HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Գուցե դո՞ւք օգնեք»

« ...Ինչո՞ւ չի գործում «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, ո՞վ է պատասխան տալու դրա համար, երբեւէ գործելո՞ւ է այն»: Բժշկական գիտությունների դոցենտ, պատվավոր պրոֆեսոր Ալբերտ Տեր-Գալստյանը եւ ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գառնիկ Վերմիշյանն այս հարցերն ուղղել են ՀՀ նախագահին, վարչապետին, աշխատանքի եւ սցիալական հարցերի, կրթության եւ գիտության, արդարադատության նախարարներին:

« ...Մենք դիմել ենք համարյա բոլոր մարմիններին, սակայն ոչ մի որոշակի պատասխան չենք ստացել: Գուցե դո՞ւք օգնեք»,- իշխանության ներկայացուցիչներին հարցրել են դիմումատուները: 

Պրոֆեսոր Ալբերտ Տեր-Գալստյանը նշում է, որ պատկան մարմիններին հղած իրենց դիմումների տակ ստորագրել են մոտ երկու տասնյակ գիտնականներ` գիտությունների թեկնածուներից մինչեւ պատվավոր պրոֆեսորներ: «Մենք անհամեմատ ավելի շատ ենք: Հարյուրավորները չեն ստորագրել, բայց, միեւնույն է, մեզ հետ են, որովհետեւ իրենք էլ նույն անարդարության զոհերն են»,- ասում է պրոֆեսորը: 

Շուրջ մեկ տարի է` գիտնականները փորձում են գրագրության միջոցով իշխանություններից որեւէ տրամաբանական բացատրություն ստանալ, թե ինչո՞ւ կառավարությունը 8 տարի շարունակ չի կատարում իր պարտականությունները: 

2000 թ. դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովն ընդունել է «Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, որի 19-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը եւ տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը»: Օրենքի ընդունումից 21 օր անց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վավերացրել է այն, եւ օրենքն անմիջապես մտել է ուժի մեջ: Սակայն մինչ օրս կենսաթոշակի անցած գիտնականները հավելավճար չեն ստանում: 

«Պարզվում է, որ պրոֆեսորը կարող է ստանալ 31-32 հազար դրամ թոշակ, ու դրա չափը ամեն տարի ավելանում է 200 դրամով: Իսկ, ասենք, միլիցիայի մայորը ստանում է 96 հազար: Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը»,- հարցնում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Ավանյանը:  

«Ազգային ժողովը, Ձեր մատնանշած խնդրի հետ կապված, իր առաքելությունն ավարտել է` սահմանելով հավելավճար: Ցավոք սրտի, կառավարությունը դեռեւս չի սահմանել դրա չափը եւ տրամադրման կարգը, ինչի պատճառով գիտական աստիճան ունեցող անձինք հավելավճար չեն ստանում»,- ի պատասխան գիտնականների հարցմանը` նշել է ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը: Նա խորհուրդ է տվել դիմել կառավարությանը, «քանի որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է կառավարության որոշումը»: 

Նախկին եւ ներկայիս վարչապետեր Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին ուղղված դիմումներն ամեն անգամ մակագրվել են տարբեր նախարարություններ: «Կա´մ կրթության նախարարին են ուղարկում, կա´մ էլ` սոցիալական ապահովության: Ամեն տեղ դիմել ենք, բայց մեկը մեկի վրա էր գցում»,- դժգոհում է պրոֆեսոր Ավանյանը:  

Ի վերջո, Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը պատասխանել է, թե նախատեսվում է հիշյալ օրենքը ենթարկել փոփոխության` «հանելով 19-րդ հոդվածի 3-րդ մասը, քանի որ այն հակասում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքին»: Թե ինչո՞վ է այս օրենքին հակասում գիտական աստիճան ունեցողներին հավելավճարի տրամադրումը, գիտնականների համար անհասկանալի է:  

«Եթե խնդիրը ֆինանսական է, թող պատգամավորներին այդքան բարձր աշխատավարձ, հետն էլ պետության հաշվին մի քանի հատ օգնականներ չտան: Միեւնույն է, նրանք խորհրդարանում քնելուց ու կոճակ սեղմելուց բացի ուրիշ բան չեն անում»,- նշում է պրոֆեսոր Ավանյանը: Նա զարմանում է նաեւ, որ վերջերս ԱԺ-ն, հավանություն տալով կառավարության նախագծին, որոշեց կրկնակի բարձրացնել դատավորների ու գլխավոր դատախազի աշխատավարձերը:  

«Սա նշանակում է, որ պետության հաշվին դատախազին կաշառք են առաջարկում: Չէ՞ որ ամեն անգամ կաշառակերությունից խոսելիս իշխանավորներն առաջին հերթին հիշում են ուսուցիչներին, բժիշկներին ու դասախոսներին: Ուրեմն, թող նրանց աշխատավարձը բարձրացնեն»,- ասում է դոկտոր-պրոֆեսոր Վիգեն Ավանյանը:  

Գիտնականներն այժմ խորհրդակցում են իրավաբանի հետ եւ որոշել են կառավարության անգործությունը դարձնել դատաքննության առարկա: Նրանք նշում են, որ եթե մեր դատարաններում ոչնչի չհասնեն, դիմելու են նաեւ միջազգային դատարան, «որպեսզի կառավարությանը պարտադրվի վերջապես կիրառել վաղուց ընդունված օրենքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter