HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 10-ին կմեկնարկի Գյումրիի 7-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեն

7-րդ բիենալեի խորագիրն է «Արխիվների արխիվացում կամ ապագայի հիշողությունը», համադրող` Ազատ Սարգսյան: Ներկայացվելու է մոտ 7 նախագիծ, այդ թվում  «Like that», համադրողներ` Արման Գրիգորյան և Վահագն Ղուկասյան, «15/3», համադրող` Կարեն Բարսեղյան,«Բիենալեն առաջադիմական», համադրող` Կարեն Ալեքյան, Գյումրու Գեղարվեստի ակադեմիայի ուսանողական ցուցահանդեսը, Բրիտանական խորհրդի և Սալոնիկի ժամանակակից արվեստի կենտրոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսները: Մեր ունեցած նախնական տեղեկություններով, մասնակցության հայտ է ներկայացրել նաև ժամանակակից արվեստի կողմնորոշում ունեցող մոսկովյան «Ստելա արթ» հիմնադրամը, որն օրերս Երևանի Մոսկվայի տանը իրականացրեց «Ներքին բնապատկեր» ցուցահանդեսը: Գյումրիի բիենալեն Հայաստանի ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր միջազգային նախաձեռնություններից է, որն արդեն ավելի քան տասնամյա պատմություն ունի, ուստի և` արխիվացման /վերաիմաստավորման/ հարուստ նյութ ունի: Իբրև հաստատություն` այն իրականացնում է ԳԺԱԿ-ը` Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնը: Հապավումի մեկ տառի փոփոխությամբ ստացվող «գժուկ»-ը, թերևս, այն բառն է, որի հետ ավելի հաճախ էր ասոցացվում այս նախաձեռնությունը հետերկրաշարժյան, հետխորհրդային, հետպատերազմյան, հետգաղութային…Գյումրիում` 1997, 1998 թվականներին: Նույն թվականներին հիմնադրվեց նաև Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը, որը զգալի դեր է խաղում Գյումրու ժամանակակից արվեստի զարգացման և խթանման գործում: Փաստ է, որ առանց  խենթության, ավելի ճիշտ` խենթ էնտուզիազմի, Գյումրին այսօր չէր դառնա հայկական մարզերից ամենաառաջադեմը ժամանակակից արվեստի զարգացման առումով: «Հետք»-ի առաջիկա համարներից մեկում, բիենալեի բացումից հետո, այն կլուսաբանենք առավել հանգամանալից, ինչպես նաև կանդրադառնանք հարցին, թե մեր օրերում ինչ տրանսֆորմացիաներ է ապրում էնտուզիազմը, և ինչ խնդիրների առաջ են կանգնած Գյումրու բիեննալեի կազմակերպիչները: Այժմ միայն ասենք, որ այս հեղինակավոր նախաձեռնությունն իրականացվել է առանց ֆինանսավորման որևէ աղբյուրի օժանդակության, սակայն ինքնակազմակերպվող և էնտուզիազմից տակավին դեռ ոչ զուրկ գյումրեցի եւ երեւանցի արվեստագետների և գործիչների շնորհիվ: Եթե ի սկզբանե նախաձեռնությունը բխում էր Երևանից, ապա այսօր առաջնային խնդիր է Գյումրիի բիենալեն կայացնել որպես տեղային նախաձեռնություն, ժամանակակից արվեստի տեղային միջավայրի և ներուժի գործադրման արդյունք: Այսպիսին է մշակույթի ապակենտրոնացումը: Գյումրիի 7-րդ բիենալեի բացումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 14.00, Գյումրու Գեղարվեստի ակադեմիայում: Լիլիթ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter