Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ մենք չունենք արտգործնախարարություն
«Եթե Վրաստանը, Ամերիկայի հետ համաձայնագիր կնքելով, ապահովում է իր անվտանգությունը, Ադրբեջանը, Թուրքիայի հետ համաձայնագիր կնքելով, ապահովում է իր անվտանգությունը, ապա բնական է, որ Հայաստանն էլ ռուսների հետ պետք է կնքի նման պայմանագիր և ապահովի իր անվտանգությունը»,- այսօր ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազաների մասին պայմանագրի` 49 տարով երկարաձգմանը:
Մինչդեռ ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայ-ռուսական այս պայմանագիրը դիտարկում է մի տեսանկյունից, որին է` Ռուսաստանի շահերի և հետաքրքրությունների դաշտի շարունակական ամրապնդումը: «Ռուսաստանը հավակնում է լինել գերտերություն և հետևողականորեն իրականացնում է բոլոր քայլերը, որոնք կապահովեն իր անվտանգությունը և քաղաքական շահերի դաշտի ընդլայնումը»,- ասում է Լարիսա Ալավերդյանը:
«Ժառանգության» պատգամավորը կարծում է, որ նորանկախ Հայաստանը որևէ ինքնուրույն քայլ չի արել, նախաձեռնողականություն հանդես չի բերել` չնայած ունի հնարավորություն, այլ միշտ հետևել է ռուսական քաղաքականությանը: ՀՀԿ-ական պատգամավորն էլ հակադարձում է, որ հայ-թուրքական արձանագրությունները հենց հայկական կողմի նախաձեռնությունն էին:
Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ մենք չունենք արտգործնախարարություն, այլ ունենք արտաքին հարաբերությունների ինչ-որ ծառայություն: Նրա խոսքերով` մենք քաղաքականություն չենք մշակել և չունենք հայեցակարգ: Ռաֆիկ Պետրոսյանն էլ նշում է, որ մենք ունենք նախագահի կողմից հաստատված ռազմավարություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել