
Ինչպե՞ս կարող էր պատահել, որ 2008թ. Մարտի 1-ի 10 զոհերից ոչ մեկի մահվան հանգամանքները 2,5 տարվա ընթացքում չբացահայտվեին: Նման բան կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, եթե ճշմարտությունը չբացահայտելու քաղաքական որոշում կայացված լիներ իշխանության ամենավերին օղակներում:
Այլապես մենք կունենայինք որոշ թվով բացահայտումներ, մի քանի մարդասպաններ կհայտնվեին ամբաստանյալի կարգավիճակում, ինչը մեզ կհամոզեր, որ ՀՀ իրավապահ մարմինները ջանք ու եռանդ չեն խնայում, իրենցից կախված ամեն ինչ անում են, որ բացահայտեն ճշմարտությունը եւ պատժեն մեղավորներին:
բայց երբ գործ ունենք 100 տոկոսանոց չբացահայտման հետ, ուրեմն առկա է շահագրգռություն եւ հանցավոր անգործություն: Հենց այսպիսին է Մարտի 1-ի գործը. 10 զոհ եւ մահվան հանգամանքների 0 բացահայտում: Այս վիճակագրությունն արդեն ամեն ինչի մասին խոսում է: Իշխանությունները չէին կարող չհասկանալ, որ մեկ, երկու դեպքերի բացահայտումը որոշակիորեն կփոխեր վիճակը, կմեղմեր հանրային այն համոզմունքը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն անձամբ են շահագրգռված մարտիմեկյան զոհերի մահվան հանգամանքները կոծկելու մեջ: Ամբողջ խնդիրն էլ հենց սա է:
Դեպքերից որեւէ մեկի բացահայտումը հանգեցնելու է հանցավոր բուրգի երեւակմանը, որեւէ մարդասպան ոստիկան չի ցանկանա պատասխանատվության ենթարկվել այն բանի համար, որ կատարել է իր վերադասի հրամանը, սա էլ` իր վերադասի, սա էլ` իր, սա էլ` գերագույն-գլխավոր հրամանատար հորջորջվող թյուրիմացության: Նույնը վերաբերում է նաեւ մարդասպան սափրագլուխներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել