HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մայրերը վաճառել են իրենց նորածիններին

Ըստ նախաքննության` 2009 թ. օգոստոսին 26-ամյա երեւանցի Մարիաննան, լինելով հղի, այցելել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ծննդատուն եւ մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Բալայանին հայտնել, որ սոցիալական վատ պայմանների պատճառով ցանկանում է հղիության արհեստական ընդհատում անել: Բայց պարզվել է, որ ընդհատման ժամկետներն այլեւս անցել են, ինչից հետո Մարիաննան Նաիրային ասել է, որ պիտի ստիպված հրաժարվի երեխայից ու նրան մանկատուն հանձնի: Բժշկուհի Բալայանը առաջարկել է ծննդաբերել` փոխարենը խոստանալով երեխայի համար հոգատար ծնողներ գտնել: Մարիաննան, սակայն, չի ցանկացել Երեւանում ծննդաբերել, քանի որ նույնիսկ հղիության մասին իր շրջապատում ոչ ոք չի իմացել: Նաիրա Բալայանի խորհրդով նա սկսել է այցելել Բալայանի նախկին համակուրսեցի, Մարտունու ծննդատան գինեկոլոգ Աշոտ Հովհաննիսյանին: Վերջինս էլ, տեղեկանալով իրավիճակին, զանգահարել է իր մոսկվայաբնակ ընկերոջը` Հովսեփին, ով շուրջ 10 տարվա ամուսնական կյանքի ընթացքում չի կարողացել երեխա ունենալ: Հովսեփն անմիջապես ցանկություն է հայտնել որդեգրել երեխային: Բժիշկ Աշոտի խորհրդով Մարիաննան վերադարձել է Երեւան, քանի որ մինչեւ ծննդաբերությունը դեռ երկար ժամանակ է եղել: Մոսկվայաբնակ Հովսեփը Աշոտի միջոցով կապվել է Երեւանում Մարիաննային բուժող Նաիրա Բալայանի հետ ու հետաքրքրվել Մարիաննայի առողջականով: Բալայանը դրական է գնահատել հղիության ընթացքն ու ասել է, որ պատրաստ է օգնել Հովսեփին երեխային ձեռք բերելու հարցում: Դրա դիմաց բժիշկը Հովսեփից պահանջել է 2000 ԱՄՆ դոլար: Հովսեփը համաձայնվել է: Իր հերթին` Նաիրան Մարիաննային առաջարկել է երեխային վաճառել մոտ 1000 ԱՄՆ դոլարով: Մարիաննան նույնպես համաձայնվել է ու ստացել 50.000 դրամ կանխավճար: 2009-ի նոյեմբերի 11-ին Մարիաննան «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում աղջիկ է ծննդաբերել, որը հիվանդանոցից դուրս է գրվել ամսի 13-ին: Երեւան ժամանած Հովսեփը հենց այդ օրն էլ ԲԿ-ի բակում բժիշկ Նաիրային է հանձնել խոստացած 2000 դոլարը, որից 250.000 դրամը բժիշկը օրեր անց հանձնել է Մարիաննային, իսկ 475.680-ը` պահել իրեն: Միաժամանակ Հովսեփը փաստաբանի միջոցով ձեւակերպել է համապատասխան փաստաթղթեր եւ Մարիաննայի հետ Շենգավիթի ՔԿԱԳ մարմնին հայտնել, որ ինքը երեխայի հայրն է: Ընդ որում` նա փաստաբանին պատմել է, թե իբր Մարիաննան իր մտերմուհին է եւ հղի է իրենից, պարզապես չի ուզում պահել երեխային, եւ նրա խնամքը ինքն է ստանձնելու: ՔԿԱԳ մարմնում ձեւակերպվելով որպես երեխայի հայր` Հովսեփը նորածին Դիաննային տարել է իր տուն: Նույն 2009-ի հունվարին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ է այցելել Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 41-ամյա Անահիտը: Հղի կինը իրեն բուժող գինեկոլոգ Նաիրա Բալայանին հայտնել է, որ սոցիալական ծանր պայմաններից դրդված ցանկանում է ընդհատել հղիությունը: Բժիշկը պարզել է, որ դրա ժամկետներն անցել են: Իր այցելությունների ժամանակ Անահիտը ծանոթացել է Ռիտա Մնացականյանի հետ: Վերջինս էլ, իմանալով, որ Անահիտը ուզում է ծննդաբերությունից հետո հրաժարվել երեխայից, առաջարկել է հանդիպել իր տեգոր` Արագածոտնի մարզում բնակվող Էդգարի հետ, ով երկար տարիներ չի կարողանում երեխա ունենալ: 2009-ի մայիսի 23-ին Անահիտը աղջիկ է ունեցել, որին տվել է Էլեն անունը: Մայիսի 26-ին հիվանդանոցի բակում մայրը երեխային տվել է Էդգարին ու դրա դիմաց ստացել 185.500 դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար: Նույն օրն էլ Անահիտը Քանաքեռ-Զեյթունի ՔԿԱԳ մարմնում Էդգարին ներկայացրել է որպես երեխայի հայր: Երեխաներին վաճառած մայրերն ու գնած «հայրերը» նախաքննության ընթացքում ընդունել են իրենց մեղքը: Իսկ բժիշկ Նաիրա Բալայանը պնդել է, որ երեխայի առուծախով չի զբաղվել: Այժմ նրանց գործը Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է (դատ.` Լեւոն Ավետիսյան): Մարիաննային, Հովսեփին, Անահիտին ու Էդգարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 168 («Երեխայի առքուվաճառքը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով») եւ 169 պրիմ («ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 300-ապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը 1 տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով») հոդվածներով: Նաիրա Բալայանը մեղադրվում է 168 հոդվածով: Բոլորի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 1-ամյա Դիաննան ու 1.5-ամյա Էլենն առայժմ ապրում են իրենց «հայրերի» հետ: Հ.Գ. Բացի Ն. Բալայանից` մյուս ամբաստանյալների անունները փոխված են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter