HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Մինչեւ ու՞ր են տանելու թելերը

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կողմից արտասահմանցի լրագրողի հետ հարցազրույցում մարտի 1-ին ոստիկանության զորքերի թվում առնվազն մեկ դիպուկահարի մասնակցության փաստի բացահայտումը եւ դրա մասին հրապարակումը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կողմից` բացարձակ նոր իրավիճակ ստեղծեց մարտի 1-ի գործում։

Դատախազությունն անմիջապես հաստատեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ ծավալված իրադարձություններին ոստիկանության գործողություններում դիպուկահարի մասնակցությունը՝ բերելով չափազանց խոցելի հիմնավորում. դիպուկահարը ընդամենը ապահովել է զինծառայողների անվտանգությունը, չնայած այդ ընթացքում հասցրել է վիրավորել մի քաղաքացու, որին, սակայն, պարզվում է՝ իրավապահներն այդպես էլ չեն կարողացել հայտնաբերել։ Այն հարցը, թե եթե դիպուկահարի մասնակցությունն այդքան անմեղ նպատակներ է հետապնդել, ինչու՞ դրա մասին հենց սկզբից չէին հայտարարում ո'չ ոստիկանությունը, եւ ո'չ էլ դատախազությունը, բնականաբար, մնաց անպատասխան։ Սակայն ուշագրավն այն էր, որ դատախազության այդ պաշտոնական պարզաբանման մեջ կարմիր թելով անցնում էր դիպուկահարի ինքնության չբացահայտման հանգամանքը։ Եվ դա այն դեպքում, երբ որեւէ մեկին, ըստ էության, չէր էլ հետաքրքրում, թե ինչ անուն-ազգանուն է նա ունեցել։ Որովհետեւ բոլորի համար էլ պարզ էր, որ նա ոչ թե ինքնագործունեությամբ էր զբաղվում՝ կրակելով ու վիրավորելով քաղաքացիներին, այլ կատարում էր հրաման։ Եվ պարզ էր, որ նրա ինքնության բացահայտումը հանգեցնելու էր նրան հրաման տվողի ինքնության բացահայտմանը, դրան էլ՝ վերջինիս հրաման տվողի, ու այդպես, շատ հնարավոր է, կծիկը կարող էր բացվել ու անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։ Ահա թե ինչու իրավապահներին այդքան անհրաժեշտ էր դիպուկահարի ինքնության չբացահայտումը։ 

Թերեւս, դա էր նաեւ պատճառը, որ դիպուկահարի մասնակցության դետալը որքան հնարավոր է՝ հարուցված քրեական գործում արժեզրկվել էր, եւ նա, փաստորեն, պատասխանատվությունից ազատվել էր ընդամենը ցուցմունքներ տալով։ Դրա համար էլ նախաքննությունն իրականացնող մարմինը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովից խնդրել էր իրենց վերադարձնել դիպուկահարի մասին անձնական տեղեկություններ պարունակող ողջ տեղեկատվությունը եւ դրանք ընդհանրապես չհրապարակել։

Սակայն, եթե դիպուկահարի ով լինելն այնքան էլ կարեւոր չէր, ապա նրան հրաման տվողի պարագան բոլորովին այլ է. դա հենց այն հանգուցային կետն էր, որ կարող էր պատասխան տալ գործին առնչվող գրեթե բոլոր հարցերին։ Եվ դա շատ լավ հասկանում էին իրավապահները։ Դիպուկահարի մասնակցության հանգամանքի բացահայտումը նրանց հուշեց, որ նույնը կարող է տեղի ունենալ ցանկացած «շատ նուրբ» իրողության հաշվով։ Ուստի, դատախազությունն ու ոստիկանությունը որոշեցին, որ եթե ինֆորմացիան միեւնույնն է՝ արտահոսելու է, ապա շատ ավելի ճիշտ կլինի դա անել իրենց վերահսկողությամբ եւ ուղղորդված եղանակով, այսինքն` կառավարել տեղեկատվության ատտահոսքը՝ իրավիճակը շատ ավելի կառավարելի պահելու համար։ Եվ գործընթացը սկսվեց։

Դրանից օրեր անց հանկարծ պարզվեց, որ ոստիկանությունը հրազեն, այնուամենայնիվ, կիրառել է, չնայած թե՛ դատախազությունը, եւ թե՛ ոստիկանությունը ութ ամիս շարունակ հերքում էին այդ փաստը։ Քիչ ավելի ուշ, որպես դրա շարունակություն, հանկարծ պարզվեց, որ դիպուկահարին ընդամենը մեկ անգամ կրակելու հրամանը տվել է անձամբ ոստիկանության այլեւս նախկին զորքերի հրամանատար, ոստիկանապետի նախկին տեղակալ Գրիգոր Գրիգորյանը, ով մարտի 1-ին հաջորդած օրերին ուղղակի զգայացունց հեռուստաելույթ ունեցավ այն մասին, թե ինչպես էր զինված խաժամուժը կրակում ընդամենը ռետինե մահակներով եւ վահաններով զինված 18 տարեկան զինվորների վրա։ 

Մի փոքր ավելի ուշ հանկարծ ասուլիս է հրավիրում ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Թամամյանը եւ հայտարարում, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները ղեկավարել է ինքը՝ այդ ժամանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անմիջական հսկողության ներքո։ Ուշագրավն այն է, որ նաեւ Գրիգոր Գրիգորյանն էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին տեղեկացրել, որ մարտի 1-ին Պարոնյան փողոցից ինքը ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ կապը պաշտպանում էր ընդհուպ բջջային հեռախոսի միջոցով։ Ավելին, դատելով Գրիգորյանի «վկայություններից»՝ Հայկ Հարությունյանն է ապահովել ոստիկանության ուժերի տեղակայումը իրադարձությունների կիզակետում պաշտպանության նախարարության տեխնիկայի միջոցով։ Դա առնվազն նշանակում է, որ ոստիկանապետը ոչ միայն օպերատիվ կերպով տեղեկանում էր իրադարձությունների ծավալմանը, այլեւ ղեկավարում եւ օժանդակում ոստիկանության ուժերի գործողությունները։ 

Այլ կերպ ասած՝ բացահայտումների կծիկը բացվել է` առայժմ հասնելով մինչեւ Հայկ Հարությունյանին թե՛ Ազատության հրապարակում, եւ թե՛ Ֆրանսիայի դեսպանատան մոտ ոստիկանության գործողությունների մասով: Բոլորն անուղղակի կերպով հասկացնում են. եթե ինչ-որ բան ունեք պարզելու, պարզեք նախկին ոստիկանապետից։ Արդյո՞ք Հայկ Հարությունյանը կարող էր պատասխանատվության այդ ողջ բեռը վերցնել իր ուսերին՝ Աժ ժամանկավոր հանձնաժողովի բացահայտելիքն է եւ, գուցե, ամենակարեւոր, ամենաառանցքային հարցը, որի պատասխանը այն պետք է տա։ Վերջինիս նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ իրենք անպայման կկանչեն Հարությունյանին՝ նրանից համապատասխան պարզաբանումներ ստանալու համար։ Եվ այժմ, փաստորեն, գնդակը Հայկ Հարությունյանի դաշտում է. ինչպե՞ս նա այն կխաղարկի, առայժմ ոչ ոք չգիտի։ Սակայն մեկ բան ակնհայտ է. Հայկ Հարությունյանի դրությունը, մեղմ ասած, չափազանց ծանր է. վերցնե՞լ պատասխանատվությունն ամբողջությամբ իր վրա, թե՞ նոր բացահայտումներ կատարել՝ սլաքն ավելի վերեւ ուղղելով՝ այդպիսով ձերբազատվելով պատասխանատվությունից։ 

Ներկայումս մարտի 1-ին ոստիկանության գործողությունների համար պատասխանատվություն կրողներից ոչ ոք, բացի Թամամյանից, իր պաշտոնին չէ, եւ դա պատասխանատվությունից խուսափելու թեեւ ոչ ամբողջական, սակայն որոշակի միջոց է. այս մարդկանցից միայն Գրիգոր Գրիգորյանն է, որ Աժ ժամանակավոր հանձնաժողովի միջոցով ինչ-որ բան ասել է հանրությանը։ Մյուսները լռում են։ Որքան տարօրինակ, նույնքան էլ հատկանշական է, որ հենց մարտի մեկի հետ անմիջականորեն առնչված մարդիկ ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ 

Նաեւ այդ իրողությունը, գումարվելով վերջին այս զարգացումներին, թույլ են տալիս մի պարզ հետեւություն անել. ընթանում է քավության նոխազների հետեւողական փնտրտուք։ Սակայն սա այն դեպքն է, երբ փնտրտուքն առանց զոհողությունների ավարտ չի ունենում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter