարց համայնքներում աֆրիկյան ժանտախտ գրանցվել է 2007-ին: Խոզերի ամբողջ գլխաքանակն այդ համայնքներում ոչնչացվել էր: Բնակիչներին զգուշացրել էին 5-6 տարի չզբաղվել խոզաբուծությամբ, խոզ պահելու դեպքում էլ տեղյակ պահել տեսչությանը, թույլտվություն ստանալ: Այնինչ բնակիչները, թույլտվություն չունենալով, բազմացրել են խոզերին և 3 տարում զգալի գլխաքանակ հավաքել. Լորուտում վերահաշվարկվել է 1300-1400, Մարցում` 350-360 գլուխ խոզ: «Հիվանդության հայտնաբերման կամ կասկած ունենալու դեպքում խոզատերն այդ մասին պետք է հայտնի անասնաբույժին կամ համայնքի ղեկավարին»,- ասում է Համլետ Վիրաբյանը: Սակայն այն պահին, երբ Լորուտում դեպք է գրանցվել, համայնքում անասնաբույժ չի եղել. Լորուտի անասնաբույժը մոտ 2 ամիս առաջ արդեն ազատված է եղել աշխատանքից: Մարցի անասնաբույժն էլ, Համլետ Վիրաբյանի խոսքերով, ծեր է, արդեն չի կարողանում աշխատել: Մի կերպ կատարում է պետպատվերի շրջանակներում իրականացվող միջոցառումները, իսկ լրացուցիչ կամ հարկադիր աշխատանքներն ի վիճակի չէ կատարելու: Առհասարակ մարզում անասնաբույժների պակաս կա: Մասնագետները տարեց մարդիկ են, երիտասարդ մասնագետներով էլ հնարավոր չէ համալրում կատարել: «Էդ աշխատանքի, էդ պայմանների հետ չեն հարմարվում: Ցանկություն էլ չկա էդ մասնագիտությամբ աշխատելու»,- նշում է ասում է Համլետ Վիրաբյանը: Նշված համայնքներում սահմանված է կարանտին. հետևում են, որ առանց բժիշկների հսկողության` կենդանիների սպանդ չիրականացվի, սպանդից առաջացած մթերքն իրացման նպատակով համայնքից դուրս չբերվի, արգելվի խոզերի բաց պահվածքը: Կենդանիների անկման, հորման, գերեզմանահորերի փորման աշխատանքներն իրականացնում են համայնքներն իրենց ուժերով: Բայց բոլոր համայնքները չէ, որ տեխնիկա ունեն, դիզվառելքի խնդիր կա: Դիմել են կառավարությանը, սակայն դեռևս օգնություն չի ստացվել: Այնինչ այս խնդիրները պետք է կարգավորի տարածքային հանձնաժողովը: Առայժմ հայտնի չէ նաև` տուժած համանքներին պետական աջակցություն, վնասի հատուցում կտրամադրվի՞, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter