HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վալլեքս»-ի շահերին ընդառաջ

Նախօրեին Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի» նախագծի բնապահպանական մասի հասարակական լսումներ, որին «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարները, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ու քաղաքապետարանի պատասխանատուները չէին մասնակցում:

Ավագանուց մասնակցում էր ընդամենը մեկ անձ: Չկար նաեւ Լոռու մարզպետը: Մասնակիցները մոտ 25 հոգի էին: Ընկերության պատասխանատուները քննարկումների մասին հայտարարություն են տարածել միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով, մինչդեռ բնակչության համար այն ավելի հասանելի կլիներ, եթե դա արվեր, օրինակ, տեղական «Անկյուն + 3» հեռուստաընկերության միջոցով: Հայաստանում կարծես ընդունված չէ, որ բնապահպանական թեմայով նման կարեւոր քննարկումներին մասնակցեն Կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ: ԱԺ պատգամավորներին Ալավերդիում բնակչությունը տեսնում է միայն ընտրությունների ժամանակ: Մինչդեռ լսումներին քննարկվելու էր ողջ Թումանյանի տարածաշրջանի բնապահպանական ստրատեգիական նշանակության խնդիր, որի վերահսկումը կառավարական մակարդակով մինչ օրս չի ապահովվում: Ալավերդի քաղաքը մթնոլորտի աղտոտվածության համալիր ցուցանիշով` խիստ աղտոտված գոտի է, եւ էկոլոգիական վիճակը շատ մոտ է արտակարգ համարվելուն: Արտադրական պրոցեսներից առաջացող վնասակար նյութերի և դրանց համընդհանուր արտանետումների մեջ ամենամեծ ծավալը`  99,4%-ը, կազմում է ծծբի երկօքսիդը: Կան նաև քաղցկեղածին մասնիկներ. կապար, պղինձ, արսենիում, ցինկ, մագնեզիում: Այս տարի Ալավերդու առողջապահական կենտրոնում արդեն գրանցվել են 439 չարորակ ուռուցք ունեցողներ, մինչդեռ նախորդ տարի նմանատիպ հիվանդները 380-ն էին: Ալավերդցիների համար կարեւորագույն խնդիրը շարունակում է մնալ աշխատատեղերի հարցը: Այսօր պղնձաձուլական գործարանում աշխատում է մոտ 600 մարդ: Հանքահումքային արտադրության մեջ ամենաէժան աշխատուժն Ալավերդիում է:

Ըստ  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարների` գործարանում  միջին աշխատավարձը 100-120 հազար դրամ է: Սակայն իրականում վարչական ապարատի աշխատողների աշխատավարձն առանձնացնելու դեպքում, ամսվա կտրվածքով, բանվորական աշխատուժի աշխատավարձը կկազմի մոտ 70-80 հազար դրամ: Ալավերդիում, ըստ էության, մանր ու միջին ձեռներեցությունը խթանելու համար համալիր միջոցառումներ չեն իրականացնում, ինչը կարող է ապահովել նոր աշխատատեղեր և քաղաքի աշխատանքային շուկայում սասանել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության միահեծան դիրքերը:

Այդուհանդերձ, «Վալլեքս»-ում հասկանում են, որ ստեղծված բնապահպանական վիճակն Ալավերդիում երկար չի հանդուրժվի: Թեղուտի ծրագրի հետեւանքով ֆինանսական դժվարություններ կրող ընկերությունն առաջարկվող նախագծով` Ալավերդիում բնապահպանական խնդրիրների լուծման պատրանք է ստեղծում, որն իրականում «Լալվարի» անտառների ու տարածաշրջանի առանձին բնակավայրերի համար 2,5 կմ շառավիղով դառնալու է  բնապահպանական նոր սպառնալիքների պատճառ: «Ձեռնարկությունը փորձում է թեթևացնել այն ազդեցությունը, որ ունի պղնձաձուլական գործարանն այսօր Ալավերդու վրա: Դրա համար որպես միջոցառում ընտրվել է գործարանի ծխատար խողովակի տեղափոխումը գործարանի տարածքից դեպի մոտակա սարի` Կոշաբերդի գագաթը: Նոր նախածխանցք է կառուցվելու, որը լինելու է 918 մ, և որի հիմնականում մի մասը` 100 մետրն անցնելու է վերգետնյա»,- հավաստիացրեց լսումների հիմնական բանախոսը` «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ի շրջակա միջավայրի պահպանության  բաժնի վարիչ Հովիկ Նիկողոսյանը: Ի՞նչ կտա ծրագիրն Ալավերդի քաղաքին: Հռետորական իր այս հարցին Հ. Նիկողոսյանը կոնկրետ չպատասխանեց, այլ մեկնաբանեց, թե ինչու է ընկերությունը ընտրել հատկապես խողովակը տեղափոխելու ճանապարհը: Նա ներկայացրեց ծծմբի երկօքսիդի մաքրման այն հնարավոր եղանակները, որով որոշ չափով կարելի էր նվազեցնել արտանետումների քանակը Ալավերդիում: Ալավերդու բնապահպանական վիճակը մեղմելու տարբերակներից մեկն արտանետվող գազերից ծծմբական թթվի ստացումն է, որի համար անհրաժեշտ է ունենալ ծծմբի երկօքսիդով հագեցված գազեր: «Ծծմբական թթվի ստացման ընթացքում գազերը ենթարկվում են լվացման: Ծանր մետաղներով, մկնդեղով և այլ աղտոտող նյութերով հագեցած ջրերն ուղղվում են մաքրման: Արտադրական ջրերի մաքրումից ստացված նստվածքը, որը պարունակում է նաև մկնդեղ, արգելվում է կուտակել պոչամբարներում կամ շլամի կուտակիչներում  և ենթակա է թաղման բետոնյա խուցերում` այդ նպատակով հատկացված հատուկ պոլիգոններում: Իսկ մաքրման կայանի պարզվածքն արտանետվելու է Լալվար կամ Դեբեդ գետը»,- մանրամասնում է Հ. Նիկողոսյանը: Փաստորեն, գազերից մկնդեղը կորզելուց հետո ընկերության համար խնդիր է դառնալու նստվացքների տեղավորումը: «Այսինքն` նորից մկնդեղի գերեզմանոցի հարցն է բարձրանում: Բացի այդ` ՀՀ շուկան չունի  ծծմբային թթվի անհրաժեշտ քանակի պահանջ և սպառման համար անհրաժեշտ կլինի փնտրել շուկաներ հանրապետությունից դուրս»,- շարունակում է Նիկողոսյանը: Նա նաև նշում է, որ գազերի մաքրման ընդունված հաջորդ եղանակը գազերի չեզոքացումն է հիմնային լուծույթներով (կրակաթ, նատրիումի հիդրօքսիդ), գազային ամոնիակով և այլն: Այս երկու եղանակներից ցանկացածի ներդրումը պահանջում է մի շարք խնդիրների լուծում, այդ թվում` չզտված պղնձի ստացման նոր տեխնոլոգիայի ներդնում, հատուկ «պոլիգոնի» ստեղծման համար տարածքի հատկացում և թույլտվություն տվյալ վայրում մկնդեղի նոր գերեզմանոց տեղակայելու համար: Անհրաժեշտ է նաեւ գազերի չեզոքացման համար արդիական տեխնոլոգիաների ներդնում, այսինքն` «Վալլեքս»-ից պահանջվում են մեծ ֆինանսներ: Ուստի ընկերությունն ավելի նպատակահարմար է գտել, որպես ժամանակավոր միջոցառում, իրականացնել ծխատար խողովակի բարձրացումը սար, ինչը, ըստ Նիկողոսյանի, հնարավորություն կտա Ալավերդիում մոտ 10 անգամ նվազեցնել գազի արտանետումները: ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանի հարցադրումից պարզվեց, որ տարեկան 12 000 տոննա չզտված պղինձ արտադրող գործարանի ծխատարից նույն ընթացքում 8,7 տոննա մկնդեղ է արտանետվում Ալավերդու մթնոլորտ: Ռաֆիկ Ղազինյանը հաշվարկում էր, թե 5 տարի անց` Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո, երբ Ալավերդու պղնձաձուլական գործարանում տարեկան կվերամշակվի մոտ 30 հազար տոննա խտանյութ, որքան մկնդեղ և քաղցկեղածին այլ նյութեր կարտանետվեն Ալավերդու մթնոլորտ, և այդ դեպքում ինչո՞վ կօգնի Կոշաբերդ սարի ծխատարը:

Լսումների ընթացքում Ալավերդի քաղաքում բնապահպանական խնդիրների արմատական լուծման պահանջ չդրվեց: Բանավեճեր, բնականաբար, չծավալվեցին. Թելադրողը շարունակում են մնալ «Վալլեքս»-ի շահերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter