HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Մաթևոսյան

Հեղափոխություն

Երբեմն ենթագիտակցականի խորքերում թաքնված արատավոր մի միտք ակամա գալիս կանգնում է ճշմարտության կոկորդին ու, բարձրաձայնվելով, գցում է մարդկանց թյուրիմացության մեջ: Գուցե նման թյուր խոսք էր նախկինում իմ հնչեցրած այն միտքը, թե Հայաստանում այլևս ոչ բռնի պայքարի միջոցով հնարավոր չի վերականգնել սահմանադրական կարգը:

Անարձագանք մնացած այդ խոսքը, եւ ես չեմ ուզում կրկնել նորից: Այլ հիմքում ունենալով նախորդ ասվածը՝ ընդսմին, ուզում եմ բացառել նաև Հայաստանում հեղափոխությունը, քանզի հայերը ինքնուրույն հեղափոխություն անելու պատմական ոչ մի նախադեպ չունեն: 

Եթե ճշմարտանման հնչեց ու ընդունելի է վերջին լրացումը, ապա, անշուշտ, մենք կանգնած ենք փակուղի տանող պարադոքսի առաջ: Փակուղին, որի առջև դնում է ինձ իմ միտքը, երբեմն պարզվում է՝ շատ նեղ անձնական է և, դատելով ֆորումի մասնակիցների արձագանքներից, հավաքականությանը այն ոչ մի կերպ չի առնչվում: Այսինքն՝ հայաստանաբնակ հայը հաշտվել է կարծես թե ցմահ հաստատված այն կանոնի հետ, որ իր ապրած երկրում իր ձայնն անարժեք է, և որ հանրային կյանքն ընթանալու է մարդկային մի փոքրիկ խմբի կամքով ու նրա թելադրմամբ: 

Ես նկատել եմ, որ մենք ավելի շատ հակված ենք հարմարվելուն, քան չհարմարվելուն, որ «ճկուն մտածելակերպով» մարդկանցից կազմված համախումբը միշտ իրավիճակային խոչընդոտները խորամանկ հնարքներով հաղթահարելու հնարք է փնտրում, և որ միայն մեկի կամքով չշարժվող, մեկի ճնշմանը չենթարկվող, ստորացման ու անարդարության դեմ ըմբոստացող էություններից կազմված հավաքականությունն է հակված կտրուկ ու ռադիկալ քայլերի: 

«Ճկուն մտածողությունը», իմ կարծիքով, անազնիվ լուծումներ գտնելու մտավոր փնտրտուքն է վերջին հաշվով, ու երբ որպես գովեստ հնչեցնում են, թե «այսինչը ճկուն միտք ունի», ապա անմիջապես այդ մարդու կերպարն ինձ մոտ զուգորդվում է խաբեբայի հետ: Անշուշտ, դարերով պետականություն չունեցած ազգը ձեռք է բերում նման մտածողություն: Ռուսական էմիգրացիան ինձ սովորեցրեց ավելի ուշադիր զննել հարաբերություններն ու մարդկանց: Հայ, ադրբեջանցի, ուզբեկ, ղրղզ, իննսունվեց ազգ ու ազգություն անմռունչ ապրում էր ռուս սերժանտի կրունկի տակ: Եվ այդ հարմարվողականությունն է, որ օտարազգի մարդուն տանում է ձուլման: Մարդու նման ամորֆ վիճակն է, որ թույլ է տալիս նրան մերվել միջավայրին՝ իր հագ ու կապով, կենցաղով, կացութաձևով... ժամանակի հետ էլ՝ մտածողությամբ: Ռուսական փորձը եզակի չէ: Այն ամենուր է: Օտարահպատակ մարդու բնավորության եզրերը կոշտ չեն: Օտարահպատակ մարդը ամեն ինչ կանի, բացի խռովությունից: Դարերով օտարահպատակ ապրած ազգը հեղափոխական լինել չի կարող: Ես կարծում եմ, որ հեղափոխականությունն առաջին հերթին նախատեսում է նախկինում ապրած ազատ վիճակ: Պարադոքսալ, գուցե անհեթեթ ու ոչ գիտական մի մտքի վրա պիտի կառուցեմ հետագա ասելիքս: 

Քիչ թե շատ սոցիալական հավասարության պայմաններում է հասունանում հեղափոխությունը: Տարօրինակ կարող է հնչել «սոցիալական հավասարությունը որպես հեղափոխության անհրաժեշտ պայման» ասացվածքը: Կարծես թե ես իմ տգիտությամբ առաջին հայացքից հերքում եմ մարքսիզմ-լենինզմի ողջ տեսությունը: Սակայն, փորձը ցույց է տալիս, որ հաջողություն ունենում է սոցիալապես իրար մոտ կանգնած մարդկանց գործողությունը: Հիերարխիկ շարժումը պառակտվում է ճանապարհին: Դժվարությունը միավորում է հավասարներին և հակառակը` այն քանդում է հիերարխիան: Խորհրդային հայությունը մի մարդու պես ոտքի կանգնեց ազգային խտրականության դեմ: Գնաց առաջ ու հաղթանակեց: Երբ իշխանության եկավ տեղական հարստահարողը, անհավասարության որդը սկսեց քայքայել հանրային օրգանիզմը: Նորաբարձ պալատների պարսպապատերի տակ իր մահկանացուն կնքեց ազգային զարթոնքը: Ազգը մղվեց վաղ միջնադար: Քսան տարիների ազատությունը ծնեց հուսահատ ու աշխարհաթափառ մի զանգված: Ես պատկերացնում եմ, թե ինչ եռանդով ետ կգնար Հիմնադիր նախագահը այդ քսան տարիները ու ինչ մի այլ որակով կանցներ այդ տարիների միջով: 2008-ի փետրվարյան համաժողովրդական ընդվզման օրերին ի՜նչ անձկությամբ նա հնչեցրեց հեղափոխություն բառը: 

Խորհրդային սերունդը հասունացել էր նոր համակարգ ստեղծելու համար, և ութսունականների վերջի շարժումն առաջ քաշեց իր տեսակի մարդուն ու առաջնորդվեց իր իսկ ծնած ազատ մարդու տեսակով: Սոցիալապես համարյա հավասար ապրող հանրությունը քանդեց հենասյուներն ու գնաց ավելի բարձր ազատության որոնման ճանապարհով: Իսկ 2008-ի փետրվարյան շարժումը հավասարների շարժում չէր: Եվ մենք անցանք ոչ թե ձախողված բուրժուադեմոկրատական հեղափոխության միջով, այլ ի բնե ձախողված ձեռնարկի միջով: 

Բուրժուադեմոկրատական հարաբերությունների սուտը խորհրդային մարդը բացահայտել է իր ապրած նորանկախ տարիներին: Նա ազատության այլ աստիճան է փնտրում: Նորանկախ տարիներին ապրած մեր իրական անկումն ավելի խորն է, քան դրա գնահատականը տալիս է շարժման առաջնորդը: 2008-ի փետրվարը 1996 թվականի տիպիկ կրկնությունն էր՝ այլ առաջնորդներով: Մենք տեղապտույտի մեջ ենք: Այս դադարը անհրաժեշտ էր ու բնական: Ազգային առաջընթացով շահագրգիռ չէ ունևորը, և նա արմատական կերպով չի փոխի իր մոտեցումը ունեցվածքի նկատմամբ: Նա պիտի ձեռք բերի ազատության մի նոր աստիճան: Ազատության այդ նոր աստիճանի հասած հարուստի տեսակն է, որ կարող է ծառայել որպես շարժիչ: 

Փետրվարյան վրանային քաղաքի բրեզենտե տանիքի տակ ծնվել է ազատ մարդը: Նրանց առաջնորդներն են անազատ: Պարզվում է՝ ոչ միայն կապիտալն է ապազգային, այլ նաև այդ կապիտալի տեր կապիտալիստը: Եվ լինելով ապազգային՝ նա երբեք հանուն հավաքականության չի հրաժարվի իր ունեցածից:   
Սոցիալական արդարությունը, եթե դառնա ունևորի օրգանական պահանջմունք, և եթե ընդդիմադիր էլիտան տրամադրվի ինքն իր նկատմամբ հեղափոխականորեն, ապա դա բարձրացված հանրային հնչեղության նոր կդառնա: 
Հեղափոխություն:   

Ինչի բացառումը տալիս է քրիստոնյա ժողովուրրդների համար ամենակարևոր գիրքը` Նոր Կտակարանը: Տեղայնացնելով Հիսուսի խոսքը հարուստի ու դրախտի մասին՝ այդ հերքումը հնչում է այսպես. «Ավելի շուտ ուղտը կանցնի ասեղի անցքով, քան հարուստը հանուն հանրային առաջընթացի կհրաժարվի իր հարստությունից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter