HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման կայուն զարգացման» ծրագիր

Մանե Հակոբյան, ֆիզ.մաթ.գիտ.թեկն., դոցենտ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ) կայք-էջում 2009թ. կեսերին զետեղվեց 2011-2020թթ. «Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության» («Ռազմավարության») նախագիծը և հայտարարություն առ այն, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) համատեղ կազմակերպում են ՀՀ կառավարության 2009թ. գործունեության ծրագրով նախատեսված վերոհիշյալ նախագծի հանրային քննարկում: Սակայն («Ռազմավարության») նախագիծը նախ անհրաժեշտ էր դարձնել ոչ թե ՀՀ հանրության, այլ ՀՀ գիտական հանրության քննարկման առարկա, ինչը չարվեց: Մեր բոլոր փորձերը պարզելու, թե ՀՀ գիտահետազոտական, գիտակրթական հաստատություններում քննարկվե՞լ է արդյոք «Ռազմավարության» ծրագիրը և ի՞նչ լրացումներ ու փոփոխություններ են առաջարկվել նրանում գիտական հանրության կողմից, որևէ արդյունք չտվեցին: Փաստորեն ՀՀ գիտական հանրությունն անտարբեր էր մի փաստաթղթի նկատմամբ ինչով, ենթադրաբար, ՀՀ գիտության ոլորտի գործունեությունը պետք է ուղղորդվի հետագա 10 տարիների ընթացքում, անտարբեր է, քանի որ չի հավատում ժամանակ առ ժամանակ իրեն հրամցվող այդօրինակ մեռելածին փաստաթղթերին: «Հայք» թերթի 03.04.2010թ. համարում զետեղված  «ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության նախագծի և այդ ոլորտի իրական զարգացման մասին» իմ հոդվածում մանրակրկիտ քննարկման էի ենթարկել «Ռազմավարության» ծրագիրը, բացահայտել այդ «Ծրագրի» անկարողությունը որևէ չափով  խոչնդոտել ՀՀ գիտության ոլորտի սրընթաց և անխուսափելի փլուզմանը և առաջարկել ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հարցում իմ հայեցակարգային  մոտեցումները: Այս հոդվածով հրապարակային քննարկման եմ ներկայացնում «ՀՀ գիտության  ոլորտի համակարգային վերափոխման և կայուն զարգացման» իմ ծրագիրը (այսուհետ` «Ծրագիրը»), որի նպատակն է արմատապես վերափոխել ՀՀ գիտական, գիտատեխնիկական (այսուհետ`«գիտության») ոլորտը, հնարավորինս արագ այն հասցնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող համապատասխան գլոբալ համակարգերի մակարդակին և լավագույնս ինտեգրվել այդ համակարգերին: Երկրի գիտության ոլորտի զարգացումն ինքնանպատակ չի կարող լինել նախ և առաջ այն պատճառով, որ այդ ոլորտը շարունակական աճող, մեծ ներդրումներ է պահանջում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ գիտության ոլորտում ֆինանսական լուրջ ներդրումների և ճիշտ քաղաքականության իրականացման պարագայում արձանագրվում է երկրի ՀՆԱ-ի կայուն աճ: Փորձագետների գնահատմամբ, սկսած ՀՆԱ-ի գիտատարության գործակցի կրիտիկական մեծությունից (1,5%-3%), գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումները ՀՆԱ-ում ապահովում են ներդրման նկատմամբ միջինը 10-ապատիկ աճ: 2010թ. համար ՀՀ ՀՆԱ-ի գիտատարության գործակիցը 0,25% է, ինչը շատ հեռու է բավարար լինելուց: Բացի ֆինանսական անբավարարությունից, էապես ցածր է նաև ՀՀ գիտության ոլորտում սուղ հնարավորությունների բաշխման արդյունավետությունը, որը անկատար և կոռուպցիոն երևույթներով է պայմանավորված և բաշխման մեխանիզմների կիրառման ու  հրապարակայնության բացակայության հետևանք է։ Մեր տեսակետից ոլորտի ներկայիս մարտահրավերները  գիտական գործունեության սոցիալական և տեխնիկական պայմանների անմխիթար վիճակը, սերնդափոխության գործընթացի և միջազգային չափորոշիչներին բավարարող հետազոտական արդյունքների որակի անբավարարությունը, ինչպես նաև գիտական գործունեության վարկի անկումն են հասարակության մեջ: Գիտությունն ու կրթությունը համամարդկային արժեքներ են, սակայն առաջին հերթին ծառայում են այն պետության շահերին, որտեղ զարգանում են: Դրանք կարևորագույն, վճռորոշ դեր են խաղում պետության հոգևոր ու տնտեսական առաջընթացում, կապող օղակ են ազգի մշակույթի ու նրա կառուցած կամ կառուցվող պետության և նրա   տնտեսության միջև: Գիտությունը, բարձրագույն կրթությունը և հանրակրթությունն անքակտելի եռամիասնություն են կազմում, որի նպատակն է` -նոր գիտելիքի գեներացումը, ձեռքբերումը (գիտություն), -ձեռք բերած գիտելիքի փոխանցումը հաջորդ սերունդներին (կրթություն), -ձեռք բերած գիտելիքի պահպանումը (մշակույթ): Մեր նպատակը պետք է լինի ՀՀ վերածել բարձր տեխնոլոգիական արտադրանք, գիտություն և կրթություն արտահանող երկրի: Այդ  նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել  հետևյալ առաջնահերթ քայլերը` 1. Գիտության և կրթության ոլորտները հայտարարել ՀՀ տնտեսության զարգացման գերակա ոլորտներ: Անհրաժեշտ է հնարավորինս արագ իրականացնել ՀՀ տնտեսության անցումը գիտելիքահենք բազիսի վրա, ինչը ՀՀ տնտեսական, պետական, ռազմական, կենսաբանական, բնապահպանական անվտանգության հիմքն ու երաշխիքն է լինելու: 2. ՀՀ գիտության ոլորտում իրականացնել առկա գիտական թեմաների «գույքագրում» և անցնել գիտահետազոտական աշխատանքների բացառապես «թեմատիկ ֆինանսավորման», առաջնությունը տալով գիտելիքի միջազգային շուկայում մրցունակ գիտական արդյունքներին: Այս կերպ ՀՀ գիտության ոլորտի զարգացման գործընթացներում առաջնությունը կտրվի  ժամանակակից միջազգային գիտական չափանիշներին բավարարող,  արժեքավոր արդյունքներին ու այդ արդյունքների հեղինակ գիտաշխատողներին և ոչ թե տիտղոսներին, պաշտոններին,  «գիտական դպրոցներին» ու գերատեսչություններին: ·    Գիտության ոլորտում «թեմատիկ ֆինանսավորման» մեխանիզմի կիրառումը կապահովի` -հավասար մեկնարկային պայմաններ բոլոր գիտնականների համար գիտական թեմաների նախագծերի ներկայացման գործընթացներում, -ֆինանսական միջոցների բաշխումն ըստ առաջադրվող գիտական թեմաների  արդիականության` դրանց գիտական արժեքի ու ակնկալվող արդյունքների` գնահատման միջազգայնորեն ընդունված չափանիշների ու եղանակների հիման վրա, -գիտության ոլորտում ֆինանսական միջոցների ներդրման ռիսկայնության նվազեցում, ներդրումների նպատակային իրացման և արդյունավետության բարձրացում, -գիտության ոլորտում վարչահրամայական մեթոդների բացառում: ·    Գիտական թեմային հատկացվող հասցեագրված ֆինանսական միջոցների տնօրինումը բացառապես նախագիծն իրականացնող գիտահետազոտական խմբի կողմից, որի հիմնական պատասխանատուն տվյալ թեմայի ղեկավարն է: ·    Դադարեցնել գիտահետազոտական գործունեության «բազային» ֆինանսավորումը, որը վերադասից խիստ կախվածություն ապահովող  լծակ է և որևէ կերպ չի աջակցում ստեղծագործական,  գիտական գործունեությանը: ·    Գիտահետազոտական թեմաների ընտրությունը`«գույքագրումը», կիրականացվի պետության կողմից ֆինանսավորվող անկախ տեղական և միջազգային գիտական, գիտատեխնիկական հիմնադրամներից և այլն կազմված մասնագիտական հանձնաժողովների  միջոցով: ·    Ընտրված գիտական թեմաները կստանան ՀՀ գիտական դրամաշնորհներ: ·    Այն գիտական թեմաները, որոնք դրամաշնորհներ կստանան նաև միջազգային գիտական, գիտատեխնիկական հիմնադրամների կողմից, կպահպանեն նաև ՀՀ կողմից տրամադրվող դրամաշնորհները: ·    Առաջնահերթ ուշադրության կարժանանան «գույքագրումը» հաղթահարած այն գիտական թեմաները, որոնք կունենան անմիջական ելք դեպի արտադրություն և կարժանանան միջազգային առաջատար գիտական կենտրոնների և այլն հետաքրքրությանը: ·    Նոր հայտերի քննարկումը կիրականացվի անընդհատ և ոչ թե որոշակի պարբերականությամբ, չխաթարելու համար գիտահետազոտական թեմաների «գույքագրման» և իրականացման անընդհատությունը: ·    ՀՀ գիտության ոլորտին տրամադրվող ֆինանսական հատկացումները կհասցվի ՀՆԱ առնվազն 1%, հետագա կայուն աճի միտումով: 3. ՀՀ գիտության ոլորտում իրականացնել սարք-սարքավորումների, տեխնիկան,  տարածքային, շենքային և այլ միջոցների «գույքագրում»: Անհրաժեշտ է ստեղծել ոլորտում առկա  սարք-սարքավորումների, տեխնիկական միջոցների պահպանման, վերանորոգման, մատակարարման ընդհանուր, ժամանակակից պահանջներին բավարարող, արդիական կենտրոն, բոլոր անհրաժեշտ ծառայություններով: 4.    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) համակարգում իրականացնել արմատական բարեփոխումներ` վերաիմաստավորելով և ճշգրտելով վերջինիս տեղն ու դերը ՀՀ գիտության ոլորտում, միջազգային առաջատար գիտական համակարգերում գործող չափորոշիչների համաձայն: Այդ բարեփոխումների առանցքային ուղղությունները պետք է լինեն` -ՀՀ ԳԱԱ կարգավիճակի ամրագրումը որպես հասարակական կազմակերպություն, -ՀՀ ԳԱԱ գլխավոր նպատակը լինելու է ՀՀ գիտության ոլորտի զարգացմանը աջակցելը, -ՀՀ ԳԱԱ-ն լինելու է երկրի փորձագիտական բարձրագույն մարմինը գիտության,  տեխնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում, -ՀՀ ԳԱԱ-ն ղեկավարվելու է որոշակի պարբերականությամբ ընտրված խորհրդի (ԳԱԱ նախագահության) և ՀՀ ԳԱԱ նախագահի կողմից, -ՀՀ ԳԱԱ-ն գիտության և տեխնիկայի հարցերում ՀՀ նախագահի ու կառավարության համար իրականացնելու է խորհրդատվական գործառույթներ գիտության, տեխնիկայի, տեխնոլոգիաների  բնագավառներում և այլն, -ՀՀ ԳԱԱ համակարգում միավորված և դրանից դուրս գործող ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող գիտահետազոտական հաստատությունների գործունեության հետագա իրավական կարգավիճակի ճշգրտումը բարեփոխումների առաջին փուլի ընթացքում , որի արդյունքում կարող են իրագործվել հետևյալ հնարավորությունները` o    գիտական հաստատության միավորում ՀՀ որևէ համալսարանի համապատասխան  մասնագիտությամբ գիտակրթական գործունեություն իրականացնող ֆակուլտետի, ամբիոնի  հետ` միավորված կառույցին շնորհելով իրավաբանական անձի կարգավիճակ, o    գիտական հաստատության կողմից հետազոտական ինքնուրույն գործունեության իրականացում որպես տարբեր իրավական կարգավիճակով («Ազգային Լաբորատորիա», հիմնադրամ, բաժնետիրական ընկերություն և այլն) և սեփականության տարբեր ձևերով հանդես եկող  կազմակերպություն, o    գիտական հաստատության միավորում բարձր տեխնոլոգիական արտադրություն իրականացնող խոշոր արտադրական, տեխնոլոգիական համալիրների կազմում և այլն: Այս քայլերը նպատակ ունեն ՀՀ-ում արագորեն ձևավորել ու հիմնել միջազգային չափանիշներին բավարարող հետազոտական համալսարաններ, ՀՀ գիտակրթական  համակարգը համամապատասխանեցնել և և լավագույնս ինտեգրել գլոբալ առաջատար գիտական համակարգերին: 5. Ստեղծել ՀՀ գիտության ոլորտը կառավարող միասնական կառույց: Այս կառույցի գործառույթները ներառելու են` -ՀՀ-ում գիտական մրցունակ արդյունքի գնահատման միջազգային չափորոշիչների ներդրումը, -մրցունակ, գիտական-տնտեսական զարգացում պայմանավորող գիտական արդյունքների և դրանք իրականացնող գիտնականների խմբերի ընդգծված առաջնահերթ, հասցեագրված «թեմատիկ ֆինանսավորման» ներդնումը, -ՀՀ գիտության ոլորտի առավելագույնս ինտեգրումը գլոբալ գիտական առաջատար համակարգերին, -ՀՀ գիտության ոլորտը երիտասարդ, տաղանդավոր, միջազգային չափանիշներին բավարարող գիտամանկավարժական կադրերով համալրելը, -ՀՀ գիտության ոլորտում ստացված մրցունակ գիտական արդյունքների լավագույնս առևտրացումը գիտելիքի միջազգային շուկայում, ՀՀ տարածքում բարձր տեխնոլոգիական արդի արտադրությունների հիմնումը և այլն: 6. Ստեղծել ՀՀ գիտական հանրության հեղինակային իրավունքները ՀՀ տարածքում և արտերկրում պաշտպանող, միջազգային չափանիշներին բավարարող, միջազգային համապատասխան կառույցների հետ սերտ համագործակցող և դրանց առավելագույնս ինտեգրված գործուն համակարգ: ՀՀ գիտական հանրության հեղինակային իրավունքների պաշտպանության ներկայումս գործող համակարգը գործուն չէ, չունի միջազգային ճանաչում և, ուրեմն, չի կարող ապահովել ՀՀ գիտական հանրության հեղինակային իրավունքների պաշտպանությունը արտերկրում: Մինչդեռ, առանց այդ համակարգի լիարժեք գործունեության հնարավոր չէ իրականացնել ՀՀ գիտության ոլորտում ստացված գիտական լուրջ արդյունքների առևտրայնացումը գիտելիքի միջազգային շուկայում և ՀՀ գիտության ոլորտի ներգրավումը գլոբալ գիտական համակարգերի մեջ: 7. ՀՀ գիտական համակարգի սահմաններում ստեղծել գիտելիք–պահանջարկ (հիմնարար հետազոտություններ–կիրառական մշակումներ-արտադրություն) և հակառակը` պահանջարկ–գիտելիք գործընթացները կարգավորող (մոդերատոր) կառույցներ: Այդ կառույցների գործունեության կարևորագույն գործառույթներն են լինելու` - ՀՀ գիտության ոլորտում իրականացվող գիտական արդյունքների լավագույնս առևտրայնացումը գիտելիքի միջազգային շուկայում (ընդհուպ մինչև համատեղ գիտական հետազոտությունների, գիտատեխնիկական մշակումների իրականացում, բարձրտեխնոլոգիական, գիտատար համատեղ և ոչ համատեղ արտադրությունների հիմնում ՀՀ տարածքում), ապահովելով ՀՀ գիտնականների հեղինակային իրավունքները, - բարձր տեխնոլոգիական, գիտատար արտադրություններ իրականացնող միջազգային ֆիրմաների, կոռպոռացիաների կողմից գիտելիքի միջազգային շուկային անընդհատ առաջադրվող կիրառական մշակումների, հիմնարար հետազոտությունների պահանջարկի շարունակական տրամադրումը ՀՀ գիտության ոլորտին և այլն: Գիտելիքի միջազգային շուկայում ներկայումս գործող գիտելիք–պահանջարկ փոխշահավետ գործառույթները կարգավորող (մոդերատոր) կառույցները մասնավոր ֆիրմաներ են: «Ծրագրի» իրականացման առաջին փուլում կարգավորող (մոդերատոր) կառույցները կարող են լինել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: Հետագայում դրանք շատ արագ, ամբողջությամբ կմասնավորեցվեն: 8. Վերափոխել ՀՀ գիտական աստիճանաշնորհման գործող կարգը` այն համապատասխանեցնելով միջազգային առաջատար գիտական համակարգերում ընդունված կարգին: ·    Գլոբալ առաջատար գիտակրթական ընդհանուր տարածքում, որին նպատակ ունենք  արագորեն ինտեգրել ՀՀ գիտության ու կրթության ոլորտները, գիտական աստիճանաշնորհման գործընթացը ներառված է բարձրագույն կրթության համակարգում, որպես վերջինիս երրորդ` դոկտորական աստիճան: Ուստի ՀՀ-ում նույնպես անհրաժեշտ է անցնել գիտական մեկ` դոկտորական աստիճան ունեցող համակարգի: Այս կերպ ևս մի կարևոր քայլ անելով դեպի ՀՀ գիտության ու կրթության ոլորտների արագ ինտեգրմանը միջազգային առաջատար գիտակրթական համակարգերին: ·    ՀՀ գիտության ու կրթության ոլորտների բարեփոխման առաջին փուլում (բարեփոխման անցումային փուլ` մինչ ՀՀ-ում հետազոտական համալսարանների ձևավորումը) դադարեցնել ներկայումս գործող ընթացակարգերով, չափորոշիչներով գիտությունների թեկնածուների ու դոկտորների պատրաստումն ու աստիճանաշնորհումը ՀՀ-ում: Այդ գիտական աստիճանները կրող գիտնականների գիտական աստիճանը, իրավական առումով, կհավասարեցվի նոր շնորհվող գիտությունների դոկտորի աստիճանին, ՀՀ   գիտնականների համար ստեղծելով ինքնադրսևորման հավասար պայմաններ: ·    ՀՀ այն գիտնականներին, որոնց դոկտորական թեզերը նախքան «Ծրագրի» իրականացման  սկիզբը արդեն իսկ պատրաստ կլինեն պաշտպանության, հնարավորություն կտրվի, ցանկության դեպքում, իրականացնել դրանց պաշտպանությունը և ստանալ գիտությունների դոկտորի աստիճան հին ընթացակարգով: ·    Բարեփոխման առաջին փուլում ՀՀ գիտակրթական համակարգի համար գիտությունների դոկտորների նոր` երիտասարդ սերնդի պատրաստումն իրականացնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետազոտական համալսարաններում և առաջատար գիտական կենտրոններում (նաև գիտության այն բնագավառների համար, որոնցում ՀՀ գիտակրթական համակարգում հետազոտական աշխատանքներ դեռևս չեն իրականացվում, սակայն առկա է այդ բնագավառների զարգացման անհրաժեշտությունը մեր երկրում): ·    ՀՀ-ում միջազգային չափանիշներին բավարարող հետազոտական համալսարանների ձևավորումից հետո դոկտորական թեզերի պաշտպանությունները կիրականացվեն այդ համալսարաններում գործող միջազգային չափանիշներին բավարարող մասնագիտական գիտական խորհուրդներում, դրանցում ներառելով գիտության տվյալ բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ՀՀ և  արտերկրի գիտնականների: Հենց այդ գիտական խորհուրդներն էլ իրավասու կլինեն իրականացնել դոկտորական աստիճանաշնորհում և դրա հաստատում: 9. Լուծարել ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ՀՀ ԲՈՀ): Այն գիտակրթական համակարգում, որի ձևավորմանը, կայուն զարգացմանն ու գլոբալ գիտակրթական առաջատար համակարգերին ինտեգրմանն է միտված մեր «Ծրագիրը», ՀՀ ԲՈՀ-ն իր ներկայիս գործառույթներով, տեղ չունի: ԲՈՀ-ի ներկայիս գործառույթներից կպահպանվի միայն ՀՀ գիտնականների գիտական աստիճանաշնորհման գրանցումը: 10. Բարեփոխման առաջին փուլում ժամանակավորապես, մասնակիորեն դադարեցնել ՀՀ-ում տպագրվող գիտական տպագիր պարբերականների գործունեությունը: Այդ ընթացքում ՀՀ գիտնականներն իրենց հոդվածները կտպագրեն բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական տպագիր պարբերականներում: Յուրաքանչյուր տարվա վերջում ՀՀ-ում լույս կտեսնեն տվյալ տարվա ընթացքում ՀՀ գիտնականների կողմից բարձր վարկանիշ ունեցող միջազգային առաջատար գիտական տպագիր պարբերականներում տպագրած հոդվածները, միջազգային գիտական կոնֆերանսներում նրանց զեկուցումներն  ամբողջացնող գիտական ժողովածուներ, ըստ գիտության ոլորտների: 11. Իրականացնել ՀՀ գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների ընտրությունը բարեփոխումների առաջին փուլի համար, ելնելով ոլորտում առկա թեմատիկ, կադրային, նյութատեխնիկական, ֆինանսական ռեսուրսներից և այդ հարցում կուտակված միջազգային փորձից: ·    Լավագույն դեփքում, եթե ՀՀ-ն ունենար բավարար ֆինանսական միջոցներ, իսկ ՀՀ գիտության ոլորտը` բավարար թեմատիկ, կադրային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսներ, իմաստ կունենար ոլորտի զարգացման ծրագրի իրականացումը սկսել բոլոր բնագավառներում միաժամանակ, միանգամից: Սակայն, նկատի ունենալով ՀՀ ներկայիս ֆինանսատնտեսական հնարավորությունները և ՀՀ գիտության ոլորտի բարձիթողի վիճակը, անհրաժեշտ կլինի ՀՀ գիտության և կրթության ոլորտների բարեփոխումների առաջին փուլում, չանտեսելով գիտության բոլոր բնագավառները և ելնելով ՀՀ գիտության ոլորտում ներկայումս առկա թեմատիկ իրողություններից, շեշտը դնել գիտության այն բնագավառների վրա, որոնց զարգացման կյանքի կոչելը առավել տեսանելի է, որոնց զարգացումը կապահովի լուրջ գումարների ներհոսք ՀՀ  գիտության ոլորտ և, նաև, արագորեն կդառնա գիտության ոլորտի բոլոր բնագավառների կայուն զարգացման լոկոմոտիվը: ·    ՀՀ գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղությունների ընտրությունը ոլորտի բարեփոխման առաջին փուլում կիրականացվի միջազգային առաջատար գիտական կենտրոնների, բարձր վարկանիշ ունեցող հետազոտական համալսարանների, անկախ գիտատեխնիկական հիմնադրամների և այլն ակտիվ ներգրավմամբ ու առկա միջազգային փորձի հիման վրա: 12. Ապահովել ՀՀ գիտության և կրթության ոլորտներում աշխատող գիտնականների, ճարտարագետների, ասպիրանտների և այլն համար տեղական և միջազգային էլեկտրոնային ցանցերից, գիտական, գիտատեխնիկական էլեկտրոնային գրադարաններից, գիտական էլեկտրոնային կայքերից օգտվելու լայն հնարավորություն: ·    ՀՀ-ում ստեղծել միջազգային չափանիշներին բավարարող գիտական, գիտակրթական, կրթական երկլեզու, եռալեզու էլեկտրոնային կայքեր, էլեկտրոնային պարբերականներ, որոնք հնարավորություն կընձեռեն` -  ՀՀ գիտական, գիտակրթական հանրությանը դրանցում արագորեն տպագրել-տարածել իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, դեպոնացնել դրանք, ապահովելու համար իրենց հեղինակային իրավունքները, ներկայացնել իրենց մտահղացումները, -  կազմակերպել տարբեր ձևաչափերի էլեկտոնային գիտական-գիտակրթական քննարկումներ, կոնֆերանսներ (տեղական, տարածաշրջանային, միջազգային)` առանց լրացուցիչ ծախսերի: ՀՀ գիտական, գիտակրթական էլեկտրոնային կայքերի, էլեկտրոնային պարբերականների գիտական մակարդակի բարձրացման, ընդգրկման ծավալների մեծացման պարագայում, դրանք ձեռք կբերեն միջազգային ճանաչում և բարձր վարկանիշ գլոբալ գիտական  հանրության շրջանակներում: ·    ՀՀ գիտության ոլորտի կայուն զարգացմանը զուգընթաց, ՀՀ գիտակրթական էլեկտրոնային կայքերի, էլեկտրոնային պարբերականների հիմքի վրա, մեր երկրում կձևավորվեն միջազգային չափանիշներին բավարարող տպագիր գիտական  պարբերականներ նույնպես, որոնցում հոդվածներ կզետեղեն ոչ միայն ՀՀ գիտնականները, այլ նաև միջազգային առաջատար գիտական, գիտակրթական կենտրոնների գիտնականներ նույնպես: Այդ կերպ ՀՀ գիտական տպագիր որոշ պարբերականներ ի սկզբանե կունենան բարձր վարկանիշ և ճանաչում միջազգային գիտական-գիտակրթական հանրության շրջանում: ·    Արդիականացնել ՀՀ գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գրադարանային համակարգը միջազգային չափանիշներին համապատասխան: Թվայնացնել առկա գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գրականությունը: 13. ՀՀ գիտակրթական համակարգի սահմաններում ստեղծել գիտական, գիտատեխնիկական, կրթական տեքստերի թարգմանության, խմբագրման և այլն հարցերով զբաղվող ընդհանուր կենտրոն: Այդ կառույցի գործառույթները ներառելու են` -բարեփոխումների առաջին փուլում ՀՀ գիտական հանրության կողմից միջազգային տպագիր գիտական պարբերականներ, միջազգային գիտական կենտրոններ, հետազոտական համալսարաններ ուղարկվելիք գիտական թեզերի, գիտատեխնիկական նախագծերի, պայմանագրերի և այլնի լավագույնս և արագ թարգմանության, խմբագրման, ձևակերպման հարցերը, -ՀՀ գիտության և կրթության ոլորտներում աշխատող գիտնականների, ասպիրանտների և այլն համար համակարգչային տեխնիկային, անհրաժեշտ ծրագրերին և անգլերեն լեզվին լավագույնս տիրապետելու(կամ բարձրացնելու իմացության մակարդակը) պայմանների ապահովումը, -առաջատար գլոբալ գիտակրթական համակարգերում, միջազգային բարձր վարկանիշ ունեցող հետազոտական համալսարաններում, գիտական կենտրոններում և այլն օգտագործվող օտարալեզու գիտական և կրթական անհրաժեշտ արդի գրականության թարգմանության, խմբագրման, տպագրության, թվայնացման հարցերը ՀՀ գիտության ու կրթության ոլորտում կիրառման նպատակով և այլն: 14. Միջազգային բարձր վարկանիշ ունեցող առաջատար գիտակրթական համակարգերում աշխատող, լուրջ գիտական հաջողությունների հասած, միջազգային բարձր վարկանիշ ունեցող հայ և այլազգի գիտնականների գիտական ներուժի, կուտակած փորձի, կապերի և այլն ներառումը ներկայացվող «Ծրագրի» իրականացման գործընթացներում: ·    Ներկայումս միջազգային տարբեր առաջատար գիտակրթական համակարգերում, բարձր տեխնոլոգիական արտադրություններ իրականացնող միջազգային ֆիրմաներում աշխատում են մեծ թվով ՀՀ-ից արտագաղթած և սփյուռքահայ գիտնականներ, որոնցից շատերը լուրջ գիտական հաջողությունների և համաշխարհային ճանաչման են հասել: Այդ հզոր գիտական ներուժը, ճիշտ քաղաքականության իրականացման պարագայում, ներկայացվող «Ծրագրի» իրականացման գործընթացներում կարևորագույն դերակատարում և ներդրում կարող է ունենալ: Այդ գիտնականները կարող են օգտակար լինել` -ՀՀ գիտության ոլորտի համար երիտասարդ, միջազգային չափանիշներով բարձր որակավորման գիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման, -ՀՀ գիտակրթական համակարգի և միջազգային առաջատար գիտակրթական կենտրոնների միջև պարտնյորային գիտական նախագծերի, տեխնիկա-տեխնոլոգիական մշակումների, համատեղ բարձրտեխնոլոգիական արտադրությունների իրականացման, -գիտելիքի միջազգային շուկայում ՀՀ գիտակրթական ոլորտին սպասարկող կարգավորող (մոդերատոր) ֆիրմաների ստեղծման, -այդ հայազգի գիտնականների ստացած գիտական հայտնագործությունների, արդիական գիտատեխնիկական մշակումների հիման վրա ՀՀ տարածքում բարձրտեխնոլոգիական արտադրությունների հիմնման, -ՀՀ-ում միջազգային չափանիշներին բավարարող հետազոտական համալսարանների ձևավորման, հիմնման, դրանցում գիտամանկավարժական գործունեության ծավալման, դրանց ղեկավարման և այլն հարցերում: -Այս գործընթացներին անհրաժեշտ կլինի ներգրավել նաև օտարազգի առաջատար գիտնականների, որոնք ցանկություն կհայտնեն լավագույնս օգտակար լինել «ՀՀ գիտության ոլորտի արմատական վերափոխման և կայուն զարգացման» մեր ծրագրին: ·    Արտերկրի առաջատար գիտակրթական կենտրոններում հաջողությամբ աշխատող այն հայազգի գիտնականներին, որոնք ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք և իրենց լուման ներդնել ՀՀ գիտության զարգացման գործում, կտրվի այդ հնարավորությունը: Այս և շատ այլ գործընթացների արդյունքում հնարավորություն կընձեռվի ոչ հեռու ապագայում «Համաշխարհային հայկական գիտակրթական աշխարհի» ձևավորման, կայացման, ամրապնդման ու միջազգային գիտակրթական ոլորտներում ու գիտելիքի միջազգային շուկայում ակտիվ դերակատարում ստանձնելու համար: 15. Նախապատրաստել հիմքեր ՀՀ-ում միջազգային չափանիշներին բավարարող հետազոտական համալսարանների ձևավորման, հիմնադրման, կայուն զարգացման և գլոբալ  առաջատար գիտակրթական համակարգերին ինտեգրման ուղղությամբ: Ներկայացվող «Ծրագրի» կարևորագույն, հանգրվանային նպատակներից մեկը ՀՀ-ում հետազոտական համալսարանների հիմնումն է որի արդյունքում գիտությունը կտեղափոխվի համալսարաններ` ·    ՀՀ գիտական հաստատությունները  կմիավորվեն ՀՀ համալսարանների համապատասխան  մասնագիտությամբ գիտակրթական գործունեություն իրականացնող ֆակուլտետների, ամբիոնների  և այլն հետ, ·    ՀՀ հետազոտական համալսարաններում կմեկտեղվեն բարձր որակավորման մասնագետների ու միջազգային չափանիշներին բավարարող գիտական կադրերի պատրաստման (հիմնականում հետբուհական կրթություն` մագիստրատուրա, ասպիրանտուրա) և միջազգային չափանիշներին բավարարող արդիական գիտական հետազոտությունների իրականացումը, ·    տաղանդավոր երիտասարդության ներգրավումը ՀՀ գիտության ոլորտ կիրականացվի ուսանողական տարիներից, ·    ՀՀ հետազոտական համալսարանները կֆինանսավորվեն հատուկ ստեղծված «գիտության ֆոնդից»,  «կրթության ֆոնդից», տարբեր ոչ առևտրային գիտակրթական հիմնադրամներից, գիտական արդյունքների լավագույնս առևտրայնացումից և այլն, ·    ՀՀ հետազոտական համալսարաններին կից կստեղծվեն գիտելիքի գլոբալ  շուկայի հետ ակտիվ համագործակցող «գիտելիք-պահանջարկ» գործընթացները կարգավորող (մոդերատոր) ֆիրմաներ, տեխնոպարկեր, տեխնոպոլիսներ և այլն, ·    ՀՀ հետազոտական համալսարանները ի սկզբանե, լավագույնս ինտեգրված կլինեն գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերին, ·    ՀՀ հետազոտական համալսարաններում գիտահետազոտական աշխատանքներ և մանկավարժական գործունեություն կիրականացնեն ՀՀ և բարձր միջազգային վարկանիշ ունեցող հետազոտական համալսարանների, գիտական կենտրոնների (հրավիրյալ կամ պայմանագրային հիմունքներով) առաջատար գիտնականներ և այլն: ՀՀ-ում միջազգային չափանիշներին բավարարող, գլոբալ առաջատար գիտակրթական համակարգերին լավագույնս ինտեգրված հետազոտական համալսարանների հիմնումը կազդարարի մեր երկրի անցումը որակական նոր փուլի` միջազգային չափանիշներին բավարարող հզոր գիտակրթական համակարգով և կայուն զարգացող, գիտելիքահենք տնտեսությամբ փուլի: «Ծրագրի» իրականացման արժեքը եւ ֆինանսավորման աղբյուրները «ՀՀ գիտության ոլորտի համակարգային վերափոխման և  կայուն զարգացման» ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ է` միջազգային չափանիշներին բավարարող, լուրջ գիտական հետազոտություններ, տեխնիկական, տեխնոլոգիական մշակումներ իրականացնող հայ գիտնականին ապահովել արժանապատիվ աշխատավարձով և միջազգային չափանիշներին համապատասխանող աշխատանքային պայմաններով: •    «Ծրագրի» իրականացման համար անհրաժեշտ տնտեսական մանրամասն հաշվարկը, ֆինանսվորման աղբյուրների  ճշգրտումները և այլն կիրականացվեն հետագայում: Այն լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջելու և տարիների տքնաջան աշխատանք: Սակայն նպատակը, ինչին ձգտում ենք` հնարավորինս սեղմ ժամկետներում ու հնարավորինս փոքր ծախսերով կառուցել բարձրտեխնոլոգիական արտադրանք, գիտություն և կրթություն արտահանող, կայուն զարգացող տնտեսությամբ երկիր, արդարացնում է դրան հասնելու դժվարին ճանապարհի մեր ընտրությունը: •    «Ծրագրի» ֆինանսավորումը կիրականացվի տարբեր աղյուրներից, այդ թվում` - ՀՀ պետական բյուջեից, - «ՀՀ գիտության զարգացման հիմնադրամից», - «ՀՀ կրթության զարգացման հիմնադրամից», - Գիտելիքի միջազգային շուկայում ակտիվ գործունեությունից, - միջազգային գիտական, գիտատեխնիկական, գիտատեխնոլոգիական, գիտակրթական տարբեր ֆոնդերից ու դրամաշնորհներից, - միջազգային հետազոտական համալսարանների, գիտական կենտրոնների հետ համատեղ պարտնյորային գիտական ծրագրեր, մշակումներ իրականացնելու արդյունքում, - հզոր գիտական ու տնտեսական պոտենցիալ ունեցող երկրների ներքին գիտական հիմնադրամներից, - ՀՀ ներքին և միջազգային բիզնես-ոլորտների հետ սերտ-պարտնյորային  համագործակցությունից, տարբեր ձևաչափի տեխնիկա-տեխնոլոգիական, փորձագիտական  բիզնես ծրագրերին մասնակցությունից և այլն: «ՀՀ գիտության զարգացման հիմնադրամ»-ը կղեկավարվի ՀՀ նախագահին կից Ազգային Գիտական Խորհրդի կողմից (ՀՀ ԳԱԱ անդամներից և այլ ոլորտներից ընտրված):  «ՀՀ գիտության զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցները հիմնականում կձևավորվեն «գիտության զարգացման» հարկի (պրոգրեսիվ հարկ) ներդրումների և առանձին նվիրատվությունների, պայմանագրային ներդրումների և այլն հաշվին: «Գիտության զարգացման» նոր հարկատեսակի ներդրումը ՀՀ-ում անհրաժեշտություն է: Ներկայումս բիզնեսի ցանկացած ոլորտում` բարձր տեխնոլոգիական արտադրությունից սկսած, մինչև առևտուր և հումքարտահանում, օգտագործվում են գիտական հետազոտությունների արդյունքները, տեխնոլոգիական մշակումներն ու նորամուծությունները և ստանում լուրջ շահույթներ: Սակայն գիտությունը երբեք տեղում չի դոփում և այն տեխնոլոգիաները, որ այսօր առաջատար են, արդիական, մեկ-երկու տարի հետո դառնալու են հին և ոչ շահութաբեր: Իսկ գիտական նորամուծությունները, նոր, առաջատար, բարձր տեխնոլոգիաները գիտելիքի միջազգային շուկայում գնալով ահռելի արագությամբ թանկանում են:  Վճարելով «գիտության զարգացման» հարկատեսակը ՀՀ յուրաքանչյուր գործարար իր լուրջ ներդրումը կկատարի ՀՀ գիտության ոլորտտի կայուն զարգացման հարցում և, որպես հետևանք`ՀՀ գիտության ոլորտում ստացվող արդյունքները ՀՀ գործարարներին կտրամադրվեն արտոնյալ պայմաններով, ինչը կամրագրվի համապատասխան օրենսդրությամբ և այլն: «ՀՀ կրթության զարգացման հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցները նույնպես հիմնականում կձևավորվեն «կրթության զարգացման» հարկի ներդրման (պրոգրեսիվ հարկ) և առանձին նվիրատվությունների հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter