
Որպես կանոն, Հայաստանում հարկերը վճարելուց խուսափում են հիմնականում խոշոր գործարարներն ու պաշտոնյաները: Հայտնի է, որ մի շարք ճանաչված գործարարներ այդ առումով արտոնյալ կարգավիճակ ունեն: Վերջերս արտոնյալների ցուցակում է հայտնվել նաև «Դվին կոնցեռնը»:
Այս ընկերությունը պետությանը պարտք է ավելի քան 600 մլն դրամ: Նշենք, որ «Դվին կոնցեռնին» է պատկանում Հայաստանում ազոտական պարարտանյութի (սելիտրա) ներկրման մենաշնորհը, որն իրականացվում է «Ազոտինվեստ» ընկերության միջոցով:
Բացի այդ, ընկերության սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեծ «ներդրում» է ունեցել մայրաքաղաքի շատ տարածքների օտարման գործընթացում: Բազմաթիվ բնակելի շենքեր, մասնավորապես Պուշկինի փողոցում գտնվող մի քանի շենքերի և Տերյան 11, 13 բազմահարկերի նախկին սեփականատերերը վտարվել են հենց Ռաֆիկ Սարգսյանի ձեռքով:
Այսօր այդ տարածքներում գրասենյակային տարածքների, խանութների, հասարակական սննդի օբյեկտների, ինչպես նա էլիտար բնակարանների շինարարություն է ընթանում: Ընդ որում` ինչպես հավաստիացնում են բնակիչները, Ռ. Սարգսյանը բնակարանների համար վճարել է շուկայականից անհամեմատ էժան գին, իսկ գնահատումն էլ իրականացվել է իբրև թե անկախ, բայց իրականում նույն հոլդինգին պատկանող անշարժ գույքի և շինարարական ընկերության` «ՌԳՄ գրուպի» կողմից:
Նշենք, որ ըստ ՀՀ ՊԵԿ տվյալների, «Դվին կոնցեռնի» պարտքը նախորդ տարեվերջի դրությամբ կազմում է մոտ 289 մլն դրամ: Թե որքանով է ավելացրել իր պարտքը Ռաֆիկ Սարգսյանը, ՊԵԿ-ից խոստացան տեղեկացնել այսօր: Ի դեպ, ըստ թերթի տեղեկությունների, Ռ. Սարգսյանը պատրաստվում է անդամագրվել «Օրինաց երկիր» կուսակցությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել