
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում քառակուսի գլխով մարդիկ չկան
Հարցազրույց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի հետ
«Digitec - 2010» ցուցահանդեսի առիթով Ձեր կայքում տեղեկատվություն կա, որ «Digitec» ցուցահանդեսը նաեւ ներդրումների ներգրավման նպատակ ունի: Որքանո՞վ եք հասնում ձեր նպատակին:
Մեր գործը ուղղակիորեն ներդրումների նպատակը չէ, այլ ներդրումների միջավայր ստեղծելն է: Ներդրումների համար ի՞նչ է պետք: Որ մարդիկ տեսնեն շուկան, վստահեն այդ շուկայի գործընկերներին եւ ներդրում անեն: Մեր նպատակը այդպիսի միջավայր ստեղծելն է: Վառ օրինակներ շատ կան, որ «Digitec»-ի շնորհիվ Հայաստան են մտել այնպիսի խոշորագույն համաշխարհային ընկերություններ, ինչպիսիք են «National Instruments»-ը, որն այսօր շատ լուրջ հաջողության պատմություն է Հայաստանի համար: Մուտքը տեղի է ունեցել «Digitec» ցուցահանդեսի միջոցով: Նույնը կարող եմ ասել «Mitsubishi Electric» ընկերության մասին: Շատ ընկերություններ Հայաստան մուտք են գործում հենց «Digitec»-ի միջոցով, որովհետեւ գալիս են մեկ տեղում տեսնում են շուկան, մեկ տեղում տեսնում են համայնքը, մեկ տեղում տեսնում են գործընկերներին, եւ որոշում ընդունելը էականորեն հեշտանում է: Այդ իմաստով ցուցահանդեսը նպաստում է ներդրումների ներգրավմանը:
Այցելելով ցուցահանդես` նկատում ենք, որ այցելուների մեջ շատ են շարքային քաղաքացիները: Փաստորեն, Հայաստանում հետաքրքրություն կա տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ:
Ընդհանրապես, տեղեկատվական տեխնոլոգիաների նկատմամբ Հայաստանում մեծ ակտիվություն կա: Մենք հետազոտություն ենք արել, թե ինչ է փնտրում այցելուն ցուցահանդեսում: Այսինքն` հարցում ենք արել, թե ինչո՞ւ են եկել ցուցահանդես: Զգալի մասը փնտրում է նոր տեխնոլոգիաներ: Զգալի մասը մոբիլ տեխնոլոգիաների մուտքից հետո փնտրում է նոր մոբիլ լուծումներ:
Իսկ ինչո՞ւ դա խթան չի հանդիսանում, որպեսզի ոլորտի բոլոր ընկերությունները մասնակցեն:
Հայաստանում կա 230-240 ՏՏ ընկերություն, ցուցահանդեսին մասնակցում է շուրջ 60-ը: Ցուցահանդեսը մարկետինգային գործիք է: Ընկերությունը մասնակցում է այն ցուցահանդեսին, որտեղ շուկա ունի: Այդ պատճառով շատ ընկերություններ կան, որոնց հաճախորդը ցուցահանդես չի այցելում, ինքն էլ լրացուցիչ մարկետինգային ջանքեր թափելու կարիք չունի: Կամ` հաճախորդը ընդհանրապես Հայաստանում չէ: Չնայած ունենք նաեւ շատ մասնակցող ընկերություններ, որոնց շուկան Հայաստանից դուրս է: Բայց նրանք էլ մասնակցում են նոր տաղանդների հետ հանդիպելու համար: Սա էլ է մարկետինգային խնդիր: Բայց ինքը գալիս է` իմանալով, որ «Digitec»-ի այցելուների 50 տոկոսը երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ են: Իր համար հետաքրքիր է հանդիպել այն մարդու հետ, որն իսկապես ուզում է իր մոտ աշխատել:
Կարո՞ղ է, արդյոք, Հայաստանում ստեղծվել մի իրավիճակ, որ ՏՏ ոլորտում վերջնական արտադրանք թողարկվի տեղում եւ վաճառվի, թե՞ Հայաստանը շարունակելու է մնալ որպես ամբողջական արտադրանքի ինչ-որ դետալ պատրաստող երկիր:
Այդքան էլ այդպես չէ: Հայաստանում գտնվում են հիմնականում ինժեներական կենտրոնները, որոնք կոնկրետ ինժեներական խնդիրներ են լուծում մինչեւ վերջ: Հետո ինժեներական այդ լուծումները փոխանցում են իրենց մայր ընկերությանը, որը ենթադրենք Միացյալ Նահանգներում է: Նա էլ արդեն իրականացնում է մարկետինգը կամ, օրինակ, այնտեղից փոխանցում է այլ տեղ: Դժվար է ասել` տեխնոլոգիական ոլորտում ամբողջապես արտադրելը ինչ է նշանակում:
Գուցե Հայաստանում մոնոպոլիա կա, դրա համար չեն ուզում ամբողջը այտեղ արտադրել:
Չէ, չկա այդպիսի մոնոպոլիա: Այդ ոլորտում չկա մոնոպոլիա: Ընդհանրապես բացառվում է այդ ոլորտում մոնոպոլիան: Տեխնոլոգիական ոլորտում ի՞նչ մոնոպոլիա: Մոնոպոլիան քառակուսի գլխով մարդկանց համար է, որոնք բիզնես չեն կարողանում անել, գնում պայմանավորվում են, իրենց համար ինչ-որ մոնոպոլիաներ են ստեղծում: Այստեղ քառակուսի գլխով մարդ չկա:
Ձեր կայքում տեղեկատվություն կա, որ 1987թ., ըստ տարբեր հաշվարկների, Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ոլորտում աշխատում էին շուրջ 100.000 մասնագետներ, որի շնորհիվ տարածաշրջանում Հայաստանը ընկալվում էր որպես բարձր տեխնոլոգիաներ ունեցող երկիր:
Ոչ միայն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, փոքր թիվ եք ասում, միայն հաշվիչ տեխնիկայի ոլորտում 100 հազար մարդ կար: Եվս 100 հազար մարդ կար էլեկտրատեխնիկայի ոլորտում, եւս տասնյակ հազարավոր մարդիկ կային բարձր որակի քիմիայի ոլորտում եւ այլն: Այսինքն` տեխնոլոգիական ոլորտի աշխատողների քանակը մի քանի հարյուր հազար է: Ինտելեկտուալ զանգվածը արտագաղթեց: Աշխատանքի պայմաններ չկային: Ես չեմ կարծում, որ արտագաղթեց, ուղղակի նրանց իմացածը հնացավ: Մեծ մասը մնացին այստեղ եւ իրենց գիտելիքները չօգտագործելով հնացրին: Այստեղ կարեւոր խնդիրը գիտելիքները թարմացնելն էր:
Իսկ Հայաստանում հնարավոր չէ՞ հասնել 87 թ.-ի մակարդակին:
Դա կապված է հայերի ցանկության հետ: Հայերը ցանկություն ունեին մանր առեւտուր անել, ստացան այդ շրջանը: Իհարկե, արհեստականորեն ստեղծվեց այդ ցանկությունը. 92-94 թթ., երբ լույսերն անջատեցին, նաեւ ստեղծեցին չաշխատելու, մանր առեւտրով ապրելու ցանկություն: Մարդիկ չունեին այդ ցանկությունը: Իրենք այդպիսի փորձ չունեին: Արհեստականորեն ստեղծեցին: Մարդկանց շեղեցին ճիշտ ճանապարհից: Հիմա ժամանակն է վերադառնալու: Ես կարծում եմ` որքան հեշտ մարդիկ շեղվեցին, էնքան էլ հեշտ կարող են վերադառնալ:
Ի՞նչ եք ակնկալում այս տարվա ցուցահանդեսից:
Ավելացնել այցելուների թիվը: Դա կարեւոր է, որովհետեւ ցուցահանդեսն ունի նաեւ կրթական նպատակ, մարդկանց ցույց տալու, որ տեխնոլոգիական զարգացումն ապագա ունի, բերեք երեխաներին այդ ուղղությամբ: Մյուս խնդիրը` իհարկե ուժեղացնել համագործակցությունը Հայաստանի ներսում. հաճախ ընկերությունները տեղյակ չեն մեկը մյուսի արտադրանքից, չգիտեն, թե ինչպես կարող են համագործակցել. «Digitec» ցուցահանդեսն օգնում է նաեւ այդ կամուրջները գցել:
Մեկնաբանել