HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլիբեկյան կրտսերը` Էլիբեկյան ավագի 100-ամյակին

Հայաստանյան սեպտեմբերը հագեցած է ուշագրավ ցուցահանդեսներով: Սեպտեմբերի 10-ին` Գյումրիի 7-րդ ժամանակակից արվեստի միջազգային բիենալեի բացումից մեկ ժամ անց` 15:00-ին, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, տեղի կունենա Հենրի Էլիբեկյանի «Թիֆլիսյան կերպարներ» դիմանկարաշարի ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է նկարչի հոր` թիֆլիսյան դպրոցի պրիմիտիվիստական ուղղության ներկայացուցիչ Վաղարշակ Էլիբեկյանի 100-ամյա հոբելյանին: 1960-70-ականների հայկական ազգային մոդեռնիզմի համայնապատկերում թիֆլիսյան դպրոցն իր ուրույն նշանակությունն ունի: Թիֆլիսից` նախահեղափոխական և հետհեղափոխական համակովկասյան մշակութային կենտրոնից, ծնունդ են առել ամենաականավոր հայ մոդեռնիստ նկարիչներ Գեորգի Յակուլովը և Երվանդ Քոչարը, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը և Գևորգ Գրիգորյանը` Ջոտտոն, Գայանե Խաչատուրյանը, Էլիբեկյանները և շատ ուրիշներ: Էլիբեկյանների տոհմի երեք ամենավառ ներկայացուցիչներն են հայր Վաղարշակ, ավագ որդի Հենրի և կրտսեր որդի Ռոբերտ Էլիբեկյանները: Վերջիններս` երկու իրարամերժ արվեստագետ, ամենքը յուրովի, զգալի դեր խաղացին հայկական ազգային մոդեռնիզմի կայացման մեջ: Նրանց հայրը Թիֆլիսում հայկական թատրոնի տնօրենն էր, ականավոր մշակութային գործիչ, ով ինքնուս նկարիչ էր, սակայն թիֆլիսյան քաղաքային կյանքը պատկերող իր նաիվ արվեստով նա հարստացրեց թիֆլիսահայ պրիմիտիվիզմի համայնապատկերը: Թատերական միջավայրում մեծացած և ձևավորված երկու արվեստագետ եղբայրներն էլ թատերայնությունն իրենց գեղանկարչություն են ներմուծել ոչ միայն իբրև թեմա կամ սյուժե, այլ իբրև կեսազգացողություն: Կառնավալային (տեղայնացված բառով եթե բնութագրենք` «կինտոիզմի») արքետիպի կրող Թիֆլիսը խորհրդային իրականությունից շրջվելու և զուգահեռ միստիֆիկացված իրականություն կերտելու մղումներին տեղ տալու հարուստ նյութ էր մատուցում նկարիչներին: Իր զգացմունքային պոռթկումներին ստեղծագործությամբ հագուրդ տվող Հենրի Էլիբեկյանի համար միմյանց հետ զուգորդվող հոր և իր ծննդավայր Թիֆլիսի կերպարները ենթագիտակցության խոր ծալքերից բխող արքետիպեր են: Այսպես` էլիբեկյանական անփոփոխ էքսպրեսիվ ժեստով է որդին նշում իր հոր 100-ամյակը` վերջինիս հուշը ձուլելով թիֆլիսյան կերպարներում: Լիլիթ Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter