
«Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք չէ»
Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի հետ
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն էր: Ստորեւ բերվող երկու հարցազրույցները Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին են:
- Ի՞նչ միջոցառումներ են իրականացվել Հայաստանի դատական համակարգի բարեփոխումների առումով, եւ արդյոք դրանից մեծացե՞լ է մարդկանց վստահությունը դատարանի հանդեպ:
- Իսկապես, վերջին տարիներին դատաիրավական փոփոխությունների (չեմ ասում բարեփոխումներ) պակաս չենք զգացել: Վատն այն է, որ ամեն ինչ չափից ավելի է փոփոխվում: Ով գալիս եւ ինչ ասում է, միանգամից սկսում են փոխել: Օրենք փոխելը դարձել է շատ հասարակ բան: Մարդ չպետք է առավոտյան արթնանալիս չիմանա, թե ի՞նչ օրենքներ են նրա նկատմամբ այսօր գործում: Դատարանի հանդեպ վստահություն ներշնչելու փորձերն ու միջոցառումներն ավելի շատ են, քան գործնական քայլերը: Դատարանը մեկն է, եւ պետք չէ այն գովազդել, պետք է պարզապես մեկ արդար վճիռ կայացնել, եւ բոլոր հարցերը կլուծվեն: Ինչպե՞ս կարելի է մարդկանց մոտ վստահություն ունենալ, եթե դատարանի վճիռները երբեմն, մեղմ ասած, հիմարություն են լինում: Ինձ ծանոթ վճիռներից մեկում գրված էր, որ «թեեւ վկաների նկատմամբ բռնություններ կիրառվել են, սակայն, դա արվել է ճշմարտությունը բացահայտելու համար»: Այս դատավճիռն անցել է բոլոր ատյաններով եւ մնացել անփոփոխ: Ես անգամ տեսել եմ մի մեղադրական դատավճիռ, որի մեջ գրված էր. «Ամբաստանյալի մեղավորությունը հաստատվում է այն հարցաքննության արձանագրությամբ, որտեղ նա հրաժարվել է ցուցմունք տալ` պահանջելով դատապաշտպան»: Եվ ես ականատես եմ եղել սրանից դեպի լավը չտարբերվող մի շարք դատական ակտերի:
- Մարդու իրավունքների խախտման ո՞ր դեպքերում է դատարանն անկախ, եւ ո՞ր դեպքերն են, որոնց մասին դատավարության մասնակիցները եւ փաստաբաններն ասում են` «կանխավ լուծված են»:
- Ինչ վերաբերում է քաղաքացիական ամուսնալուծության, ալիմենտների, անշարժ գույքի բաժանման եւ նման կարգի կենցաղային բնույթի դատավարություններին, ապա մեր դատարանները լիարժեք անկախ են, եթե, իհարկե, վիճող կողմերից մեկը ինչ-որ մեկի խնամին կամ բարեկամը չէ: Բայց այն գործերը, որոնցում կա իշխանական շահ, պատրանք է մտածել, որ կարող են լուծվել անկախ: Այս հարցերում դատավորների մոտ անգամ ինքնագրաքննության մեխանիզմն է գործում:
- Ինչպե՞ս են պաշտպանված մարտի 1-ի գործով կալանավորված մարդկանց իրավունքները:
- Ես մարտիմեկյան դեպքերի հետ կապված կալանավորվածներից ոչ մեկի պաշտպանությամբ չեմ զբաղվում, այդ պատճառով կարող եմ լինել անկողմնակալ: Ես չեմ ուզում նաեւ քննարկել` արդյոք ճի՞շտ էր նրանցից յուրաքանչյուրին կալանավորելը, թե` ոչ: Սակայն, այն ընթացակարգը, որով նրանց կալանավորել են, լուրջ խախտումներով է եղել, եւ այդ մարդկանց իրավունքները կոպտորեն խախտվել են: Եթե ուսումնասիրենք մարդկանց կալանավորելու դատարանների որոշումները, ապա կնկատենք, որ դրանցում փոփոխված են միայն անուն-ազգանունները, իսկ որոշումները մեկը մյուսից չեն տարբերվում, անգամ տառասխալներն են նույնը: Սա նշանակում է, որ ոչ մեկի դեպքն անհատապես չի քննարկվել, եւ կալանավորելու բոլոր որոշումները մեկը մյուսից պատճենահանված են: Այս դեպքերում, արդեն իսկ, ակնհայտ դարձավ մեր դատական համակարգի ծայրահեղ կախվածությունը գործադիր իշխանությունից: Փաստորեն, ստացվում է, որ մեր երկրում կա իշխանության մեկ` գործադիր ճյուղ, որովհետեւ գործադիր իշխանությունից եկած ամեն մի օրենքի նախագիծ դառնում է օրենք, եւ վերեւից եկած ամեն մի հրահանգ դատարանի համար ունի ավելի բարձր ուժ, քան ցանկացած օրենք:
- Այս դեպքում, նշանակու՞մ է, արդյոք, որ փաստաբանը դառնում է կանխավ մտածված սցենարի մասնակից:
- Կան գործեր, որոնք հենց սկզբից կարելի է համարել անհույս, բայց անգամ ամենաանհույս գործերում կարելի է ինչ-որ արդյունքի հասնել: Հենց այս կալանավորման գործերում դատարանները գիտեին, որ պետք է կալանավորման համապատասխան որոշում կայացնեն եւ, կարծես թե, հնարավոր չէր այստեղ ինչ-որ բան անել: Բայց որոշ դեպքերում, որտեղ փաստաբանները լուրջ մոտեցում են դրսեւորել, ստեղծվել են նախադրյալներ Եվրոպական դատարան դիմելու համար: Իսկ այն փաստաբանները, որոնք ի սկզբանե հուսալքված են եղել, պաշտպանելու հետագա հնարավորությունները բաց են թողել:
- Ի՞նչ հայցերով են ՀՀ քաղաքացիները դիմում Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
- Հայաստանից ամենաշատ դիմումները կապված են արդար դատաքննության, իրավունքի խախտման, անօրինական կալանավորման, բռնությունների արգելման եւ սեփականության իրավունքի պաշտպանության դեպքերին: Համենայն դեպս, ինձ հայտնի դիմումների մեջ նշված հարցերի վերաբերյալ հայտերը մեծամասնություն են կազմում: Եվրոպական դատարանի արդարադատությանը դիմում են այն մարդիկ, որոնք արդեն սպառել են իրենց իրավունքների պաշտպանության բոլոր ներպետական մեխանիզմները: Ես մի քանի անգամ լսել եմ ՀՀ Արդարադատության նախարարությունից հայտարարություններ այն մասին, որ Հայաստանից Եվրոպական դատարան դիմողների քանակը շատ ավելի քիչ է, քան մյուս ԱՊՀ երկրներից: Սակայն, կարծում եմ, խնդիրն այն է, որ Եվրոպական դատարան դիմում է շատ չնչին մասն այն մարդկանցից, ովքեր կարող են դիմել: Իմ պատկերացմամբ` հարյուրից մեկն է դիմում: Չեմ կարող հստակ պատճառներ նշել, թե ինչո՞ւ, բայց ենթադրում եմ, որ թերահավատ են, կամ հենց այստեղ նրանց ներշնչում են, որ, միեւնույն է, իրենց հարցով նույնիսկ այնտեղ ոչինչ չի արվի: Ասեմ նաեւ, որ Եվրադատարան դիմելու ֆինանսական ծախսերն այնքան ծանր չեն, ինչպես հաճախ պատկերացվում է: Եթե մարդը դիմումն ուղարկում է առանց փաստաբանի օգնության, ապա նրանից պահանջվում է հոգալ միայն փոստային ծառայության ծախսը: Ես գիտեմ դեպք, երբ հայցվորը գործը շահել է առանց փաստաբանի օգնության: Իսկ երբ դիմումն արդեն համարվում է ընդունված, եվրոպական դատարանը դիմող կողմին առաջարկում է տեղեկատվություն ներկայացնել նրա սեփականության վերաբերյալ: Եթե դիմողի գույքային դրությունը, Եվրադատարանի կարծիքով, բավարար չէ, ապա այդ կառույցն առաջարկում է ինքնուրույն հոգալ փաստաբանի վճարը: Ես չեմ համաձայնվում այն կարծիքի հետ, որ Եվրոպական դատարան դիմելը թանկ հաճույք է:
- Ինչպե՞ս է ՀՀ-ն ապահովում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը:
- Հայաստանում Եվրոպական դատարանի վճիռների կատարումը մեխանիկական բնույթ է կրում: Վճիռ կատարողներին թվում է, որ եթե վճարվել է սահմանված տուգանքը, եւ վճիռը թարգմանվել է հայերեն ու հրապարակվել, ապա այլեւս պահանջ չկա: Բայց Եվրոպական դատարանի վճռի իմաստն այն է, որ պետք է վերականգնվեն դիմողի խախտված իրավունքները: Այսինքն` դիմողի հետ կապված դրությունը հնարավորինս պետք է բերվի այն վիճակին, որը գոյություն ուներ նախքան նրա իրավունքի խախտումը: Այստեղ Եվրոպական դատարանի վճռի կատարման պատկերացումները դեռեւս ամբողջական չեն: Եթե մտածել, որ սա արվում է չհասկանալով, ապա մենք բազմիցս դիմել ենք հստակ պահանջներով, եւ անգամ չհասկացողն էլ պետք է որ հասկանար:
Մեկնաբանել