
«Բարի մարդիկ, օգնեք ինձգ»,- ասում է առաջին կարգի հաշմանդամ, երիտասարդ կապանցի աղջիկը
26-ամյա կապանցի Մերի Ասատրյանի համար դպրոցական վերջին զանգը ոչ թե նոր ու բարի կյանքի սկիզբ էր, այլ, իր իսկ խոսքով, «դանդաղ ճանապարհ դեպի դժոխք»: Բարձրագույն կրթություն ստանալու նրա երազանքներն ու մոր մասնագիտությունը` մանկավարժությունը շարունակելը դպրոցն ավարտելուց մեկ տարի հետո հօդս են ցնդում:
Սովորել է Ուկրաինայում, ու հանկարծ, առանց որեւէ հիվանդության, ամբողջ մարմինը մի օր սկսում է ցավել: Նախ մտածում են` մրսել է, բայց մեկ-երկու օր հետո ոտքերն են ուռչում, հետզհետե` մարմնի բոլոր մասերը: Մերին Մոսկվայում բժշկական հետազոտություն է անցնում, մեկ-երկու դեղ են նշանակում, ու մի քիչ, կարծես, բարելավվում է առողջական վիճակը: Բայց լուրջ բուժհետազոտության համար ֆինանսական միջոցներ չեն գտնվում: Հետո հարազատները մտածում են, թե աղջնակը ծննդավայրի օդն է կարոտում, ու նրան ուղարկում են Կապան: Այստեղ Մերիի առողջական վիճակն ավելի է վատանում, ու արդեն 6 տարի է` նա անկողնուն է գամված:
«Գիշերները չեմ քնում, ցավերի մեջ տառապում եմ, մտածում եմ` միջոցներ գտնեմ Ստեփանավան գնամ, ասում են` էնտեղ մի տղա կա` Աստծո զորությամբ բուժում ա»,- ասում է Մերին: Առաջին կարգի հաշմանդամը նույնիսկ մահճակալին չի կարող պառկել, հատակին են անկողինը բացել: Նրան այժմ մորաքույրն է պահում. մայրը Մոսկվա է մեկնել` ամուսնուն խնամելու համար: Մերիի պատմելով` հայրը կաթված է ստացել ու խնամքի կարիք ունի: 9500 դրամ թոշակը հազիվ ցավազրկող դեղամիջոցներ ձեռք բերելուն է բավականացնում: «6 ամիսը մեկ ցերուբրոլիզին եմ ստանում, մի կուրսը` 20 սրվակը, 74 000 դրամ է: Սա ներարկում են, որպեսզի երակներս աշխատեն, արյան շրջանառությունս նորմալ լինի, որպեսզի վերջույթներս` ոտքերս, չսառեն»,- հազիվ ժպտալով ասում է Մերին` կատակելով, թե արդեն բժիշկ է դարձել: Կարծես կանխելով հարցս` շարունակում է զրույցը. «Ծանոթները, հարեւանները, բարի մարդիկ են մեկ-մեկ օգնում, որ հազիվ ծայյրը ծայրին հասցնենք, ու դեռ ապրեմ»:
«Մարմինը ցավում է, տղաներս են օգնում նրան խնամել, ու երբ բնական կարիք է ունենում կամ լողացնում ենք, մարմնի որ մասից էլ բռնում են լողարան հասցնելու համար, բղավում է»,- պատմում է մորաքույրը` Լենան: Բժիշկներն ասում են, որ նյարդի բորբոքում է, բայց թե որ օրգանի նյարդի` չեն կարողանում պարզել: «Ըստ երեւույթին, խնդիրը կապված է նստատեղիս հետ,- եզրակացնում է Մերին,- այ, թե փող լիներ, ու անցնեի այդ թանկ ու մանրազնին բուժհետազոտությունը Երեւանում: Գոնե իմանամ` բուժվո՞ղ եմ, թե՞ մինչեւ կյանքիս վերջը այսպես անկողնուն եմ գամվելու»:
Հարազատներն ասում են, որ բժիշկները հույսները չեն կորցրել եւ գտնում են, որ հնարավոր է վերականգնել Մերիի առողջությունը: Օրեր են լինում, երբ ցավեր չի ունենում, նույնիսկ անկողնուց վեր է կենում ու բակ իջնում: «Մի անգամ գրասենյակում նստած էինք, երբ դուռը բացվեց, ու ա~յ քեզ զարմանք, ներս մտավ Մերին` ձեռնափայտով: Ուրախացանք, խառնվեցինք իրար, իսկ երկու օր հետո նորից անկողին ընկավ»,- պատմում է հաշմանդամների աջակցության «Ողջի» ՀԿ նախագահ Կամո Դավթյանը: Վերջինս կազմակերպության անդամների հետ Մերիի ծննդյան օրը` դեկտեմբերի 10-ին, նրան հյուր էր գնացել: Ծաղիկներ, նվերներ, շնորհավորական խոսքեր, բայց նրա հոգում այլ հույսեր են փայփայվում: «Տեսնես բախտ կվիճակվի՞ մեկ տարի հետո` ծննդյանս 27-րդ տարեդարձին, պարեմ նախկինի պես»,- բարձրաձայն թաքուն պահած երազանքն է բացահայտում Մերի Ասատրյանը:
Իսկ պետական կառույցներն ու պաշտոնյաները շարունակում են քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման հարցերը: Սյունիքի մարզպետարանի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին կլոր սեղան էր կազմակերպել հաշմանդամության խնդիրներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովի 2009 թվականի տարեկան ծրագիրը հագեցած է: Մարզի 4 տարածաշրջաններում պետք է ձեւավորվեն հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանձնախմբեր, քաղաքային համայնքների մշակութային ու սպորտային կենտրեններում թեք հարթակներ պիտի կառուցվեն, դասընթաց-վարժանքներ կազմակերպվեն եւ այլն: Հուսանք, որ հանձնաժողովի անդամներին անտարբեր չի թողնի դեռատի աղջնակի ճակատագիրը, ու թեգ նրանք, թեգ բարի գործարարները կաջակցեն Մերիին:
«Բարի մարդիկ, օգնեք ինձգ..»,- վերջում խնդրեց բոլորին փոխանցել Մերին:
Մեկնաբանել