HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

«Մեր գերեզմանները դառնում են մեր մահացած կարողությունները»

Քրիստոնեական արարողությունների մեջ ներառված են Միջերկրական ծովի եւ Արեւելքի բոլոր ժողովուրդների մշակույթը: Երեք իրադարություն կա, որոնք կարեւոր են քրիստոնեական ժողովուրդների համար` երեխայի ծնունդ, ամուսնություն, մահ: Երեքն էլ նույն ձեւաչափն ունեն`լոգանք, սպիտակ պաստառ, ծաղիկ: «Լոգանքով մեղքերն են մաքրում, սպիտակով ընդունում են նոր կյանք, ծաղկով կյանք են շնորհում»,- բացատրում է սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Օրինակ` Իզաբելա թագուհին հպարտ էր, որ կյանքում երկու անգամ է լոգանք ընդունել: Այսօր «Հայելի» ակումբում Ահարոն Ադիբեկյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը և թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանը զրուցում էին թաղման արարողակարգերի և դիակիզման մասին: Ահարոն Ադիբեկյանն ասում է, որ մարդու գործողությունների հիմքում ընկած են երեք մղում` ֆիզիկական բավարարվածություն, հեղինակություն, փառք. «Մարդը սովորական ապրում է, բա ինչպե՞ս տարբերվի: Դրա համար էլ ճոխ հարսանիք է անում, ճոխ թաղում»,- կարծում է սոցիոլոգը: Նրա խոսքերով` այն գումարները, որոնք տալիս են հարյուրավոր պսակներ գնելու համար, ավելի լավ է տան որբերին, կարիքավոր ընտանիքներին. «Իմ սկզբունքը հետեւյալն է` նախեւառաջ մտածել կենդանի մարդկանց մասին, ապա` հանգուցյալների»,- ավելացնում է Ահարոն Ադիբեկյանը: «Եթե քեզ կանչեն խրախճանքի եւ հնարավորություն լինի սգո սեղան գնալու, ապա նախընտրի սգո տուն, որովհետեւ քո վերջն էլ է դա եւ պետք է այդ մասին մտածես»,- ասում է Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Համաձայն եկեղեցու դավանաբանության` մարդը չի մահանում եւ իսպառ կորչում, մահը ննջման վիճակ է, դրա համար էլ հանգուցյալը կոչվում է ննջեցյալ: Նրա մարմինը հատուկ արարողակարգի միջոցով դրվում է հողի մեջ, այնուհետեւ քրիստոնյան հույսով ապրում է, որ մի օր իր հարազատը հարություն կառնի Աստծո առաջ կանգնելու համար` ստանալու վարձ կամ պատիժ. «Եթե ինքն աստվածահաճո եւ աստվածավախ կյանք է վարել, մարդկանց սիրելու միջոցով սիրել է նաև Աստծուն, ապա նա իր վարձատրությունը կստանա»,- ասում է քահանան: «Սոցիալական դիրքը, սոցիալական հարաբերություններն ազդում են նաեւ թաղման ծեսերի վրա, լուրջ մրցակցություն է ընթանում, մարդիկ դառնում են զոհ իրենց ընկալումների: Ընտանիքը կուտակում է գումարներ, որ երեխային կրթություն տա, ամուսնացնի եւ թաղի, կարծես ուրիշ նպատակ չկա: Մեր գերեզմաննները դառնում են մեր մահացած կարողությունները, որոնք մեր կյանքին ոչ մի օգուտ չեն տալիս»,- ասում է Ահարոն Ադիբեկյանը: Նա նշում է, որ լավ կլինի այդ գումարները տալ տվյալ մարդուն, որ կենդանության ժամանակ լավ ապրի: Թաղման արարողակարգերը տարբեր երկրներում տարբեր են, դրանք ժամանակի ընթացքում փոխվում են: Ժամանակին ճիշտ արարողակարգը այսպես է եղել. երբ մարդը մահանում էր, հոգեւորականն է ժամանել, հատուկ աղոթքների եւ շարականների միջոցով լողացրել են, երեկոյան տարել եկեղեցի, դիակն ամբողջ գիշեր թողել այնտեղ,  եւ եկեղեցու դպիրներն այդ ընթացքում սաղմոսներ են ընթերցել: Առավոտյան մահվան թափորն ուղևորվել է գերեզմանատուն, որտեղ կանայք չեն գնացել, քանի որ քրիստոնեության մեջ կանանց դերն այլ է: Քահանան բացատրում է, որ այստեղ չկա ոչ գենդերային, ոչ էլ այլ խնդիր. «Սկզբից Ադամն արարվեց Աստծո պատկերով, իսկ Ադամի կողքից էլ` Եվան»: Հաջորդ օրը տեղի է ունեցել ինքնահողի արարողությունը, այնուհետեւ` յոթի, քառասունքի: Քահանան բացատրում է, որ Աստված 6 օրում արարեց երկիրը եւ երկինքը եւ յոթերորդ օրում հանգստացավ: Նախկինում միայն քառասունքին էր հաց դրվում սեղանին, համարվում էր, որ այդ օրերը սգո օրեր են, եւ օջախում կրակ չի վառվում: Այսօր շատ բաներ փոխվել են: Հանգուցյալը եկեղեցում չի դրվում` բացառությամբ Երեւանի Սուրբ Գեւորգ եկեղեցու, ուր թույլատրվում է դնել հանգուցյալին, իսկ գյուղական համայնքներում նման բան կարող է լինել միայն քահանայի թույլտվությամբ: Այսօր թաղման արարողակարգերը կատարվում են քահանայի ղեկավարությամբ, եթե, իհարկե, հանգուցիալը մկրտված է եւ ինքնասպանություն չի գործել: Սուրբ Հովհաննես եկեղեցու սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն ասում է, որ շատերը մտածում են, որ ավելի մատչելի է հրավիրել քահանային, քան երաժիշտներին, քանի որ քահանայի դեպքում ինչ կտաս, կտաս, իսկ երաժիշտները սահմանված գին ունեն: «Շքեղաշուք դամբարանները եւ քարերը մեռած գումար են, այստեղ շատ ուժեղ մրցույթ է տեղի ունենում, մարդիկ փորձում են մեկը մյուսին ապացուցել, թե ով ինչի է ընդունակ: Շատ հաճախ այդ մարդիկ իրենց կյանքում այդքան գումար չեն տեսել, չեն վայելել: Այդ գումարները կարելի է օգտագործել մատաղ բաժանելու, այլ մարդկանց օգնելու համար»,- ասում է քահանա Ղեւոնդյանը: Քահանան ասում է, որ տան հայելինները կտորներով փակելը, ժամացույցը կանգնեցնելը` հեթանոսություն է: Հանգուցյալի հետ հագուստը դնել ուղարկելը եւս սխալ է: Քահանան նշում է, որ ավելի ճիշտ կլինի դրանք տալ որբերին, ծերանոցներին: Հանգուցյալը պետք է նայի Աստծուն` արեւելք, ձեռքերն էլ`սրտի մոտ խաչաձեւ դրված: Նա խորհուրդ է տալիս բոլոր թաղման բյուրոներին համագործակցել եկեղեցու հետ, որպեսզի ժողովրդի մեջ սխալ ավանդույթներ չարմատանան: Թաղման բյուրոյի տնօրենի օգնական Գաբրիել Գաբիկյանն էլ ասում է, որ օրական Երեւանում լինում է 15-20 սգո արարողություն: Նա նշում է, որ եթե մարդը մահանում է եւ գերեզմանի տեղ չունի, թաղման բյուրոն նրան տեղ է հատկացնում ընտանեկան գերեզմանոցում` երեքը չորսի վրա: Իսկ եթե մեկ հոգի է, նոր կառուցված գերեզմանոցում են տեղ տալիս` մեկը երկուսի վրա, ընդամենը մեկ ցուցատախտակ է դրվում: Գերեզմանատարծքները հատկացվում են անվճար, հանգուցյալի հարազատները մահվան թղթով գալիս են թաղման բյուրո, այնտեղ վճարում են 26.900 դրամ փոս փորելու համար: Իրենց ծառայությունների մեջ նաև մեքենա է տրամադարվում, բայց դա վճարովի է` կախված, թե որտեղից է տեղափոխում հանգուցյալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter