HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սպեղանի» երգչախումբը Պետերբուրգից վերադարձավ մեծ նվաճումներով

Հայաստանի «Սպեղանի» երիտասարդական երգչախումբն օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած Յուրի Ֆալիկի անվ. միջազգային խմբերգային հեղինակավոր մրցույթ-փառատոնում տոնել է փայլուն հաղթանակներ: Միջազգային խմբերգային մրցույթ-փառատոնին մասնակցում էր շուրջ 23 երկրից ժամանած ավելի քան 40 երգչախումբ, որոնց շարքում «Սպեղանին» արժանացել է հետևյալ մրցանակներին. «Հոգևոր երաժշտություն» և «Ազգային երաժշտություն» անվանակարգերում երգչախումբն արժանացել է առաջին մրցանակի: «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում արժանացել է ժյուրիի սահմանած հատուկ մրցանակի` «Մրցույթի պարտադիր ստեղծագործության լավագույն կատարման համար»: Մրցույթ-փառատոնի շրջանակում «Սպեղանի» երգչախմբի բարձրարվեստ, ինքնատիպ մեկնաբանմամբ Սանկտ Պետերբուրգի լավագույն բեմերից հնչել են հայ և ռուս կոմպոզիտորների հանրահայտ խմբերգերը` կենդանի, թատերականացված կատարումներով: Սանկտ Պետերբուրգի միջազգային խմբերգային հեղինակավոր մրցույթ-փառատոնում «Սպեղանու» մասնակցությանն աջակցել է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Սպեղանի» երգչախումբը հիմնադրվել է 1996 թ. երաժշտագետ և մանկավարժ Սարինա Ավթանդիլյանի ջանքերով, ով նաև երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու խմբավարն է: Երգչախումբը ստեղծվել է ի հիշատակ Արցախի ազատագրական պատերազմի նահատակների: Երգչախմբի երգացանկում ընդգրկված են տարբեր դարաշրջանների և ազգերի խմբերգային ստեղծագործությունների ընտրանի: «Սպեղանիի» ամենամեծ նվաճումը Կոմիտասի մշակմամբ Սուրբ Պատարագի ձայնագրումն է՝ քահանայի և սարկավագի երգամասերով: Այն արժանացել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությանը: ՀՀ Մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի պատվիրակության այցի առիթով ՀՀ-ում Կանադայի հյուպատոսությունը սեպտեմբերի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպում է խմբերգային երաժշտության երեկո` «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter