HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դանակի 47 հարված. սպանության շարժառիթը խանդն էր

Դանակի 47 հարված, հիմնականում գլխին եւ պարանոցին: Խանդի հողի վրա ծնված վեճը Արթիկի բնակիչներ Ֆելիքս Չարչյանի եւ Վահագն Վարագյանի միջեւ ավարտվել է վերջինիս մահով: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ 1 դահլիճում լուրջ նախապատրաստություններ են ընթանում:

Ամբաստանյալի համար նախատեսված նստարանը եւս 2 մետրի չափով հեռացվում է ընդհանուր սրահից անջատող փայտե պատնեշից: Դահլիճում գտնվող դատական կարգադրիչների թիվը հասնում է 10-ի, նույնքան ոստիկաններ էլ ուղեկցում են ամբաստանյալին: Դահլիճ մուտք գործողները ենթարկվում են խստագույն ստուգման: Այս տարվա հունվարի 26-ին Արթիկում տեղի ունեցած դաժան սպանության դատական գործի քննությունը տարածքով փոքր թիվ 5 դահլիճից շիկացած մթնոլորտի պատճառով տեղափոխվել էր առավել մեծ սրահ: Սպանված տղայի ազգակից կանայք թքել էին սպանության պատճառ հանդիսացող կնոջ վրա, եղել էին փոխադարձ հայհոյանքներ եւ սպառնալիքներ: 2-րդ դատական նիստի ժամանակ կրքերը հանդարտված չէին: Նիստը դեռ չավարտված` դահլիճում ծեծկռտուք էր սկսվել էր: Սպանված տղայի երիտասարդ հարազատները, անցնելով արգելապատնեշը, հարձակվել էին ամբաստանյալի վրա: Օգոստոսի 3-ի դատական նիստին էլ փոխադարձ հայհոյանքների տարափ տեղաց: «Դե բերեք էդ ղանջղին»,- չդիմանալով` տեղից բարձրաձայնեց սպանված Վահագն Վարագյանի մորեղբայրը: Տղամարդկանցից մեկը հայհոյեց:

Ներս մտնող ամբաստանյալ Ֆելիքս Չարչյանն էլ, «տակ չմնալով», պատասխանեց` շղթայված երկու ձեռքերի միջնամատերը դահլիճին ցույց տալով եւ պատասխան հայհոյանքով: Նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը կարողացավ հանդարտեցնել դահլիճում եռացող կրքերը: Սպանված տղայի եղբորը դատական կարգադրիչները դուրս տարան: «Ակտավորեք, ես գործ եմ հարուցելու դրա դեմ»,- զայրացած հայտարարեց դատավորը: Մյուսները զգուշացվեցին, որ եթե խանգարեն նիստը, կհեռացվեն եւ կտուգանվեն: Դատական 4-րդ նիստը գրեթե չի տարբերվում նախորդներից:

Դահլիճից հնչող սպառնալիքներ, փոխադարձ հայհոյանքներ, ամոթանք ու զգուշացումներ դատավորի կողմից եւ սպանվածի հարազատներից մեկի հերթական արդարացումը. «20 տարեկան տղուն ենք հողը դրել, իսկ դուք ասում եք` հանգիստ մնացեք, ինչը հանգիստ մնանք, պարոն դատավոր, արնախում է էդ տղեն, արնախում»:

Ըստ ամբաստանյալ Ֆելիքս Չարչյանի տված ցուցմունքների` կինը` Նելլի Չարչյանը, անտարբեր չի եղել տաքսու վարորդ Վահագն Վարագյանի նկատմամբ: Վահագն էլ իր հերթին առիթը բաց չի թողել սիրահետելու կնոջը: Նելլի Չարչյանն անհատ ձեռնարկատեր է եւ Արթիկի Բաղրամյան փողոցում հագուստի խանութ ունի, զբաղվում է մանրածախ առեւտրով: 2009 թ. սեպտեմբերից Արթիկ քաղաքի բնակիչ Վահագն Վարագյանը պայմանավորված վարձավճարով իր «Օպել վեկտրա» մակնիշի մեքենայով տաքսի ծառայություն է մատուցել Չարչյաններին: 2009 թ. նոյեմբերից Ֆելիքս Չարչյանը սկսել է կասկածել, որ կինն ու Վահագն Վարագյանը համակրում են իրար: Ապացույցներ չի ունեցել, սակայն կնոջն առաջարկել է հրաժարվել Վահագնի ծառայություններից:

Կինը չի համաձայնվել ` ասելով, որ ով էլ ընդունվի Վահագնի փոխարեն, մեկ է` Ֆելիքսը խանդելու է: Քանի որ կինը հրաժարվել է կատարել խնդրանքը, Ֆելիքսը որոշել է իր «Սոնի Էրիքսոն K-850 i» մակնիշի բջջային հեռախոսով գաղտնի ձայնագրել կնոջ եւ Վահագնի հեռախոսային խոսակցությունները եւ համոզվել, որ կասկածները ճիշտ են: 2010 թ. հունվարի 26-ին` դեպքի օրը, ժամը 14-ի սահմաններում, ըստ ամբաստանյալի, ինքը տեսել է Արթիկի Աբովյան եւ Բաղրամյան փողոցների խաչմերուկով մեքենայով անցնող Վահագնին: Վերջինս կանգնել է եւ իրեն առաջարկել նստել մեքենա: Այնինչ Վահագնի հարազատները պնդում են, որ իրենց տղան այդ օրը եղել է Երեւանում եւ Արթիկ է վերադարձել կեսօրից հետո, Ֆելիքսն ինքն է զանգել կանչել տղային, որ ամբաստանյալը պատրաստված է եղել` ձեռնոցներ ու դանակ է վերցրել: «Ես դանակի սեր փոքրուց եմ ունեցել, ըդիկ իմ հոբբիս է` դանակներ հավաքելը, իմ մոտս միշտ դանակ եղել է»,- փորձեց պաշտպանվել ամբաստանյալը: Ամեն դեպքում տղաները հանդիպել են եւ գնացել Շինարարների թաղամաս, որտեղ, Ֆելիքսի պատմելով, Վահագնը ինչ-որ մեկին պիտի հանդիպեր: «Ստեկլոմաշ» գործարանին չհասած, ըստ Ֆելիքսի, Վահագնը ետ է դարձել ու գնացել մարզադաշտի տրիբունաների ուղղությամբ` ասելով, որ այստեղ ավելի հարմար է սպասելը: Տուժողի հարազատների պնդմամբ` Ֆելիքսն է ընտրել այդ խուլ, ամայի տեղը, քանի որ Վահագնի հետ հանդիպել էր ոչ խաղաղ նպատակներով: Մեքենայում խոսակցություն է ծավալվել Նելլիի շուրջ: Վահագնը մեղադրել է Ֆելիքսին կնոջ հետ վատ վարվելու համար: Ֆելիքսն էլ ասել է, որ դա իրենց խնդիրն է: Ֆելիքս Չարչյանի տված ցուցմունքի համաձայն` Վահագնը շարունակել է պնդել, որ Նելլին իրեն դուր է գալիս. «Ըսավ` վօօբշեմ, Նելլին իմս բդի էղնի, դու ըստեղ լիշնի էս, դավայ էղի: Ըդտեղ էլ չեմ հիշե, թե հետս ինչ կատարվավ, դանակը հանել ու զարկել եմ: Մնացածը չեմ հիշե»: Նախաքննության ընթացքում հստակ պատասխանելով քննիչի հարցերին` արդեն դատարանում Ֆելիքս Չարչյանը փորձում էր ստեղծել աֆեկտի վիճակում իրականացրած գործողության պատկեր` դատավորի սպանության մանրամասների վերաբերյալ հարցերին տալով «չեմ հիշում» պատասխանը: Նշանակված ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննությամբ Ֆելիքս Չարչյանի մոտ հայտնաբերվել է «անձի եւ վարքի օրգանական խանգարումներ»: Իրավախախտումը կատարելիս Ֆ. Չարչյանը չի գտնվել աֆեկտի վիճակում: Ուստի անցկացված փորձաքննության արդյունքում Չարչյանը ճանաչվել է մեղսունակ: Հանրային պաշտպան Մամիկոն Մուրադյանը դատավարության ընթացքում միջնորդություն ներկայացրեց եւս մեկ անգամ դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատավոր Էդվարդ Մանուկյանը մերժեց` նշելով, որ արդեն իսկ ապացուցված է, որ ամբաստանյալը սպանություն կատարելիս գտնվել է հուզական գրգռման վիճակում, սակայն հստակ գիտակցել է իր գործողությունները: Մեքենայում Ֆելիքսը նստած է եղել դիմացի նստարանին` վարորդի կողքին, սակայն չգիտես ինչու Վահագնի դիակը հայտնաբերվել է մեքենայի աջ դռան մոտ ընկած: Վահագնի դուռը փակված է եղել ներսից: «Դուք կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես պատահեց, որ սպանվածը հայտնվեց դրսում, մեքենայի աջ կողմում»,- ամբաստանյալին հարցրեց դատավոր Էդվարդ Մանուկյանը: «Չգիտեմ,- պատասխանեց Ֆելիքս Չարչյանը,- չեմ հիշե, պարոն դատավոր, ես կհիշեմ, որ ինքն ընձի հրեց, ու ըդուրից հետո ես դանակը հանել, զարկել եմ, հետոն չեմ հիշե»: Հետո, երբ ուշքի է եկել, անմիջապես դիմել է փախուստի: Այդ օրը Չարչյանների բարեկամներից մեկի աղջկա ամուսնության կապակցությամբ հանդիսությանը հրավիրված են եղել նաեւ Ֆելիքսն ու կինը: Ֆելիքսը զանգել է մորաքրոջ տղային, որպեսզի իրեն հասցնի Մեծ Մանթաշ: Նախ մտել է մորաքրոջ տուն, ասել, թե իբրեւ ընկել է սառույցի վրա ու վնասել ձեռքերը, դրա համար էլ հագուստն արյունոտված է: Մորաքրոջ տանը զգեստափոխվել է, վիրակապել ձեռքերը, այնուհետեւ գնացել հարեւանությամբ գտնվող Կարապետ Մկրտչյանի տուն` խնջույքին մասնակցելու: Զանգել եւ այնտեղ է կանչել նաեւ կնոջը: Նելլին նախ զարմացել է` ամուսնուն այլ հագուստով, ձեռքերը վիրակապած, գունատված եւ այլայլված տեսնելով: Կնոջ հարցապնդումներին Ֆելիքսը սկզբում պատասխանել է, թե կռիվ է արել, հետո ավելացրել է.

«Ով մեզ խանգարում էր, էլ չի խանգարի, մեր կյանքի մեջ խառնվող կար, հիմա էլ չկա, հանգիստ կապրենք»: Ֆելիքս Չարչյանը ձերբակալվել է դեպքի օրը, երեկոյան: Ամբաստանյալի բնակարանից խուզարկության արդյունքում առգրավվել է բջջային հեռախոսի հիշողության 4 կրիչ, դրանցից մեկը դրված է եղել համակարգչին միացվող «Սոնի» տեսակի սարքի վրա: Հետագայում կրիչների պարունակած ողջ խոսակցությունը վերծանվել է:

Առգրավվել են նաեւ գործարանային արտադրության հոդակապաիրանային, երկսայր շեղբով տուրիստական դանակը, որով կատարվել է սպանությունը, ամբաստանյալի հագուստները` վրան արյան բծերով, բջջային հեռախոսներ, այդ թվում եւ Վահագն Վարագյանին պատկանող բջջայինը, որն ամբաստանյալը սպանությունից հետո տարել էր իր հետ: Աղմկալից սկիզբ ունեցող դատավարության վերջին փուլը եւս առանց միջադեպերի չընթացավ:

Դատավճռի հրապարակման օրը, դատավարության հենց սկզբում բարձրացրած աղմուկի պատճառով դատավոր Էդվարդ Մանուկյանը ստիպված եղավ հրահանգել դահլիճից հեռացնել սպանված Վահագն Վարագյանի բոլոր հարազատներին: Դատարանն ապացուցված համարեց 29-ամյա Ֆելիքս Չարչյանի մեղքը, նրան հանցավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտեց 11 տարվա ազատազրկման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter