HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջան. հացահատիկի վատ բերքը սպառնում է ազդել հացի պաշարների վրա

Մշտական ցածր արտադրողականությանը գումարվում են անբարենպաստ եղանակային պայմանները եւ հացահատիկի ներմուծման հետ կապված խնդիրները Ադրբեջանում հացի գների թանկացում է նկատվում վատ բերքի, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկի ներմուծման դադարեցման պատճառով: Պետական վիճակագրական գործակալության տվյալներով`այս տարի հացահատիկի բերքը կազմել է 1.3 միլիոն տոննա, ի տարբերություն 2009-ի ցուցանիշի, որը կազմել էր 2 միլիոն տոննա: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով`այս տարվա վատ բերքատվության պատճառը գարնան հորդառատ անձրեւներն են: Այս ամենի հետեւանքով հացահատիկն է թանկացել: Այժմ մեկ կիլոգրամն արժե 25-30 քափիկ (մոտավորապես 35 ցենտ)`անցյալ տարվա 15 քափիկի փոխարեն: Սա չէր կարող չանդրադառնալ հացի գների վրա, եւ այժմ սովորական հացի բոքոնը Բաքվում արժե 40 քափիկ`10 քափիկով ավելի, քան եղել է տարվա սկզբին: «Իսկ եթե որեւէ տեղ հացի գինը չի բարձրացել, փոխարենը քաշն է պակասել: Այս պահին գրեթե բոլոր խանութներում սովորական հացի բոքոնի քաշը կազմում է 200-250` 400-ի փոխարեն», - ասում է «Կենսամակարդակ» կենտրոնի փորձագետ Քադիր Իբրահիմլին: Ադրբեջանական ընտանիքները գնաճի հետ կապված արդեն իսկ ֆինանսական խնդիրներ ունեն: Բաքվի 47-ամյա բնակիչ Ռաֆիկ Օրուջովը, ով մասնագիտությամբ շինարար է եւ ամսական 250 մանաթ (312 դոլար) է ստանում, նման խնդիրներ ունի: «Ընտանիքս մեծ է, եւ միակ աշխատողը ես եմ: Օրական 3-4 հաց ենք գնում: Ժամանակին հացը 30 քափիկ արժեր, իսկ հիմա`40: Նշանակում է`մենք օրական 30-40 քափիկ ավելի ենք ծախսում, չնայած չորս տարվա ընթացքում իմ աշխատավարձը չի բարձրացել: Եթե գնաճը շարունակվի, մեզ միայն կկարողանանք հաց թույլ տալ, որովհետեւ մնացածի համար էլ փող չի մնա», - դժգոհում է նա: Որպես կանոն, հացահատիկի պակասը ներմուծման հաշվին է լրացվում, սակայն փորձագետները նշում են, որ տարածաշրջանային հիմնական արտադրողները` Ռուսաստանը եւ Ղազախստանը, այլեւս հացահատիկ չեն վաճառում այս ամռան խիստ երաշտի պատճառով: Ադրբեջանի վիճակագրական գործակալության տվյալներով`այս տարի 1,85 միլիոն տոննա հացահատիկ է ներմուծվել, ինչը 970 000 տոննայով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից: «Տնտեսական եւ սոցիալական զարգացում» կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովի խոսքերով`ադրբեջանցի ներմուծողները սովորաբար միայն իրենց հայտնի վայրերից են հացահատիկ գնում: «Տարածաշրջանում ամենաէժան հացահատիկը Ղազախստանն է առաջարկում: Իսկ հացահատիկի ներմուծման նպատակով նոր երկրներ փնտրելը ծախսեր եւ ժամանակ է պահանջում: Այս ողջ գործընթացը նպաստում է գնաճին», - նշում է նա: Բայրամովը նաեւ նշում է, որ այս ամենի արդյունքում Ադրբեջանում հացահատիկի պաշարի պակաս է զգացվում ներկայում, եւ մեղադրում է կառավարական մարմիններին իրադրությունը շտկելու համար ոչ բավարար ջանք գործադրելու մեջ: «Նրանք դեռ պետք է քայլեր ձեռնարկեն հացի պահանջարկը բավարարելու եւ այս ռազմավարական նշանակության ապրանքի պակասուրդը կանխելու համար», - համոզված է Բայրամովը: Գյուղատնտեսության նախարարությունը կոչ է արել կառավարությանը վերացնել ներմուծվող հացահատիկի համար գանձվող 18 տոկոս ավելացված արժեքի հարկը, սակայն այս պահանջը մերժվել է: Բայրամովը կանխատեսում է, որ հացահատիկի ներմուծման գներին զուգահեռ, հացի գները եւս կբարձրանան, մինչեւ ավելացված արժեքի հարկը չվերացնեն: «Եթե այս միտումը շարունակվի, տարվա վերջին սովորական հացի բոքոնի գինը կհասնի 50 քափիկի», - ասում է նա: Այս տարվա աղքատիկ բերքը կարելի է վերագրել անբարենպաստ եղանակային պայմաններին, սակայն Ադրբեջանի գյուղատնտեսական սեկտորում ցածր արտադրողականության խնդիրը միշտ էլ եղել է: Գյուղացիները պնդում են, որ չեն կարող իրենց ժամանակակից սարքավորումներ թույլ տալ եւ նոր մեթոդների դիմել: Աղջաբադի շրջանում բնակվող Ազաֆ Քազիմովը պատմում է, որ լավ տարիներին իր ընտանիքը կարող էր 20-30 հեկտար հող վարձակալել, սակայն հազվադեպ էր հացահատիկ ցանում այնտեղ: «Բերքը պահելու համար ամբարներ չկան, այդ պատճառով էլ ստիպված ես վաճառել այն հունիսին կամ հուլիսին շատ ցածր գնով, ինչն այնքան էլ լավ չէ: Մեկ անգամ հացահատիկ ցանելուց հետո, գյուղացին երկրորդ անգամ դա չի անի»: «Տնտեսական նախաձեռնությունների սոցիալական միությունը» ներկայացնող Ռովշան Ագաեւը պնդում է, որ համատարած գնաճի պայմաններում միակ լուծումը երկրում արտադրողականության բարձրացումն է: Ագաեւի կարծիքով` կառավարությունը պետք է հացահատիկի պաշարներ գնի` ազգային պահեստ ստեղծելու համար: Գյուղատնտեսության նախարարության տվյալներով`բերքը շատ աղքատ է, եւ երբեմն Եվրոպայում ստացվող բերքի 1/3 մասն է կազմում: Նախարարությունն իր հերթին նշում է, որ ամեն հնարավորն անում է գյուղացիներին օգնելու համար` նրանց դրամաշնորհներ տրամադրելու միջոցով: Ղազախի շրջանում բնակվող Իլգար Մուստաֆաեւն ասում է, սակայն, որ կառավարության տրամադրած օգնությունը հօդս է ցնդում կաշառակերության պատճառով: «Յուրաքանչյուր հեկտար հողի համար կառավարությունը 80 մանաթ է վճարում (100 դոլար), սակայն գյուղացուն միայն 50-60 մանաթն է հասնում, որովհետեւ գումարի որոշ մասը ծախսվում է պաշտոնյաներին կաշառելու վրա», - բացատրում է գյուղացին: Սաբուհի Մամեդլի, «Ազադլիգ» թերթի թղթակից Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter