HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ ազգային կոնգրեսը վերնվաճելու է Ազատության հրապարակը

ՀԱԿ-ի հայտարարությունը` քաղաքապետարանի վերջին որոշման վերաբերյալ Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը դիմել էր քաղաքապետարան` սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու հայտով: Պատճառաբանելով մեկ այլ միջոցառման անցկացումը` քաղաքապետարանն արգելել է Ազատության հրապարակում հանրահավաքի անցկացումը: Համաձայն օրենքի` զանգվածային, հրապարակային միջոցառման անցկացման արգելումը այլ միջոցառման անցկացման պատճառաբանությամբ կարող է լինել միայն այնպիսի միջոցառումների դեպքում, «որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում»: Դա 13.1.1 կետն է: Բոլորը հավասար են օրենքի առջեւ, եւ եթե քաղաքապետարանը ցանկանում է այնպիսի միջոցառում անցկացնել, որը կարող է հիմք ծառայել այլ միջոցառումների արգելման համար, ուրեմն պիտի օրենքով սահմանված կարգով իրազեկել միջոցառման մասին, ինչը չի արվել: Այսպիսով` արգելման մասին քաղաքապետարանի որոշումը բացարձակ ապօրինի է: Բոլորիս հասկանալի է, սակայն, որ գործելով ապօրինության դաշտում` Երեւանի քաղաքապետարանը եւ նրա վճիռը հաստատող դատարաններն ուղղակի կատարում են Սերժ Սարգսյանի հրամանները: Իրականում հենց գործող բռնապետական ռեժիմն է, որ պատրաստ է մանր աֆերիստի մեքենայություններով դիմել ամենաճղճիմ քայլերի, քանդել եւ երկու տարի շարունակ քանդած վիճակում պահել հրապարակը, իսկ բացումից հետո կազմակերպել անհեթեթ միջոցառումներ, փչացնել Ազատության հրապարակի տեսքը մանկապարտեզի խաղալիքներով ու կարուսելներով, ըստ էության, թաքնվել մանուկների կենդանի վահանի հետեւում, միայն թե թույլ չտալ միացյալ ընդդիմությանը անցկացնել հանրահավաք հայկական ժողովրդավարության օրրանում` Ազատության հրապարակում: Ռեժիմի սարսափը հասկանալի է: Ազատության հրապարակը կոչվում է այդպես այն պահից, երբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը: Այն կոչվեց այդպես, որովհետեւ այնտեղ է ծնվել մեր ժողովրդի ազատությունը, ինքնիշխան ժողովրդի եւ իր երկրի տեր քաղաքացու զգացողությւնը: 1988-1990-ական թթ. համաժողովրդական ցույցերը Ազատության հրապարակում վճռորոշ դեր խաղացին ժողովրդավարության հաղթանակի համար, իսկ հետագայում Ազատության հրապարակը ավանդաբար ծառայել է մեր ազատատենչ ժողովրդի քաղաքական ակտիվության եւ ցույցերի տեղի: Արգելելով ցույցերը Ազատության հարապարակում` ինչպես դա անում էր ամբողջատիրական սովետական ռեժիմը, իշխանությունները իրականում ցանկանում են արմատավորել մեր հասարկության գիտակցության մեջ, որ 1998-1990-ական թթ. թավշյա ժողովրդավարական հեղափոխության այդ նվաճումները այլեւս չեն գործում: Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքից սարսափելով` իշխանությունները նաեւ ընդունում են, ըստ էության, որ չեն տիրապետում իրավիճակին երկրում եւ հակառակ իրենց հենց պնդումների` չեն համարում ներքաղաքական ճգնաժամը կարգավորված: Իշխանությունները իրենց գործողություններով ցույց են տալիս, որ, փաստորեն, պատարստ են խախտել երկրի Սահմանադրությունը եւ օրենքները, Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան, խաթարել երկրի միջազգային վարկը, միայն թե թույլ չտան Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքը: Նման վիճակում մեզ` Հայ ազգային կոնգրեսին, այլ բան չի մնում, քան սկսել հայկական ժողովրդավարության համար Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը: Այդ գործընթացի արդյունավետությունը ապահովելու, միեւնույն ժամանակ քաղաքական առճակատումը հնարավորինս մեղմելու նպատակով մենք տրամադրում ենք խուճապահար այս իշխանություններին հնարավորություն` բանական ժամկետներում հարցը կարգավորելու Հայաստանի Սահմանադրության եւ օրենքների պահանջների շրջանակում: Այդ ընթացքում միացյալ ընդդիմությունը կիրականացնի հետեւյալ գործողությունները. 1.    Սեպտեմբերի 17-ի հանրահավաքը կանցկացվի Մատենադարանի մոտ: 2.    Հայ ազգային կոնգրեսը ամենօրյա ռեժիմով հայտեր կներկայացնի Երեւանի քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու նպատակով: 3.    Արգելման ապօրինի որոշումները կվիճարկվեն բոլոր դատական ատյաններում, ընդհուպ մինչեւ Եվրոպական դատարանը, կներկայացվեն Եվրոպայի խորհրդին, միջազգային այլ դեմոկրատական ինստիտուտներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին: Իսկ եթե տրամադրված այդ բանական ժամկետներում իշխանությունները, մերժելով ազատ հանրահավաքներ անցկացնելու ժողովրդի սահմանադրական իրավունքը, չընդունեն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու որեւէ հայտ, ապա միացյալ ընդդիմությունը իրեն իրավունք է վերապահում նշանակելու հանրահավաք Ազատության հրապարակում եւ այն անցկացնելու` անկախ նրանից, թե ինչ որոշում այդ մասին կընդունեն իշխանությունները: «Այս ծրագրի մանրամասների մասին սեպտեմբերի 17-ի հանրահավաքում ավելի լուրջ կխոսենք եւ կարելի է ասել, որ Ազատության հրապարակի վերանվաճման գործընթացը մենք համարում ենք սկսված, իսկ սեպտեմբերի 17-ի հանրահավաքը, կարծում եմ, լուրջ նպաստ կբերի այս գործընթացի իրականացման համար»,- այսօր կայացած ասուլիսում ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter