HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ է հիշում վարչապետը իր առաջին սեպտեմբերի 1-ից

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր գիտելիքի և դպրության օրվա առթիվ այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ Վարչապետը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին, շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, զրուցել աշակերտների և ծնողների հետ։ Այցի ավարտին Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Պարոն Սարգսյան, ի՞նչ էիք ցանկանում փոխել կամ թերևս արմատախիլ անել դպրոցում, երբ Դուք էիք սովորում։ Ի՞նչը Ձեզ ամենաշատը դուր չէր գալիս, և ինչպե՞ս եք պատկերացնում ներկայի և ապագայի դպրոցը, որը ներկայացնում է բոլոր դպրոցականների հետաքրքրությունները։ Այն ժամանակ, երբ մենք էին սովորում դպրոցներում, աշխարհի մասին պատկերացումները բոլորովին այլ էին։ Այսօրվա պահանջները դպրոցի նկատմամբ, խնդիրները, որոնք դրվում են դպրոցի առջև, կարծում եմ` որակապես տարբերվում են այն ժամանակից։ Մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որ երեխաներին տանք ինքնուրույն մտածելու կարողություն։ Մտածողության զարգացման վրա ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք։ Բնականաբար, ժամանակակից դպրոցների համակարգչային դասարանները ունեն էական նշանակություն` նոր տեխնոլոգիաների դասավանդումը, կիրառումը իրենց ամենօրյա պրակտիկայում։ Իհարկե, մենք նկատում ենք փոփոխությունները դպրոցներում` խնդիրների ձևակերպման առումով։ Երբ դուք ի պաշտոնե այցելում եք դպրոց, ի՞նչ խնդիր եք տեսնում: Ի՞նչ կուզենայիք, որ փոխվեր այս դպրոցում։ Այցելելով այս դպրոցը` ակնհայտ է, որ առաջին հերթին և տնօրենը, և ուսուցիչները բարձրացնում են այն խնդիրը, որ դպրոցի պայմանները այսօր բարվոք չեն, և դպրոցը վերանորոգման կարիք ունի։ Առաջին հայացքից էլ երևում է, որ անհրաժեշտ է կապիտալ վերանորոգում իրականացնել։ Համակարգչային դասարանների ձևավորումը նույնպես այս դպրոցի համար արդիկական է, ինչպես նաև գրադարանների համալրումը։ Սրանք այն ծրագրերն են, որոնք այս տարվա ընթացքում կրթության և գիտության նախարարությունը պետք է իրականացնի, և մենք Համաշխարհային բանկի ծրագրով բոլոր ավագ դպրոցների համար նախատեսում ենք մեծ ֆինասնական միջոցների հատկացում, որպեսզի և համակարգչային դասարանները ձևավորվեն, և գրադարանները համալրվեն։ Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք հիշում Ձեր դպրոցական առաջին օրը։ Ինչ-որ նոր բանի սկիզբ էր։ Ավելի շատ հիշում եմ իմ ծնողների մտորումները, նրանց վերաբերմունքը։ Նրանք էին շատ ոգևորված, հուզված, և ինձ համար անհասկանալի էր, թե ինչու են ծնողներս այդքան հուզված։ Եվ երբ ինձ տարան դպրոց, ամեն ինչի նայում էի մեծ ուշադրությամբ, ուզում էի հասկանալ, թե որն է գաղտնիքը այդ մեծ հուզմունքի։ Կհիշե՞ք` ինչ էիք հագել այդ օրը։ Իհարկե, հիշում եմ, որ բոլորը սպիտակ համազգեստներով էին, որովհետև կանոն կար։ Նաև հիշում եմ, որ շատ հպարտ էի, որ առաջին անգամ ես ունեմ իմ սեփական պայուսակը, որով պետք է դպրոց գնամ։ Ի՞նչ երազանք ունեիք այդ օրը։ Ավելի շատ հուզված էի, որովհետև ծնողներիս հուզմունքը անցել էր նաև ինձ: Երբ մարդը հուզվում է, այնքան էլ չի հիշում երազանքների մասին, ուզում է հասկանալ` ինչ միջավայրում է հայտնվել։ Դուք հիշո՞ւմ եք, թե ով է եղել Ձեր առաջին դասարանի ընկերը, ով է առաջինը Ձեզ հետ ընկերացել։ Մի քանիսին եմ հիշում, որոնց հետ մինչև հիմա ընկերություն ենք անում։ Գիտելիքի օրվա կապակցությամբ նաև կխնդրեի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, կրթության ոլորտի ներկայացուցիչներին Ձեր շնորհավորանքը հղեիք։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը գիտելիքի, ինտելեկտի մրցակցության աշխարհ է։ Կարծում եմ, որ դպրոցի առաքելությունն այսօր պետք է լինի այն, որ այդ իմաստնությունը հաղորդի երեխաներին, որպեսզի բոլոր աշակերտները հասկանան, որ առանց գիտելիքի` իրենք մրցունակ չեն լինելու, իրենք ապագա չեն ունենալու: Եվ հենց այս դպրոցից պետք է սկսենք այդ գաղափարի ներդրումը մեր աշակերտների մեջ, եթե ուզում ենք լինել մրցունակ պետություն։ Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter