HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազցիներ-Կառավարություն պայքարը շարունակվում է

Հուլիսի 19-ին արտավազցիներին հողերի օտարման գներ են առաջարկել` մեկ հա խոտհարքի համար մոտ 1800 դոլար, իսկ վարելահողի մեկ հա-ի համար` 6000 դոլար: «Հետքի» ընթերցողներին հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 41 բնակիչ դատի է տվել Կառավարությանը:

Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Կառավարության այս տարվա փետրվարի 25-ի որոշումը, որով Արտավազ համայնքի մոտ 96 հա հողատարածք ճանաչվել է «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը: Որոշման անհրաժեշտությունը հիմնավորվել է Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ: Իսկ ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը: Ընկերությունը Կառավարության նիստի օրը գրանցել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն: Գործադիր մարմնի ղեկավար է նշանակվել ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին` Արամ Աբրահամյանը: Նշենք, որ uեփականության oտարման գործընթացը uկuելու վերջնաժամկետ էր uահմանվում որոշումն ուժի մեջ մտնելու oրվանից ոչ ուշ, քան 3 ամիuը, սակայն միայն 5-րդ ամսում են բնակիչներին տեղեկացրել փոխհատուցման գների մասին, եւ գործընթացը դեռ չի ավարտվել: Արտավազցի Երվանդ Նալթակյանը գյուղացիներին առաջարկված գները ծիծաղելի է համարում, ըստ իրենց հաշվարկների` քանի որ այդ տարածքում վարելահողերը համեմատաբար քիչ են` մոտ 20 հա, ամբողջ տարածքի համար ներդրողները տալիս են մոտ 300 հազար դոլար: Ե. Նալթակյանը տեղեկացրեց, որ հիմա էլ այն գյուղացիներն են սկսել դժգոհել, ովքեր չէին միացել դատական հայցին: «Իսկ մենք անփոփոխ ենք»,- վստահեցրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter