HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաշկինակով բերանս փակում եմ, որ «կիսլատի» համը չզգամ

Ասում է ալավերդցի Լևոն Թամազյանը

Ալավերդցիները «Հետքին» դժգոհում են, որ տեղյակ չէին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի նախագծի» բնապահպանական մասի լսումներից, որը տեղի է ունեցել նախօրեին ՓԲԸ-ի վարչական շենքում:

Հիշեցնենք, որ ընկերությունը լսումների մասին հայտարարությունը տարածել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի միջոցով: «Ես «Հայաստանի Հանրապետություն» թերթը սկի չեմ էլ կարդում: Եթե տեղեկանայի, անպայման կմասնակցեի: Պղնձաձուլական գործարանի ծխնելույզի տեղափոխումըԿոշաբերդ սարի գագաթը, ինձ թվում է` մեր քաղաքի տարածքին և բնակչությանն առանձնապես բան չի տա ` բնապահպանության առողջացման տեսանկյունից, որովհետև Ալավերդու ռելիեֆն այնպիսին է, որ մենք Դեբեդի կիրճում ենք և հիմնականում վտանգավոր արտանետումները գործարանի կոնվերտրային բաժանմունքից է նստում Ալավերդու վրա,- ասում է Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Վլադիմիր Բեկթաշյանը,- իհարկե, որոշ չափով արտանետումների սփռման տարածքը կմեծանա, և ազդեցությունը կթուլանա բնաշխարհի վրա: Ծխատարի բարձրացումն անպայման իր բացասական ազդեցությունը կունենա նաև Լալվարի անտառների վրա»: Վ. Բեկթաշյանը մտահոգված է նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումից Ալավերդիում սպասվող բնապահպանական նոր խնդիրներով. «Բնականաբար, պղնձաձուլական գործարանում վերամշակվող հումքի ծավալը շատ կմեծանա, բայց բնապահպանական խնդիրները, կարծում եմ, էլ ավելի խիստ կսրվեն: Ալավերդիում բնապահպանական խնդիրների լուծման մեխանիզմներ, ակնհայտ է` «Վալլեքս»-ն այսօր չունի: Իրենք արտադրությունը կընդլայնեն, շահույթներ կունենան, կհարստանան, իսկ ալավերդցիներն ավելի շատ կտուժեն»: Երիտասարդ ալավերդցի Լևոն Թամազյանը նույնպես տեղյակ չի եղել գործարանի ծխնելույզի տեղափոխման բնապահպանական մասի հասարակական լսումներից. «Որտեղի՞ց էի տեղյակ, ո՞վ ա մեզ շան տեղ դնում, իրանք ոնց ուզենան, էնենց էլ անում են: Եթե հրավիրեին, անպայման կգնայի, եթե մանավանդ աշխատանքից հետո լիներ կամ ընդմիջման ժամին: Ո՞նց կարող էր այդ լսումները մեզ չհետաքրքրեր, մենք ենք չէ՞ ապրում էս քաղաքում, էս օդը շնչում: Եթե ես չկարողանայի գալ, ապա մեր ընտանիքից մեկը կգար»: Լևոն Թամազյանը նշում է, որ եթե լսումներին մասնակցեր, հանդես կգար առաջարկություններով, օրինակ` «ֆիլտրացիա դնեն, մի բան անեն, էդ կիսլատի դեմն առնեն: Թե չէ ոչ մի բան էլ չի փոխվելու. նույն գազը շնչելու ենք: Ուր ուզում ա բարձրացնեն, անձրևի հետ էլի գազն իջնելու ա: Պտի էդ ծխնելույզը հասցնեն Վրաստան, սարի էն կողմը, որ էդ գազը էլ դեսը չգա: Դա հաստատ իզուր ծախս ա: Արտանետումների տեսակետից քաղաքի վիճակը շատ վատ է, նորմալ չի: Օրվա ընթացքում շատ հաճախ թաշկինակով բերանս փակում եմ, նոր քայլում, որ կիսլատի համը չզգամ»: Երիտասարդ ալավերդցին գտնում է, որ Թեղուտի հանքավայրի շահագործումից հետո Ալավերտիում այլեւս հնարավոր չի լինի ապրել, ու քաղաքում կմնան միայն նրանք, ովքեր աշխատում են: «Հայպետշին» թաղամասի երտասարդ բնակիչ Կարենն էլ նշում է, որ բնապահպանական տեսանկյունից Ալավերդիում ստեղծվել է «ցավալի» վիճակ. «Մեջլումյան Վալերիկն ալավերդցիների առաջ բնապահպանական առումով լուրջ մեղքեր ունի, ես նրան դատապարտում եմ»,- ասում է նա: Ռաֆիկ Սարգսյանը նույպես շատ դժգոհ է քաղաքի բնապահպանական վիճակից: Նա նույնպես հասարակական լսումներից տեղյակ չէ, բայց լսել է խողովակի տեղափոխման հետ կապված պայթեցումների ձայները. «Ես գտնում եմ, որ ծխատար խողովակի տեղափոխումը նոր կատաստրոֆա է բերելու»,- նշում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter