HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Դատական ատյանները չեղյալ համարեցին 27 տարվա կտակը

Դատական ատյանները մեկը մյուսի ետեւից անփոփոխ էին թողնում վճիռը, որն օրինական տիրոջը զրկել էր իր հոր ժառանգությունից: Հարազատների միջեւ ծագած անհամաձայնությունը դատավորների համար հիմք դարձավ կաշառակերության եւ բարոյական սկզբունքների խախտման համար: Հայրական տան բակի երկու տարբեր բնակարաններում, որոնք հին մեկհարկանի սենյակներ են, ապրում է Ռուդոլֆ Դաբաղյանի ընտանիքը, իսկ մյուս բնակարանում` նրա եղբոր` Էդիկ Դաբաղյանի ընտանիքը:

1983 թ. մահացավ նրանց հայրը` կրտսեր որդուն` Ռուդոլֆ Դաբաղյանին կտակելով Հանրապետության փողոցում գտնվող տունը: Ռուդոլֆ Դաբաղյանը պատմում է, որ հայրն իրեն է կտակել ողջ ունեցվածքը, քանի որ մինչեւ մահը ապրել է իր բնակարանում եւ խնամվել իր ընտանիքի կողմից: Հոր մահից հետո Երեւանի առաջին նոտարական գրասենյակը Ռուդոլֆ Դաբաղյանին տվել է կտակի ժառանգության իրավունքի վկայագիր, իսկ կադաստրը` տան հատակագիծը: 27 տարի եղբայրներն ապրել են նույն բնակարանային պայմաններում` առանց մտահոգվելու կտակի բովանդակության կամ ունեցվածքի բաժանման մասին: «27 տարի ապրել եմ այս տանը, եւ ոչ մեկի մտքով չի անցել, որ տունն իմը չէ: Երբ հանգամանքները փոխվեցին, եւ քույրս եւ եղբայրս իմացան, որ սա իրացման գոտի է, եւ մեր տներն արժեք ունեն ներդրողների համար, սկսեցին ասել, թե իբր հորս կտակը կեղծ է»,- պատմում է 70-ամյա Ռուդոլֆ Դաբաղյանը: 2002 թ. Էդիկ Դաբաղյանի ընտանիքը դիմում է դատարան` պահանջելով, որ դատարանը սահմանի երկու եղբայրների բնակտարածության օգտագործման կարգ եւ թույլատրի առանձնացնել բնակարանների մուտքերը, քանի որ իր տարածքը չի բավարարում իր ընտանիքի համար: Դատարանն էլ, հաշվի առնելով, որ հայրը հողամասը կտակել է Ռուդոլֆ Դաբաղյանին, մերժեց նրա եղբոր պահանջը: 2005 թ. Էդիկ Դաբաղյանի ընտանիքը նորից  է դիմում դատարան` այս անգամ կրտսեր եղբոր կտակի ժառանգության իրավունքն անվավեր ճանաչելու պահանջով: Էդիկ Դաբաղյանը հայտնում է դատարանին, թե իբր իր հոր կտակի ստորագրությունը կեղծ է: Ստորագրության կեղծված լինելու վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պատճառով դատարանը, Ս. Արամյանի նախագահությամբ, մերժում է հայցը: Հաջորդ ատյանը` քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, նախագահող Դ. Խաչատրյանի որոշմամբ, նշանակում է դատաձեռագրաբանական փորձաքննություն: «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը եզրակացության մեջ գրում է, որ «ստորագրությունը, հավանաբար, կատարել է Օնիկ Դաբաղյանը»` կողմերի հայրը: Հաշվի առնելով այս հանգամանքը` դատավոր Դ. Խաչատրյանը հայցը թողնում է առանց քննության, սակայն մի քանի ամիս անց նույն դատավորը վերաքննության կարգով նշանակում է նոր դատաքննություն: Այս անգամ ինչ-ինչ հանգամանքների ազդեցությամբ գործն արդեն ընթանում է հակառակ ուղղությամբ: Դատաքննությունների ընթացքում կատարվում է երեք ձեռագրագիտական փորձաքննություն` միմյանց հակասող երեք եզրակացությամբ: «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 2006 թ. տված եզրակացության մեջ նշված է, որ ստորագրությունը, հավանաբար, կատարել է Օնիկ Դաբաղյանը, սակայն փորձաքննությանը չի հաջողվել բացարձակ հետեւության հանգել: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 2007 թ. եզրակացությամբ «ստորագրությունը, հավանաբար, չի կատարվել Օնիկ Դաբաղյանի կողմից: Իսկ Երեւանի դատական փորձաքննությունների ինստիտուտ «ԴԻԷՔՍ» արտադրական կոոպերատիվի տված եզրակացության համաձայն` ստորագրությունը կատարված չէ Օնիկ Դաբաղյանի կողմից: Մեկը մյուսին հակասող դատաձեռագրաբանական փորձաքննության երեք եզրակացություններից դատարանը հիմք է ընդունել միայն վերջինը եւ անվավեր ճանաչել կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը: «Ամեն մի անօրինակություն սկսվեց դատավոր Դանիել Խաչատրյանից: Դատից հետո մոտեցա, ասացի` էս ի՞նչ արեցիք, դուք զրկեցիք ինձ իմ հոր ժառանգությունից: Ասեց` ինչի՞ շուտ չեկաք ինձ մոտ: Ես ապշեցի: Ասացի` ախր գայի ի՞նչ ասեի, առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որ կտակս արդար է, գայի ասեի կտակս կե՞ղծ է: Պատկերացնո՞ւմ եք, ասաց` դուք շուտ գայիք, ու փախավ»,- դատաքննությունից հետո տեղի ունեցածի մասին պատմում է Ռուդոլֆ Դաբաղյանը: Յոթ ամիս անց, Ռուդոլֆ Դաբաղյանի փաստաբանի նախաձեռնությամբ, արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնը կատարում է ձեռագրագիտական փորձաքննություն: Փորձագետ Վ. Գրիգորյանն իր եզրակացության մեջ նշում է, որ «ստորագրությունները կտակում եւ նոտարական սեղանամատյանում կատեգորիկ կատարել է Օնիկ Դաբաղյանը»: 2008 թ. Ռուդոլֆ Դաբաղյանը դիմում է դատարան եւ խնդրում վերանայել վճիռը` նոր երեւան եկած հանգամանքով: Առաջին ատյանի դատավոր Ա. Մելքումյանը, վերաքննելով նոր երեւան եկած հանգամանքը, դատարան է հրավիրում փորձագետին եւ խնդրում հաստատել փորձաքննության արդյունքը, սակայն փորձագետի վկայությունից հետո էլ բողոքը մերժվում է, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Նոյեմ Հովսեփյանը Ռուդոլֆ Դաբաղյանի հետ ունեցած անձնական զրույցներում ասել է, որ չի կարող իր վերադասների վճիռը չեղյալ համարել: Ռուդոլֆ Դաբաղյանը հանդիպել է նաեւ վերաքննիչ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ եւ ներկայացրել իրերի դրությունը: Հ. Մանուկյանը խորհուրդ է տվել նորից դիմել դատարան, սակայն մեկ օր հետո հրաժարական է տվել իր պաշտոնից: «Նոտարական գրասենյակում ինձ ասացին, որ կտակ անող նոտարն ազնիվ մարդ է եղել եւ սխալ բան չէր կարող անել, եթե նա կենդանի լիներ, դատավորները երբեք չէին համարձակվի նման անօրինակություն կատարել, երանի կենդանի լիներ, կգար ու կպայքարեր: Նոտարի կտակը ուժ չունի, քանի որ կաշառքի միջոցով հնարավոր է ամեն ինչ անել»,- ափսոսանքով ասում է Ռուդոլֆ Դաբաղյանը: Էդիկ Դաբաղյանը մահացել է: Գույքը որպես սեփականություն վերադարձվեց հանգուցյալ Օնիկ Դաբաղյանին եւ դատարանի որոշմամբ պետք է բաժանվի նրա ժառանգների եւ ժառանգների իրավահաջորդների միջեւ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter