HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջուրը խնդիրներ է առաջացրել Էջմիածնում

Արդեն 2 օր է, Էջմիածին քաղաքի Ղարիբջանյան, Չարենց, Թումանյան, Հակոբ Հակոբյան և դրանց հարակից փողոցների բնակիչները տառապում են ստամոքսաաղիքային խնդիրներով: Բնակիչները «Հետքին» տեղեկացրին, որ պատճառը խմելու ջուրն է, քանի որ անզեն աչքով էլ երևում է, որ ջուրը պղտոր է:

«Հայջրմուղկոյուղու» Էջմիածնի մասնաճյուղի կոմերցիոն բաժնի տնօրեն Ամատունի Հակոբյանը փոխանցեց, որ խնդրի մասին իրենք տեղյակ են և հիմա ջրի որակը ստուգելու համար անալիզներ են անում: «Արդեն ջրում քլորի քանակն ավելացրել ենք, որպեսզի, եթե լուծը ջրից լինի, մանրէները ոչնչանան»: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Էջմիածնի ստորաբաժանման տնօրենի տեղակալ Հասմիկ Հարությունյանը սկզբում ասաց, որ նման խնդիր չկա, հետո նշեց, թե իրենք տեղյակ չեն խնդրի մասին, քանի որ այդ մասին հիվանդանոցից տեղեկություններ չեն ստացել: «Ես գիտեմ` որ փողոցների մասին եք ասում», ավելացրեց Հ. Հարությունյանը:

«Եթե նման խնդիր Էջմիածնում չկա, ինչ գիտեք, թե որ փողոցների մասին է խոսքը» «Հետքի »հարցին ի պատասխան` տնօրենի տեղակալը պատասխանեց. «Ինչպես ձեզ են ահազանգել, այնպես էլ մեզ: Մի քանի օր առաջ այդ հատվածում վթար էր եղել, հիմա էլ ջրում քլորի քանակն ենք ավելացրել»:

Հասմիկ Հարությունյանն ասաց, որ ամեն օր ջրի որակի ստուգման նպատակով նմուշներ են վերցնում, սակայն նշեց, թե չի կարող վերջին 2 օրերի անալիզների արդյունքներն ասել. դրանք պատաստ կլինեն 2 օրից: Էջմիածնի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Մելսիդա Չիլինգարյանն էլ «Հետքին» ասաց, որ իրենց բաժանմունքում այս պահին բուժվում է 6 հիվանդ, որից 2-ին ընդունել են երեկ: Նոր ընդունված հիվանդները Փարաքար գյուղից են և նույն ընտանիքի երեխաներ: «Կոնկրետ չեմ կարող ասել, թե դիմողները ջրի պատճառով են մեզ դիմել»,-ավելացրեց բժիշկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter