HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանում «անգլիական» հեղափոխություն են պատրաստում

Կրթական համակարգի ներկայացուցիչներն ավելորդ են համարում անգլերենի օտարերկրացի անփորձ մասնագետներին այս նպատակով Վրաստան հրավիրելը

Վրաստանի իշխանությունները ծրագրում են բոլոր երեխաներին սովորեցնել անգլերեն խոսել եւ արդեն 1000 օտարերկրացի են հրավիրել`«կրթական հեղափոխությունը» ղեկավարելու համար:

Կրթական ծրագիրը, որը նախատեսում է բարելավել ուսուցման չափանիշները, ինչպես նաեւ Վրաստանի եւ Արեւմուտքի միջեւ կապերը, միանշանակ չընդունվեց, քանի որ փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ օտարերկրացի մասնագետները չեն համապատասխանում այդ աշխատանքին: 20-ամյա ամերիկուհի Դանիելլա Սմիթը մինչ այժմ Վրաստան ժամանած մոտավորապես հարյուր ուսուցիչներից մեկն է: Վրաստանի կրթության նախարարության կազմակերպած մի շարք շրջագայություններին մասնակցելուց հետո, նա ասաց. «Ես Վրաստանի մասին շատ բան չգիտեի… Բայց այն, ինչ տեսա, գերազանցեց իմ սպասելիքները: Ես երեխաներին անգլերեն դասավանդելու մեծ փորձ չունեմ, այստեղ կմասնակցեմ դասընթացների եւ ուրախությամբ կաշխատեմ վրացի երեխաների հետ»: 500 լարի աշխատավարձից բացի, օտար լեզվի ուսուցիչները բժշկական ապահովագրություն կունենան, նրանց կտեղավորեն տեղացիների ընտանիքներում, կկազմակերպեն նրանց աշխատանքային ուղեւորությունները, կապահովեն տոնակատարությունների մասնակցության տոմսերը: «Շրջաններում օտար լեզվի ուսուցիչների մակարդակն այնքան էլ բարձր չէ: Հետեւաբար, դուք ոչ միայն երեխաներին անգլերեն կսովորեցնեք, այլեւ կօգնենք ուսուցիչներին բարելավել իրենց հմտությունները: Դուք ոչ միայն կրթական գործընթացին կմասնակցեք, այլ նաեւ կխոսեք տեղական համայնքի ներկայացուցիչների հետ, կարծիքներ կփոխանակեք նրանց հետ, գիտելիքներ ձեռք կբերեք վրացական մշակույթի մասին եւ կներկայացնեք նրանց արեւմտյան ժողովրդավարական արժեքները», - հայտարարել էր կրթության նախարար Դմիտրի Շաշկինը նոր ժամանած ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ: Օտարերկրացի մասնագետների գործառույթը լինելու է տեղացի հիմնական ուսուցիչներին աջակցելը եւ ոչ դաս վարելը: Կրթական համակարգի որոշ փորձագետներ կտրականապես դեմ են այս ծրագրին: Առնոլդ Չիկոբավայի անվան լեզվաբանության ինստիտուտի պրոֆեսոր Լեւան Գվինջիլիան կարծում է, որ լեզվի անփորձ մասնագետներին դասարանում ազատություն տալը ոչ միայն «սխալ է, այլ` հանցագործություն»: «Ինքներդ եք տեսնում, որ մինչ այժմ այդ ծրագրով այստեղ ժամանածները հիմնականում 18-20 տարեկան են: Ի՞նչ փորձ կամ գիտելիքներ եք նրանցից ակնկալում», - զարմանում է Գվինջիլիան: Նրա խոսքերով`լեզվի մասնագետների համար նախատեսված երկու շաբաթվա դասընթացները բավարար չեն: «Լավ չէ, որ ոչ ոք չի մտածում դպրոցում արդեն աշխատող ուսուցիչների կամ երեխաների համար դասընթացներ կազմակերպելու մասին», - հավելում է նա: Վրացի ուսուցիչներին կարծես դեռեւս այնքան էլ հասկանալի չէ ծրագրի իրականացման մեխանիզմը: Մարինա Չեյշվիլին ավելի քան 15 տարի անգլերեն է դասավանդում դպրոցում եւ պատրաստվում է դիմել օտարերկրացի մասնագետի օգնությանը: «Խոսակցական անգլերեն ամենից լավ սովորեցնում են նրանք, ում համար այն մայրենի լեզու է, սակայն դրա համար ծրագիր է անհրաժեշտ: Դասաժամերի քանակը չի ավելացել, եւ կարծում եմ, որ մեր օտարերկրացի հյուրի հետ խոսակցությունները երկար ժամանակ կպահանջեն: Ամեն դեպքում, ես այնքան էլ հստակ պատկերացում չունեմ այն մասին, թե ինչպես ենք միասին լեզու դասավանդելու», - ասում է ուսուցչուհին: Ընդդիմության ներկայացուցիչները նույնպես մտահոգված են ծրագրի կապակցությամբ: «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից մեկը` Դավիթ Զուրաբիշվիլին, խիստ քննադատության է ենթարկել կառավարությանը, որը կարծում է, թե օտարերկրացիները վրացի մասնագետներից ավելի լավ անգլերեն կսովորեցնեն: «Վրաստանի իշխանություններին դուր չի գալիս մեր ուսուցիչների առոգանությու՞նը: Սա, ճիշտն ասած, փոքր-ինչ վիրավորական է… Ոչ մի իրեն հարգող երկրի նախագահ 10 հազար մարդ չէր հրավիրի Ամերիկայից, որպեսզի երեխաները Նյու Ջերսիին հատուկ առոգանությամբ խոսեն»: «Սովորեցրեք եւ սովորեք Վրաստանի հետ» ծրագրի համակարգող Մայա Սիպրաշվիլին այն կարծիքին է, որ ԱՄՆ-ից ժամանած մասնագետներն ունեն իրենց աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հմտությունները: «Վրաստանում գործող Խաղաղության կորպուսի ծրագրով արդեն իսկ 400 կամավորներ անգլերեն են դասավանդում, եւ այն շրջաններում, որտեղ նրանք են աշխատում, ակնհայտ առաջընթաց է գրանցվել: Մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնպիսի երկներում, ինչպիսիք են Ճապոնիան եւ Հարավային Կորեան, որտեղ նման ծրագրեր արդեն իրականացվում են, օտարերկրացի կամավորների մասնակցությունը դրական ազդեցություն է ունեցել անգլերենի լեզվական չափանիշների վրա», - նշում է նա: Դատելով վրացական կայքերում տեղադրվող աշխատանքի հայտարարություններից` անգլերենի իմացությունը բարձր է գնահատվում գործատուների կողմից: Պրոֆեսոր Գվինջիլիային սա եւս դուր չի գալիս. նա կարծում է, որ այս ամենի արդյունքում վրացերենն է տուժում: «Ազգային լեզվի իմացության պահանջարկն աստիճանաբար նվազում է, արդյունքում` նվազում է լավ վրացերեն իմացողների քանակը, հատկապես ազգային փոքրամասնությունների բնակության վայրերում: Լավ կլիներ, եթե կառավարությունը նախ մտածեր մայրենի լեզվի իմացության չափանիշների բարելավման մասին», - ասում է նա: Դանիելլա Սմիթն արդեն գիտի, թե ինչպես վրացերեն ասել «շնորհակալություն», «զիլ է», «ես քեզ սիրում եմ» եւ պատրաստվում է սովորել ավելին: Ծրագրի քննադատները, սակայն, այն կարծիքին են, որ ԱՄՆ-ից հրավիրված լեզվի մասնագետներն ավելի շատ կշահեն այս ծրագրից, քան իրենք`դպրոցականները: Նրանք գտնում են, որ կառավարությունը պետք է բացահայտի ծրագրի արժեքը, որը մասամբ ֆինանսավորվում է կրթության նախարարության կողմից, մասամբ` արտերկրյա դոնորների: «Նույնիսկ եթե ծրագիրը չի ֆինանսավորվել պետական բյուջեից, այն պետք է թափանցիկ լինի», - նշում է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թամար Քորձայան: Սիպրաշվիլին, սակայն, վճռականորեն է տրամադրված եւ նշում է, որ ծրագիրը երկարաժամկետ է լինելու: «Մենք հաջորդ տարվա համար կամավորներ ենք ընդունում: Մենք ցանկանում ենք, որ բոլոր վրացական դպրոցները ներառվեն այս ծրագրի մեջ, որպեսզի, ինչպես նախագահն է ասել, անգլախոս սերունդ մեծանա», - նշում է նա: Նինո Չանտուրիա, Վրաստանի շրջանային հեռարձակողների ասոցիացիայի աշխատակից Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter