Անտարբեր վերաբերմունք` իր ընտրողի նկատմամբ
Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները շարունակում են բողոքել Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման և գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ, սակայն նրանց դժգոհությունը արժանանում է իրավապահ մարմինների դիմադրությանը: Այս թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է թիվ 24 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը:
Լուրեր են շրջանառվում, որ Արգիճի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ը Ձեզ է պատկանում, արդյոք այդպե՞ս է:
Այդ լուրերը մոտ 3 ամիս է, ինչ շրջանառվում են: Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը:
Բնակիչները բազմիցս բողոքի ակցիաներ են անցկացրել, դեմ են արտահայտվել ՀԷԿ-ի կառուցմանը: Որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր` ի՞նչ վերաբերմունք ունեք այդ հարցում:
Դրա համար կան համապատասխան իշխանություններ, թող իրանք մտածեն: Ո՞վ պետք է մտածի: Իշխանությունները, համապատասխան մարմինները:
Իսկ Դուք Ձեզ իշխանության մաս չե՞ք համարում:
Լիցենզիա տալուց ինձ որևէ մեկը հարցրե՞լ է: Խնդրի քննարկումը սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կամ պատգամավորի դաշտից դուրս է: Եթե կա օրենքով սահմանված դեպք, թող կատարեն օրենքով, եթե անօրեն է, թող էլի օրենքով կատարեն:
Բայց Ձեր ընտրատարածքի բնակիչներին է խնդիրը վերաբերում, և նրանք են բողոքում: Բնակիչներին նույնիսկ դատախազություն են տանում: Ձեզ չի՞ հուզում այդ հարցը:
Ի՞նչը պիտի հուզի: Բողոքի ակցիաներ բնակիչներն արել են, բայց որ դատախազություն են տարել բնակչությանը` թերթում եմ կարդացել, չեմ կարծում, որ դա ռեալ բան է: Կարող է քրեական գործ է հարուցված, պիտի կարճեն, փակեն պրծնի էդ գործը: Մանրամասներ չեմ կարող ասել:
Իսկ Դուք հանդիպումներ ունեցե՞լ եք բնակիչների հետ:
Անցյալ շաբաթ եմ եղել ընտրատարածքում: Բողոքողների հետ չեմ հանդիպել, իրենք էլ ինձ ոչինչ չեն ասել:
Եթե ձեզ դիմեն, ի՞նչ քայլեր եք անելու: Թող դիմեն, ես էլ իրենց կպատասխանեմ, իրենք էլ երևի կգան ձեզ կասեն: Ձեր ի՞նչ գործն է, թե ես ինչ կպատասխանեմ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել