Անկախ Աբխազիայի տնտեսությունը
Նաթելա Շադանիա
Ինչպես հայտնի է, Աբխազիան չունի սեփական տարադրամ, որի փոխարեն ազատ շրջանառվում է ռուսական ռուբլին։ Օտարերկրյա լրագրողների հարցին, թե Աբխազիան պատրաստվո՞ւմ է ներմուծել իր տարադրամը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան տալիս է բացասական պատասխան։ Աբխազիայի կառավարության անդամների կարծիքով՝ ազգային տարադրամի ներմուծումն անմիջապես կհանգեցնի նրա արժեզրկմանը, որից հետո հանրապետության տնտեսությունը պարզապես կփլուզվի։
Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության պայմանագրում ուղղակի ասված է՝ Աբխազիայի տարածքում ռուբլին դառնում է պաշտոնական տարադրամներից մեկը։ Աբխազ տնտեսագետների մեծամասնությունը կարծում է, թե դրանում ոչ մի սարսափելի բան չկա եւ բերում է Եվրամիության օրինակը, որտեղ բոլոր պետություններն ունեն նույն տարադրամը։ Բայց կան եւ այնպիսի տնտեսագետներ, որոնք նկատում են, որ եվրոպական պետություններից յուրաքանչյուրն ունի իր ֆոնդային բորսաները, եւ արդյունքում եվրոյի կուրսը կարգավորվում է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի տնտեսությունը։ Իսկ ռուբլու դեպքում իրավիճակը հակառակն է. Աբխազիայում բորսա չկա (եւ հազիվ թե լինի մոտ ապագայում), ուստի ռուբլու կուրսը կորոշվի թեեւ բարեկամական, բայց ուրիշ երկրի տարածքում, եւ այդ գործընթացը բոլորովին կախված չէ Աբխազիայից։
Աբխազիայում չկա նաեւ արժեթղթերի շուկա։ Այստեղ առայժմ գործում է 1989 թվականին Աբխազիայի ինքնավար հանրապետության խորհրդարանի ընդունած բաժնետիրական ընկերությունների մասին օրենքը։ Բայց, փաստորեն, այս օրենքն անօգուտ է, քանի որ բաժնեթղթերի շրջանառության համար շուկա չկա։ Ուստի բաժնետիրական ձեռնարկությունները հայտնվել են ծանր վիճակում. բաժնեթղթեր կան, բայց դրանք, բացի պետությունից, ուրիշ ոչ մեկին հնարավոր չէ վաճառել։ Ընդ որում՝ դրանց գնագոյացումը բավական յուրահատուկ ձեւ ունի. պետական ունեցվածքի եւ մասնավորեցման գործերի կառավարման կոմիտեն գնահատում է ձեռնարկության ունեցվածքի արժեքը, նրա ակտիվներն ու պասիվները, պարտքերը, որից հետո ստացված թիվը բաժանվում է բաժնեթղթերի քանակի վրա։ Այդուհանդերձ, առայժմ չի եղել մի դեպք, որ պետությունը գներ որեւէ բաժնետիրոջ բաժնեթղթերը։
Նման իրադրության մեջ անհնար է իրականացնել լիակատար մասնավորեցում։ Իսկ պետական ձեռնարկությունները, փաստորեն, անգործության են մատնված, ուստի պետական ունեցվածքը հիմնականում բաղկացած է անշարժ գույք հանդիսացող օբյեկտներից եւ միացյալ (ունիտար) ձեռնարկություններից։ Իհարկե, ռուս ներդրողները հետաքրքրվում են անշարժ գույքով, բայց ինչպե՞ս գնահատել դրա արժեքը, եթե շուկա չկա։ Չէ՞ որ գինը կախված է առաջարկից։
Նման մոտեցման պատճառով արդեն կոնֆլիկտ է առաջացել Աբխազիայի մայրաքաղաքի այցետոմսը համարվող «Աբխազիա» հյուրանոցի մասնավորեցման շուրջ։ 2007 թվականի սկզբին մոսկովյան շինարարական «Կոնտի» ֆիրման առաջարկեց գնել հյուրանոցը 60 միլիոն ռուբլով ($2,4 միլիոն)։ Երբ հյուրանոցի մասնավորեցման մասին օրենքի նախագիծը մտավ խորհրդարան, ընդդիմադիր պատգամավորները համարեցին, որ նման օբյեկտի մասնավորեցման համար դա շատ փոքր գումար է։ (Ինչպես հայտնեց «Կովկասյան հանգույց» կայքը, ընդդիմության հայտարարության մեջ ասվում էր, որ «ԶԼՄ-ներում հանդիպում են «Կոնտի» անունով երկու ֆիրմաներ։ Դրանցից մեկի տերը Վրաստանում ծնված խոշոր գործարար եւ քրեական հեղինակության տեր Միխայիլ Միրիլաշվիլին է»։ Սակայն, հետագայում պարզվեց, որ սա ուրիշ «Կոնտի» է՝ առանց վրացու, այլապես գործարքը չէր կայանա — Ն.Շ.): Բայց նախագահ Բագապշը պատասխանեց, որ հյուրանոցն արժե վաճառել նույնիսկ 1 դոլարով, որպեսզի այն նման անշուք տեսքով կանգնած չմնա («Աբխազիան» լիովին այրվել է 1986 թվականին եւ 20 տարում այդպես էլ չի վերանորոգվել)` նշելով, որ եթե լինեն ավելի շահավետ առաջարկներ, կառավարությունը կդիտարկի դրանք։ Բայց նման առաջարկներ չեղան, եւ 2007 թվականի դեկտեմբերի 25-ին խորհրդարանն ընդունեց «Օրենք` նախկին «Աբխազիա» հյուրանոցի մասնավորեցման մասին». Սուխումիի ափամերձ տարածքի կենտրոնում, մի հեկտար հողի վրա փռված հյուրանոցային համալիրը վաճառվեց 60 միլիոն ռուբլով։ Այս օրենքի օգտին քվեարկելուց հրաժարվեց «Աբխազիայի ժողովրդական միասնության ֆորում» (ԱԺՄՖ) ընդդիմադիր կուսակցությունը։ Նախօրեին` դեկտեմբերի 24-ին, ընդդիմության 7 պատգամավորներ հայտարարեցին, որ «չեն ցանկանում կիսել ժողովրդական ունեցվածքի կամայական վաճառքի պատասխանատվությունը», եւ խորհրդարանի դեկտեմբերի 25-ի նիստին 7 պատգամավորներից ներկայացան միայն 3-ը։
Նկատենք, որ դեռեւս 2006 թվականի նոյեմբերին ԱԺՄՖ-ն տարածեց հայտարարություն` ծածուկ մասնավորեցման անթույլատրելիության մասին, իսկ մասնավորեցումից երեք շաբաթ անց` նոյեմբերի 13-ին, երկրի ղեկավարությանը կոչ արեց «դադարեցնել մասնավորեցման գործընթացը մինչեւ ժամանակակից իրողություններին համապատասխանող իրավական հիմքի ստեղծումը, որը թույլ կտա պաշտպանել Աբխազիայի ազգային շահերը»։ Բանն այն է, որ կառավարությունը խորհրդարան է ուղարկում մասնավորեցման ենթակա օբյեկտների ցուցակը՝ առանց նշելու գործարքի գինը եւ գնորդի անունը։ Այդ անուններն իմանալու ընդդիմադիր պատգամավորների բոլոր փորձերը ստանում էին նույն պատասխանը` թե փաստաթղթերը պատրաստվել են խիստ շտապ եւ չեն հասցրել այդ անունները նշել այնտեղ։ Խորհրդարանում գործող նախագահի կուսակցությունը ունի մեծամասնություն, ուստի մասնավորեցման մասին հրամանագրերը թեեւ դիմադրության են արժանանում, բայց անցնում են եւ ներկայացվում նախագահի ստորագրությանը։ «Գների ձեւավորումն ու վաճառքն իրականացվում են կամայական եղանակով՝ կառավարության եւ խորհրդարանի հատուկ որոշումների հիման վրա»,— ասված է ընդդիմադիր պատգամավորների դեկտեմբերյան դիմումի մեջ։
Բայց նախագահ Բագապշի կարծիքով` շատ ավելի անվտանգ է գործ ունենալ միակ գնորդի հետ, քան մրցույթ անցկացնել։ «Մրցույթի ժամանակ հիմնական սկզբունքը առաջարկված ամենաբարձր գինն է։ Հենց այդտեղ էլ թաքնված են ռիսկերը։ Չէ՞ որ մրցույթում կարող է հաղթել նա, ում ներկայությունը երկրում անթույլատրելի է ցանկացած տեսքով»,— հայտարարեց Բագապշը հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Թաքուն մասնավորեցումը կատարվում է այնպես, որ Աբխազիան տալիս է իր հողը չնչին գնով։ Ընդ որում՝ անշարժ գույքի միակ գնորդները ռուս ձեռներեցներն են։ Աբխազ գործարարները չեն կարող մրցել նրանց հետ. նրանք պարզապես փող չունեն։ Նման անհավասարության պատճառներից մեկը դրամական զանգվածի բացակայությունն է։ Աբխազիան չունի սեփական տարադրամ, ռուբլու հոսքերը կառավարության վերահսկողությունից դուրս են, բանկերը չեն կարող վարկեր տալ մասնավոր ձեռներեցներին։ Առավել եւս՝ երբ խոսքը հյուրանոցի կամ առողջարանի նման օբյեկտների մասին է։ Նույն «Աբխազիան», որը ներդրողի վրա նստեց 60 միլիոն ռուբլի, վերակառուցման համար կպահանջի 1 միլիարդ ռուբլուց ոչ պակաս գումար։ Այնպես որ, աբխազներն ի վիճակի չեն մրցակցել ռուսական բիզնեսի հետ։
Ողջ Աբխազիայում հանգստյան տները եւ հյուրանոցներն անցնում են ռուսական հիմնարկներին։ Կաբարդինո-Բալկարիայի պետական համալսարանը վարձակալում է «Աբխազիա» առողջարանը Նոր Աֆոնում, ՌԴ-ի պաշտպանության նախարարության 12-րդ վարչությունն անվճար օգտվում է Գագրայում գտնվող «Արմենիա» առողջարանից։ Ռուսաստանի «Մինատոմի» ձեռնարկությունների ընկերակցությունը վարձակալում է գրողների հանգստյան տունը Պիցունդայում, «Կրասնոդարստրոյը» վարձակալում է առողջարան Նոր Աֆոնում, Սոչիի «Չերնոմոր-Ավիա» ընկերությունը վարձակալում է (կամ արդեն գնել է) «Գագրիպշա» առողջարանը Գագրայում։ Ընդ որում՝ տեղական բնակչությանը վերապահվում է սպասարկող անձնակազմի դերը։
Աբխազիայում հատկապես եռուն գործունեություն է ծավալել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Մասնավորապես՝ նա սեփականաշնորհել է մի պանսիոնատ Պիցունդայում եւ մի հանգստյան տուն Գագրայում։ Մոսկվայի կառավարության համար Լուժկովը ձեռք է բերել հողակտոր Սուխումիի կենտրոնում. մի քանի հեկտար՝ կանաչ գոտում, ծովից հիսուն մետր հեռավորության վրա։ Այժմ այդտեղ կառուցվում է «Սուխումի-Մոսկվա» գործարար կենտրոնը։ Ինչպես ասում են տեղացիները՝ Լուժկովի սեփականությունն են դարձել Սուխումիի «Թբիլիսի» եւ «Տուրիստ» հյուրանոցները։ Լուժկովը եւս մեկ հյուրանոց կառուցում է հանրապետական մարզադաշտի դիմաց։ Սեփական հանգիստը կազմակերպելու համար Լուժկովը բավարարվում է Սուխումիի մուտքի մոտ, Կելասուրի գետի դելտայում գտնվող առանձնատնով։ Լուժկովը հետաքրքրված է նաեւ Սուխումիի քիմիական գործարանով, բայց դեռ չի պարզել, թե ինչքան կլինի այդ ձեռնարկության շահավետությունը։
Լուժկովից բացի, Աբխազիայում գործում են եւ ուրիշ ձեռներեցներ, որոնք գնել են ընդհանուր առմամբ մոտ երկու կիլոմետր երկարությամբ ափամերձ հողատարածք Սուխումիի ներսում։ Հայտնի է, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Չիլինգարովը սեփականացրել է Չելյուսկինցիների անվան տուրիստական բազան, որի համար իր երախտագիտությունն է հայտնել` Սառուցյալ օվկիանոսի հատակին Աբխազիայի դրոշը հաստատելով։ Իսկ թե կոնկրետ ո՞վ է գնել նավավերանորոգման եւ երկաթբետոնի գործարանների շրջանում գտնվող լողափի տարածքները՝ տեղական ԶԼՄ-ներին չի էլ հետաքրքրում. ներդրողները չեն ցանկանում հայտնել իրենց անունները, իսկ Աբխազիայում ընդունված մասնավորեցման համակարգը դա թույլատրում է։
Հոդվածը պատրաստվել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման Կովկասյան ինստիտուտի` (Վրաստան) ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել