«Պարկետների» հարցը կլուծես
Մարզպետ Գիզիրյանի սեպտեմբերմեկյան հրահանգը
Սեպտեմբերի 1-ի առթիվ հեռուստաընկերություններով հեռարձակվող ավանդական ուղերձից զատ, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը որոշել էր անձամբ լինել Գյումրիի մի քանի դպրոցներում: Ախուրյանի թիվ 1 դպրոցում մարզպետը նախ դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ հանդիպեց 6-րդ դասարանցիների, այնուհետեւ ուսուցչական հանրույթի հետ:
Ուսուցչանոցում շարքից դուրս եկած մանրահատակն առիթ տվեց մարզպետին հիշելու, թե ով է համայնքը ղեկավարում ներկայում: «Պարոն Իգիթյան, դու առայժմ գյուղապետ ես, բայց ոչինչ, այս պարկետների հարցը կլուծես, կկարգավորես էս սենյակի հարցը, եթե չէ, ուրեմն Մինասյան դու կանես,- դիմելով մարզի կրթության վարչության պետին հրահանգեց Աշոտ Գիզիրյանը,-որպեսզի մեր կանայք կարողանան հանգիստ քայլել»: Շիրակի մարզպետը շնորհավորելով հավաքված ուսուցչուհիներին նշեց, որ անցած 3 ամիսների ընթացքում մանկավարժների կողմից բարձրաձայնվող բազմաթիվ խնդիրներ է լսել. «Կուզենամ, որ իրար նկատմամբ մի փոքր մեծահոգի լինեք,- շեշտեց Աշոտ Գիզիրյանը,- ես գիտեմ, որ համակարգը բարդ է: Ողջունելի է, երբ համակարգին վերաբերող խնդիրներ եք առաջ քաշում, բայց երբ ձեր սուբյեկտիվ մոտեցումն եք մատուցում կամ անհիմն բողոքներ եք ներկայացնում, դա արդեն մանկավարժին վայել չի»: Մարզպետը չմոռացավ հիշատակել, որ անկախ զբաղեցրած պաշտոնից` բոլորն էլ անցել են դպրոց կոչված դարբնոցով եւ ցանկացած երեխայի ապագայի հիմքը դրվում է դպրոցում: Աշոտ Գիզիրյանը հորդորեց հավաքված մանկավարժներին շեշտը դնել հայրենասիրության վրա. «Գիտելիքը` գիտելիք, սակայն երեխան նախ պիտի հայրենասեր մեծանա»: Աշոտ Գիզիրյանը խոստացավ իր պաշտոնավարության ընթացքում լինել մարզի 166 դպրոցներում, քանզի «համակարգն իր անմիջական հսկողության տակ է» եւ չի ուզում, որպեսզի Շիրակի մարզում խնդիրներ լինեն կրթության ոլորտում: Հրաժեշտից առաջ մարզպետին ուղեկցեցին այն դասասենյակ, որտեղ տեղավորվել էին այս տարի Ախուրյանի թիվ 1 դպրոց ընդունված առաջին դասարանցիները: Զարմանալի զուգադիպությամբ թե 6-րդ դասարանցիների, թե 1-ին դասարանցիների մեջ կային ապագայում ոստիկանի մասնագիտությունը նախընտրող փոքրիկներ: Հանգամանք,որ բավական ուրախացրեց Գիզիրյանին: «Զարմանալի է, բայց եւ ուրախալի, որ երեխան հենց էդ մասնագիտությունն է նախընտրել»,-գոհունակությամբ արձագանքեց մարզպետ Գիզիրյանը:
Մեկնաբանել